«Բալետն ընդդեմ կորոնավիրուսի». բալետի արտիստ Րաֆֆի Գալստյանի նոր ֆոտոշարքը

14:05   14 ապրիլի, 2020
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարողներից Րաֆֆի Գալստյանը նոր ֆոտոշարք ունի` «Բալետն ընդդեմ կորոնավիրուսի» խորագրով: Նա լուսանկարները տրամադրել է NEWS.am STYLE-ին ու պատմել` ինչպես է անցկացնում կարանտինն ու պարապմունքներն այս շրջանում:
«Մարզավիճակս փորձում եմ պահել՝ պարապմունքներ անցկացնելով տանը: Սա ինչ որ չափով դժվար է, քանի որ տարիներ շարունակ ունեցել եմ հագեցած գրաֆիկով ամենօրյա պարապմունքներ, փորձեր, ներկայացումներ...»,-խոստովանում է Րաֆֆին:
Բալետի պարողը ֆոտոշարքն իրականացրել է լուսանկարիչ Տիգրան Առաքելյանի հետ: Նման շարք ունենալու գաղափարը հենց Րաֆֆիինն էր. նա ցանկանում է կոչ անել հանրությանը մնալ տանն ու պահպանել անվտանգության բոլոր կանոնները:
«Հույս ունեմ, որ շուտով բոլորս կանցնենք մեր ամենօրյա աշխատանքներին՝ հաղթահարելով այս ժամանակավոր դժվարությունը: Մաղթում եմ բոլորին առողջություն, իսկ հիվանդներին` շուտափույթ ապաքինում»:
Սյունե Առաքելյան


© NEWS.am STYLE