«Բավական բարդ ու կոնֆլիկտային մարդ եմ». Հռիփսիմե Սարգսյանը՝ «Շիրազի Վարդը» սերիալի իր կերպարի, իրական ընտանիքի ու Օլյայի հետ հարաբերությունների մասին

15:05   25 մարտի, 2020

Փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր նախագիծ հետաքրքիր են դարձնում ոչ միայն արդեն սիրված ու հայտնի, այլեւ նոր դեմքերը, որոնք թարմություն են հաղորդում հեռուստաեթերին: «Շիրազի Վարդը» հեռուստասերիալն այդ առումով բացառություն չէ: Այստեղ հեռուստադիտողը տեսնում է մեկը մյուսից տարբերվող կերպարների եւ դեմքերի, որոնց հերոսները ստիպում են, որ ցանկանա ավելին իմանալ նրանց մարմնավորող դերասանների մասին:

Երիտասարդ դերասանուհի Հռիփսիմե Սարգսյանին (Instagram-ում առավել հայտնի՝ որպես Ռիռի), հեռուստադիտողը ծանոթ է «Մոր խոստումը» սերիալից: «Շիրազի Վարդը» հեռուստասերիալում Հռիփսիմեն ներկայանում է բոլորովին նոր կերպարով: Նա մարմնավորում է Շողերին՝ հարուստ եւ ոճային աղջկա, որը, սակայն, կոնֆլիկտային հարաբերություններ ունի մոր հետ (կերպարին մարմնավորում է Օլյա Հակոբյանը), ինչի պատճառով էլ աղջկա թվացյալ անհոգ կյանքը բավական բարդ երանգներ է ստանում:

NEWS.am STYLE-ը Հռիփսիմեի հետ զրուցել է իր կերպարի, Օլյա Հակոբյանի հետ իրական հարաբերությունների, ընտանիքի, կրթության եւ ձգտումների մասին:

Հռիփսիմե, երբ ստացար «Շիրազի Վարդը» սերիալում նկարահանվելու առաջարկը, քեզ առաջնահերթ ինչո՞վ այն հետաքրքրեց՝ քո կերպարային գծով, թե՞ սցենարով:

Թերեւս, ե՛ւ յուրատեսակ, չկրկնվող սցենարով, ե՛ւ բազմաշերտ, գունավոր կերպարով: Մեր ֆիլմի սցենարն, անխոս, յուրատեսակ է եւ կոտրում է բազմաթիվ արմատացած սերիալային կարծրատիպեր: Այն չի արծարծում 17-րդ դարի կոնֆլիկտներ՝ հիվանդագին պատվախնդրության (հիմնականում հայրերի թշնամանք, որի պատճառը վաղուց մոռացվել է) եւ անձնական շահերի բախում (սեր, ընկերություն), որտեղ կան գործառույթ չունեցող պասիվ սիրահարների կերպարներ, որոնք միայն տառապում են անելանելի իրավիճակերում, չունեն անհատականություն եւ ուժ՝ ընտրություն կատարելու համար, եւ չունի ելքեր, որ այսօրվա առաջադեմ երիտասարդի համար չափից դուրս «արխայիկ են», ու այդպիսով ծիծաղելի են դառնում: Այստեղ չկան հեքիաթի հերոսներ՝ բացարձակ բարի ու բացարձակ չար. բոլոր կերպարները կենդանի մարդիկ են, որոնց մեջ «ճիշտն ու սխալը», «լավն ու վատը» գոյություն ունեն կողք կողքի: Սա արդիական, գեղեցիկ պատմություն է, որը ցույց է տալիս առողջ նվիրում արմատներին, սեր ընտանիքի հանդեպ, որի գլխավոր հարցականն է մնա՞լ հավատարիմ ազգային լեզվամտածողությանը, ազգային ժառանգությանը, թե ՞տրվել սեփական զգացմունքներին, ցանկություններին: Սա երկու քաղաքակրթությունների, կրոնների, բարքերի ու մշակույթների հարուստ ու գեղեցիկ պատմություն է: Իսկ կերպարս բազմաթիվ շերտեր ունի, բարձր դիապազոն. ե՛ւ խարակտերային է, ե՛ւ ունի ընդգծված դրամատիզմ: Դերասանուհու համար ինքնադրսեւորման լավագույն հնարավորությունն է:

Հերոսուհիդ՝ Շողերը, թեեւ հարուստ է, բայց բարդ ընտանիքում է մեծացել, ինչի պատճառով շատ անհաշտություններ ունի. հատկապես, այդ կոնֆիկտային տեսարանները խաղալիս ի՞նչն է օգնում, որ մտնես դերի մեջ՝ իրական կյանքից ինչ-որ պատմություններ կամ նման դրվագներ լինո՞ւմ են

Իհարկե, կյանքը երբեք ուղիղ գիծ չէ, ես էլ, ինչ մեղքս թաքցնեմ, բավական բարդ ու կոնֆլիկտային մարդ եմ:

