«Որեւէ մեկս անսխալական չենք». Անդրեն՝ նոր երգի, Լոս Անջելեսում կարանտինն անցկացնելու եւ այնտեղի առօրյայի մասին

15:50   20 ապրիլի, 2020

Անդրեն հանրությանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է երգչի «Սերը չի վերջանում» երգի հիման վրա: Տեսահոլովակի ռեժիսորը Ջոզեֆ Հովսեփյանն է, երգի հեղինակն՝ Էդմոնդ Մակարանը, երաժշտական ձեւավորումը կատարվել է ԱՄՆ-ում` (որտեղ այս շրջանում բնակվում է Անդրեն) պրոդյուսեր Raz Klinghoffer-ի կողմից, նախագծի պրոդյոսերն Արա Թորոսյանն է:  

NEWS.am STYLE-ն Անդրեի հետ զրուցել է նոր տեսահոլովակի, կարանտինի եւ ստեղծված իրավիճակը հաթահարելու իր տարբերակների մասին:

Երգիչը նախ նշեց, որ երգի խոսքերն իր համար առանձնահատուկ կարեւորություն ունեն:

«Երգի բառերը վերցված են Աստվածաշնչից, որտեղ ասվում է, որ սերը չի վերջանում, իսկական սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում, իր օգուտը չի որոնում, չի նեղացնում… Երգը ստեղծված է իսկական սիրո համար, որն ամեն մեկիս հոգում ի սկզբանե դրված է: Երգի երաժշտության եւ խոսքերի մի մասի հեղինակն Էդմոնդ Մակարյանն է: Պրոդյուսինգն ամբողջությամբ կատարվել է ԱՄՆ-ում:  Այս նախագիծն իրականացնելու առաջարկը ստացել եմ Արա Թորոսյանից: Սկզբում միտք կար անգլալեզու որեւէ երգի անրադառնալ, բայց հետո ես ցույց տվեցի նրան այս երգս եւ ընտրությունը կայացավ»:

Անդրեն նշում է, որ տեսահոլովակի պրեմիերան պետք է կայանար Սուրբ Ծննդյան օրը, սակայն քանի որ ռեժիսոր Ջոզեֆ Հովսեփյանն այդ շրջանում խիտ գրաֆիկ ուներ, նախնական տարբերակը չստացվեց:

«Երբ սկսվեց համաշխարհային պանդեմիան, եւ այս ընթացքում արդեն բոլորս էլ ազատ ժամանակ ունեինք, որոշեցինք միավորել մեր ուժերն ու ստեղծել այս տեսահոլովակը: Կարծում եմ՝ այս երգի հոգեվիճակն այսօր շատ խոսուն է, այն ավելի շատ բան կասի, քան, եթե ես ինչ-որ բան փորձեմ մեկնաբանել: Վստահ եմ, որ այսօր բոլորս ունենք Աստծո կարիքը՝ ողջ մարդկությունը: Մենք՝ հայերս, միշտ նշում ենք այն փաստը, որ մենք Քրիստոնեությունն ընդունած առաջին ազգն ենք, ու այսօր, իսկապես, կարիք ունենք աղոթելու: Այսօր ոստիկանները, բժիշկները ձեռք ձեռքի բռնած աղոթում են: Հայերն այսօր ավելի մեծ կարիք ունեն միաբանվելու, ներելու... որեւէ մեկս սուրբ կամ անսխալական չենք... Պետք է աղոթել ու համբերատար սպասել, որ այս ամենը կհաղթահարենք ու կվերադառնանք բնականոն կյանքի»:

Անդրեն ընտանիքի հետ կարանտինն անցկացնում է Լոս Անջելեսում: Երգիչը նշում է, որ ստեղծված դրությունը փորձում են հաղթահարել հավատքի, աղոթքի եւ, իհարկե, պաշտպանիչ միջոցներ կիրառելու շնորհիվ՝ դուրս են գալիս միայն անհրաժեշտության դեպքում՝ կրելով դիմակ եւ ձեռնոցներ:

«Առօրյաս անցնում է այնպես, ինչպես շատերինը: Փորձում եմ սովորել, օնլայն դասընթացներ եմ վերցրել, գիրք եմ ընթերցում, ֆիլմեր դիտում, շփվում ընտանիքիս հետ: Ինձ նոր կողմերից եմ սկսել բացահայտել: Նաեւ այս շրջանում շարունակում եմ Andre Arts Academy-ի դասընթացները՝ առցանց տարբերակով: Մեր ուսանողները շարունակում են թե´ վոկալի, թե´ երաժշտական գործիքներին տիրապետելու դասընթացները: Սա ինձ համար նոր հարթակ է, որտեղ պարզապես մեթոդներն են տարբեր. սա լայնածավալ աշխարհ է, որն ինձ շատ հետքաքրքիր է»:

Սյունե Առաքելյան 



© NEWS.am STYLE