Ինչպե՞ս կարանտինի շրջանում խնամել դեմքի մաշկը. դիմահարդար Դիանա Տոնոյանի խորհուրդները

15:05   22 ապրիլի, 2020

Արտակարգ դրության կանոններին հետեւելն այս շրջանում շատ կարեւոր է, որպեսզի կարողանանք նպաստել վիրուսի նահանջելուն, սակայն անընդհատ տանը լինելու հետեւանքով դեմքի մաշկը կարող է որոշակի խնդիրներ ունենալ, որոնք լուծելու համար գոյություն ունեն մի քանի քայլեր: Դեմքի մաշկի խնամքի օգտակար խորհուրդներով NEWS.am STYLE-ի հետ կիսվել է դիմահարդար Դիանա Տոնոյանը:

«Այս կարանտինային օրերին շատերը բողոքում են իրենց մաշկից, նույնիսկ, նրանք՝ ովքեր նախկինում խնդիրներ չեն ունեցել: Պատճառները մի քանիսն են՝ օրինակ՝ ջեռուցումը: Մենք հաճախ շատ ենք տաքացնում մեր բնակարանը, տունը: Բայց իզուր, քանի որ արհեստականորեն շոգ պայմաններ ստեղծելով մենք վերացնում ենք խոնավությունը, եւ դա շատ վնաս է մաշկին: Ցանկալի է՝ սենյակային ջերմաստիճանը լինի 18-20, խոնավությունը՝ 40-60%:

Երկրորդ պատճառը ջրի պակաս է: Կյանքի տեմպի տակ մենք հաճախ ենք ջուր խմում՝ զբոսնելիս, աշխատանքի վայրում եւ այլն... Իսկ տանը մոռանում ենք դրա մասին, կամ՝ փոխարինում այլ ըմպելիքներով: Ջրի բացակայությունը կարող է մեծ վնաս հասցնել մաշկին: Օրական պետք է խմել 2 լիտր ջուր՝ ջրազրկումից խուսափելու համար:

Այս օրերի համար շատ ակտուալ թեմա՝ մաշկը եւ նյարդայն համակարգը սերտ կապված են միմյանց: Այն, ինչ մենք զգում ենք, որքան նյարդայնանում ենք, արտացոլվում է մեր մաշկի որակի վրա, այնպես որ՝ ինչքան էլ դժվար լինի, պետք է չնյարդայնանալ եւ հանգստանալ: Դրա համար իմ բոլոր հետեւորդներին խորհուրդ եմ տալիս ճիշտ սնվել, շատ հանգստանալ, հաճախ ջուր խմել: Սթրեսը մաշկի թշնամին է»,-նշում է Դիանան՝ հավելելով, որ մաշկի խնամքի միջոցները չպետք է չարաշահել, քանի որ դրանք այդ դեպքում կարող են հակառակ արդյունքն ունենալ.

«Օրինակ, ամեն օր տնային պիլինգ կամ սկրաբ իրականացնելը վնասում է մաշկը եւ առաջացնում բազում խնդիրներ: Պետք չէ առավոտից երեկո խնամքով զբաղվել. օրական 10-20 րոպե տրամադրելով էլ կարելի է ունենալ խնամված եւ մաքուր մաշկ:

Կան աղջիկներ, որոնք կարծում են, եթե չեն դիմահարդարվում, ապա միայն այդպես մեծ օգուտ են տալիս իրենց մաշկին: Այո, չդիմահարդարվելով թույլ ենք տալիս մաշկին շնչել, բայց դա ամենեւին խնամք չէ, հարկավոր է, գոնե, մինիմալ խնամքը ապահովել, օրինակ՝ սնուցել մաշկը: Պատրաստեք ամենահեշտ տնային դիմակները, համացանցում կան հազարավոր հեշտ եւ արագ տարբերակներ»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարներները՝ Դիանա Տոնոյանի ինստագրամյան էջից



© NEWS.am STYLE