Շվեդիայի արքայադուստրը կորոնավիրուսի պատճառով աշխատանքի է անցել հիվանդանոցում

23:08   17 ապրիլի, 2020

Արքայադուստր Սոֆյան կորոնավիրուսի համավարակի թեժ պահին քույրական գործի կուրսեր է անցել եւ աշխատանքի անցել բժշկական հաստատությունում, ուր օգնում է վարակված հիվանդներին։ Արքայադուստրը որոշել է, որ իր ներդումը հիմա ավելորդ չի լինի եւ շքեղ հագուստները փոխել է հիվանդանոցային համազգեստով, հայտնում է Daily Mail-ը։

Սոֆյան արքայազն Կարլ Ֆիլիպի կինն է՝ թագավոր Կարլ Գուստավ 16-րդի միակ որդին։ Զույգը երկու փոքր երեխա ունի։ Նախքան ամուսնությունը արքայադուստրն աշխատել է որպես մատուցողուհի, մոդել, իրապատում-շոուի մասնակից է եղել։

Շվեդիայում կորոնավիրուսից 1203 մարդ է մահացել, վարակվել է գրեթե 12 հազար մարդ։ Սկանդինավյան երկրների շրջանում սա ամենատխուր վիճակագրությունն է։ Ամեն դեպքում, կառավարությունը կոպիտ միջոցների չի դիմում եւ չի փակում սահմանները. բնակիչներին միայն խորհուրդ է տրվում խուսափել ավելորդ ճանապարհորդություններից եւ հնարավորության դեպքում տնից աշխատել։



© NEWS.am STYLE