«Լքված քաղաքի պատկերներից տխրում ես». «Շիրազի Վարդը» սերիալից Հռիփսիմե Սարգսյանի նոր ֆոտոշարքը` «դատարկ» Երեւանում

13:05   13 ապրիլի, 2020

Դերասանուհի Հռիփսիմե Սարգսյանը նոր ֆոտոշարք ունի, որն իրականացրել է օրերս` լուսանկարիչ Ավանեսյանի հետ: «Շիրազի Վարդը» հեռուստասերիալում նկարահանվող դերասանուհին լուսանկարները տրամադրել է NEWS.am STYLE-ին եւ պատմել` ինչպես են անցել նկարահանումները դատարկ Երեւանում...

Հռիփսիմեն նշեց, որ ֆոտոնկարահանումը բավական արագ որոշման արդյունք է եղել:

«Հավաքեցի նոր լուքեր ու որոշեցինք նախապես չպլանավել ոչինչ: Չեմ սիրում 3 օր տեւող պատրաստություններ նկարահանումներից առաջ: Առաջնորդվել ենք պահի տրամադրությամբ: Օգտագործել եմ ձեռքիս տակ եղածը:

Քայլում էինք ու կանգնում` ուր խելքներիս փչեր. մարդ չկար խանգարող»,-պատմում է նա ու հավելում, որ այդ դատարկությունից հակասական զգացողություններ է ունեցել` ե´ւ ուրախ, ե´ւ տխուր.

«Փողոցներում ազատ զբոսնում էի. 10 րոպեն մեկ մի մեքենա էր անցնում, ոչ մի թարսուշիտակ հայացք: Բայց, միեւնույն ժամանակ, լքված քաղաքի պատկերներից տխրում ես...»:

Դերասանուհու խոսքով` լուսանկարների ստացված լինելը մեծամասամբ կախված է նաեւ լուսանկարչից.

«Լուսանկարիչը պետք է ունենա ճաշակ. դա շատ կարեւոր է: Մոդելն ու լուսնկարիչը պետք է իրար «հասկանան» ու զգան աշխատելիս: Դա կամ լինում է, կամ ոչ, բայց դրանից է կախված աշխատանքի կայացումը, ոչ թե մոդելի գեղեցկությունից: Ավանեսյանի հետ շատ լավ «լեզու ենք գտնում»»:

Ինչ վերաբերում է Հռիփսիմեի առօրյային, ապա արտակարգ դրությամբ պայմանավորված` նրա կյանքում շատ բան չի փոխվել. այսօր էլ շարունակում է նկարահանվել «Շիրազի Վարդը» սերիալում եւ չի հասցնում ձանձրանալ.

«Համարյա ոչինչ իմ կյանքում չի փոխվել: Մեր նկարահանումները շարունակվում են: Ես սովորական օրերին էլ զբոսնելու ժամանակ, առանձնապես, չեմ ունեցել: Տառապում եմ մի բանի պատճառով միայն՝ գեղեցկության սրահները փակ են»,-կատակում է նա` հավելելով, որ երբ իրավիճակը հարթվի, առաջին մարդը, որին տեսնելու է ու ամուր գրկելու, իր դիմահարդարն է:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE