19:25 9 օգոստոսի, 2013Դիզայներական տան նոր խանութի բացումն ապրանքանիշի պատմության մեջ նշանակալի իրադարձություն է համարվում: Դրա համար հսկայական քանակությամբ միջոցներ են ծախսվում: Դիզայներների խոսքով, նոր խանութը չպետք է միայն համապատասխանի դիզայներական լուծումների չափանիշների, այլեւ ինչ-որ անկրկնելի եւ յուրօրինակ բան ունենա:
NEWS.am STYLE-ը ներկայացնում է այս տարի բացվող նոր շքեղ խանութների հնգյակը:



Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ
Valentino-ի հինգ հարկանի խանութը դռներն է բացելու այս տարվա սեպտեմբերին: Մոդեռն ոճով կառուցված այս շքեղ շինությունը գտնվում է 105 Grant Avenue հասցեում: Ի դեպ, ավելի ուշ Valentino-ի հարեւանությամբ բացվելու են McQueen-ի եւ Christian Louboutin-ի բրենդային խանութները: Լուրեր են պտտվում, որ նորաձեւության վարպետներին միանալու է նաեւ Վիկտորիա Բեքհեմը՝ իր առաջին պաշտոնական բրենդային խանութով:


Շանհայ, Չինաստան
Այս սեպտեմբերին նախանշված է եւս մեկ բացում: Այս անգամ կարմիր ժապավեն են կտրելու Ասիական մայրցամաքում: Սեպտեմբերի 12-ին Չինաստանի խոշորագույն քաղաքի Nanjing West Road-ում բացվելու է բազմաբրենդային 10 Corso Como խանութը՝ 8.200 ք.մ. մակերեսով: Այստեղ ներկայացված են լինելու Marni, Alaia, Givenchy եւ շատ այլ ապրանքանիշեր: Հսկայական խանութում ներկայացվելու են նաեւ կահույք եւ ինտերիերի այլ առարկաներ:


Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Հոկտեմբերին Լոնդոնի կենտրոնում՝ St. Pancras International կայարանի մոտ, բացվելու է Fortnum&Mason խանութը: Ապագա խանութի տարածքում տեղակայվելու է դրամարկղը, որտեղ ժամանակին գնացքի տոմսեր են վաճառվել: Յուրօրինակ աղյուսաշար շինությունն ամբողջությամբ համապատասխանում է հին Լոնդոնի ոգուն:




Օքլենդ, Նոր Զելանդիա
Վերջին շրջանում Նոր Զելանդիան ակտիվորեն փորձում է հասնել նորաձեւության համաշխարհային մայրաքաղաքներին: 2014 թվականի երկրորդ կեսին Օքլենդում նախատեսում են Christian Dior-ի եւ Prada-ի խանութներ բացել: Առաջինի ընդհանուր մակերեսը 300 ք.մ. է լինելու, երկրորդինը՝ 120 ք.մ.:


Փարիզ, Ֆրանսիա
Աշխարհի ամենառոմանտիկ քաղաքում սեպտեմբերի վերջին բացվելու է այս տարվա հինգերորդ ամենանշանակալից խանութը՝ Giambattista Valli-ն: Այստեղ են ներկայացվելու են ապրանքանիշի աքսեսուարները. պայուսակ, դրամապանակ, գոտի, կոշիկ, գրիչ եւ այլ զարդեր: Դրանց թվում են Valli պայուսակների նոր տարբերակը եւ հագուստի որոշ պարագաներ:
Գրիգոր Ավետիսյան