Ռուսական «Ну-ка, все вместе!»-ի մասնակից` 19-ամյա Անգելինա Առուստամյանը՝ մրցույթում իր հաջողության եւ Սերգեյ Լազարեւի գնահատականի մասին (ֆոտո/վիդեո)

15:05   30 մարտի, 2020

Ռուսական «Россия1» հեռուստաալիքով հեռարձակվող «Ну-ка, все вместе!» մրցույթը հայ մասնակիցների պակաս չունի: Ընդ որում, մեր հայրենակիցները ոչ միայն պարզապես մասնակցում են, այլեւ զգալի հաջողություններ գրանցում նախագծում: Օրերս նախագծի շրջանակում իր երկրորդ հաջող ելույթն ունեցավ 19-ամյա Անգելինա Առուստամյանը, որը ժյուրիի 100-անդամներից ստացավ 89 միավոր՝ հայտնվելով տվյալ օրվա լավագույն եռյակում:

NEWS.am STYLE-ը զրուցել է Անգելինայի հետ եւ պարզել մրցույթից ստացած տպավորություններն ու զգացողությունները:

Անգելինան ծնվել եւ մեծացել է Կրասնոդար քաղաքում: Մեկ տարի առաջ ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա, որտեղ ընդունվել է երաժշտական ակադեմիա՝ մասնագիտանալով էստրադային-ջազային վոկալ բաժնում: Այժմ աղջիկը երկրորդ կուրսի ուսանողուհի է:

«Երգել սկսել եմ 3 տարեկանից: Շատ էի ցանկանում բեմ բարձրանալ, եւ տատիկիս խնդրեցի, որ ինձ տանի վոկալի դասընթացների:  3-6 տարեկանում երգել եմ երգչախմբի կազմում, իսկ 7-13 տարեկանում արդեն ակադեմիական վոկալ էի պարապում: Մեկ տարի անց, սակայն, ինձ գտա ջազային եւ էստրադային ժանրում»,-պատմում է նա:

Անգելինան նշում է, որ «Ну-ка, все вместе!» հաղորդմանը ակտիվորեն հետեւել է առաջին եթերաշրջանից  սկսած.

«Շատ էի երկրպագում Անդրեյ Լիսովսկուն: Առաջին եթերաշրջանը դիտելիս մայրիկիս ասացի, որ եթե նա հաղթի, ուրեմն՝ անպայման երկրորդ եթերաշրջանին ես էլ եմ մասնակցելու: Նա հաղթեց, ես էլ համոզվեցի, որ նախագծում ամեն ինչ արդար է եւ որոշեցի մասնակցել»,-պատմում է 19-ամյա հայուհին՝ հավելելով, որ չէր սպասում, որ հաջողությամբ կանցնի մրցույթի առաջին փուլը:

«Սա առաջին մեծ նախագիծն է, որին ես երբեւէ մասնակցել եմ: Շատ էի հուզվում: Միակ բանը, որ մտքումս պտտվում էր, այն համոզումն էր, որ պիտի արժանավայել ելույթ ունենայի: Իսկ, թե որքան միավոր կունենայի, դա արդեն ինձ համար երկրորդային էր»:

Անգելինան հավելեց, որ իր համար հատկապես կարեւոր էր ժյուրիի կազմը գլխավորող Սերգեյ Լազարեւի կարծիքը:

«Նա կանգնեց իմ երգելու ընթացքում, եւ ինձ համար դա մեծ նշանակություն ունի»:

Անդրադառնալով մրցույթից ունեցած ձեռքբերումներին՝ Անգելինան նշեց.

«Այս մրցույթի շնորհիվ շատ նոր ծանոթություններ գրանցեցի, ձեռք բերեցի մեծ փորձ եւ ստացա նոր հնարավորություններ»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Անգելինա Առուստամյանի ինստագրամյան էջից



© NEWS.am STYLE