Սեզոնի ամենավառ շուրթերը

18:42   11 օգոստոսի, 2013

Գարուն-ամառ 2013 սեզոնին շարունակում են արդիական մնալ վառ շուրթերը: Վառ շրթներկը համարվում է այս ամռան իսկական հիթը: Բացի նրանից, որ այդ շրթներկը համարձակ եւ սեքսուալ է, այն տիկնանց նաեւ անկրկնելի կանացիություն եւ շքեղություն է հաղորդում:

Այս սեզոնի ամենաթրենդային գույնը համարվում է ալ կարմիր երանգներով շրթներկը: Ընդհանրապես այս գույնն օգտագործվել է մի շարք հայտնի նորաձեւության տների կողմից (Prada, Giles, Burberry Prorsum): Այն հրաշալի է դիտվում ինչպես գունատ, այնպես էլ թուխ, արեւահարված մաշկի պարագայում:

Նորաձեւության ցուցադրություններում տարածված էր նաեւ մուգ մանուշակագույն շրթներկը. այս սեզոնի եւս մեկ միտում:

Նարնջագույն եւ մարջանագույն շրթներկերը սազում են խաժ աչքերով եւ շագանակագույն վարսերով աղջիկներին: Այս շրթներկի դեպքում աչքերի դիմահարդարումը պետք է լինի հնարավորինս բնական եւ պարզ, քանի որ վառ շրթներկն արդեն ուշադրություն է սեւեռում դեմքին:

Մոնրոյի ոճով վառ կարմիր դասական շրթներկը, կարծես, չի պատրաստվում տեղը զիջել այլ գույներին: Արդեն մի քանի տասնամյակ այնպիսի նորաձեւության տներ, ինչպիսիք են Valentino-ն, D&G-ն եւ Armani-ն, շարունակում են հավատարիմ մնալ այս գույնին: Վառ կարմիրը սազում է ինչպես շիկահերներին, այնպես էլ թխահերներին: Սակայն մի մոռացեք, որ վառ կարմիր շրթներկն ունակ է ընդգծել մաշկի թերությունները, այդ պատճառով դրանք պետք է խնամքով թաքցնել:

Եվ վերջին միտումն անփայլ շրթներկերն են: Դրանք նախընտրել են Victoria Beckham, Stella McCartney եւ Erdem նորաձեւության տները: Նման շրթներկով ցանկացած աղջիկ հեքիաթային տեսք ունի: Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ անփայլ շրթներկերը մեկ թերություն ունեն. դրանք տեսողականորեն նեղացնում են շուրթերը: Այդ պատճառով nude շրթներկ ընտրելիս մի մոռացեք ընդգծել դեմքի այլ հատվածներ, օրինակ՝ աչքերը:

Գրիգոր Ավետիսյան



© NEWS.am STYLE