Չնայած ապրում եմ հայկական խիստ ընտանիքում, որը բավական մեծ է ՝ հայրս, մայրս, մեծ եղբայրս, տատիկս, պապիկս, թեեւ ընտանիքիս անդամներին սիրում եմ հոգուցս շատ ու անտանելի կապված եմ (հաճախ կատակում եմ, որ այդ կապվածության պատճառով երբեք չեմ ամուսնանանալու), նաեւ արտիստ եմ ու խելառ անհատականություն: Բարդ է: Բախտս բերել է՝ հրաշք ընտանիք ունեմ, որն ընդունում է ուժեղ տեսակս, ինձ երբեք չի խանգարում ինքնադրսեւորվել, լիարյուն ապրել, ազատ ստեղծագործել եւ չի ստիպում մտածել այնպես, ինչպես մեր հարեւանները: Ես էլ ի պատասխան փորձում եմ զիջող լինել: Հարգանքը կարեւոր է շատ: Երջանիկ մարդ եմ: Պաշտում եմ ընտանիքս:

Սերիալում քո մայրիկի դերում Օլյա Հակոբյանն է, որի հետ կերպարային հարաբերություններն անհաշտ են. հեռուստադիտողը հաճախ սկսում է նույնացնել դերասանների իրական հարաբերությունները նրանց սերիալային կերպարների հարաբերությունների հետ: Դրա համար կխնդրեի, որ պարզաբանեիր՝ ինչ հարաբերությունների մեջ եք Օլյայի հետ: Հասցրե՞լ եք մտերմանալ:

Այո: Մեր ժողովուրդը մի օր պիտի սովորի արտիստին տարբերել «սովորական մարդուց» եւ վերջինիս կերպարը չնույնացնել նրա կյանքի հետ. սա սարսափելի հին ընկալում է:

Օլյան հրաշալի կին է ու մայր, ես անընդմեջ հիանում եմ նրանով ու սովորում նրանից, մեկ էլ իմ «իսկական» մորից, (Լուսինե է հրաշքիս անունը): Ծաղկի խանութ մտնելիս մի ծաղկեփունջ մորս համար եմ գնում, մեկն էլ՝ Օլյայի: Երկուսին էլ «խանդում եմ» (ծիծաղում է):

Հերոսուհուդ հետ ի՞նչ նմանություններ ունես:

Երեւի՝ շատ էմոցիոնալ լինելը, խնդիրները լուծելը, ոչ թե գիտակցական մակարդակի վրա, այլ էմոցիոնալ, ինչը սխալ է:

Շողերը բավական ոճային աղջիկ է. ինչպե՞ս է ստեղծվում նրա ոճը: Ի՞նքդ ես զբաղվում կերպարովդ:

Ես եմ զգաղվում կերպարիս ոճով, բայց այնքան, որքան թույլ է տալիս մեր նկարչուհին: Իհարկե, կյանքում ավելի էպոտաժային ու համարձակ եմ հագնվում: Սիրում եմ նորաձեւության աշխարհը ու ոգեշնչվում գեղեցիկ զգեստներից:

Հռիփսիմե, նկարահանվել ես նաեւ «Մոր խոստումը» սերիալում. ինքդ քո մեջ դերասանական աճ զգացե՞լ ես մի նախագծից մյուսին անցնելու ընթացքում:

Իհարկե: Փորձը դերասանի համար շա՜տ կարեւոր է, բայց այս կերպարն ավելի եմ սիրում:

Մասնագիտությամբ հենց դերասանուհի՞ ես:

Մասնագիտությամբ թատրոնի ռեժիսոր եմ: Ավարտել եմ ԵԹԿՊԻ-ն՝ Հրաչյա Գասպարյանի արվեստանոցը: Սովորել եմ գերազանց: Կարծում եմ՝ հետագայում՝ որոշ ժամանակ անց, կսկսեմ բեմադրել ներկայացումներ՝ ոչ կոմերցիոն բնույթի: Ինձ շատ է հետաքրքրում պոստմոդեռնիստական թատրոնը:

Ինչպե՞ս որոշեցիր, որ հենց դերասանուհի ես ուզում դառնալ: Ո՞վ ոգեշնչեց այդ որոշումն ընդունելու հարցում:

Չգիտեմ: Եթե ինչ-որ դերասան կարողանա այդ հարցին պատասխանել, ես կխոնարհվեմ: Դա անբացատրելի է: Դու պարզապես արտիստ ես ու զգում ես դա ամբողջ հոգով:

Ամեն մի նոր սերիայի եթեր դուրս գալուց հետո ամենից շատ ո՞ւմ արձագանքին, խորհուրդին կամ դիտարկմանն ես սպասում:

Ճիշտն ասած՝ ինձ արարման պրոցեսն ավելի է հետաքրքրում: Շատ հաճախ չեմ էլ նայում սերիաները, որովհետեւ ծայրահեղ ինքնաքննադատ եմ ու միշտ դժգոհ եմ ինձնից :

Կա՞ն կոնկրետ հայ ռեժիսորներ, որոնց հետ մեծ ցանկություն կա աշխատելու:

Բոլորի հետ էլ հաճույքով կաշխատեմ: Ամեն նախագիծ մի նոր դպրոց է, ամեն ռեժիսոր՝ նոր ուսուցիչ:

Հիմա շատ տարածված է նաեւ սիթքոմային ֆորմատը, շատ երիտասարդ դերասաններ հենց նման նախագծերում են նկարահանվում: Քեզ հումորային ժանրում տեսնո՞ւմ ես:

Հաճույքով կաշխատեմ: Ես տեսնում եմ, մնում է՝ սիթքոմերի ռեժիսորները տեսնեն:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Հռիփսիմե Սարգսյանի անձնական արխիվից



© NEWS.am STYLE