Ռոտերդամը պատրաստ է «Եվրատեսիլ»-ն ընդունել 2021-ին

10:11   24 ապրիլի, 2020

Ռոտերդամի քաղաքային խորհրդի անդամները քվեարկել են 2021թ.-ին «Եվրատեսիլ»-ն ընդունելու օգտին, հայտնում է NL Times պորտալը։

Մրցույթը ծրագրվում է անցկացնել Ahoy համերգային դահլիճում։ Կազմակերպիչները պատրաստ են մրցույթին պատրաստվելու համար լրացուցիչ 6,7 մլն եվրո հատկացնել։ Միջոցները կծածկեն դահլիճի վարձակալության, լրացուցիչ անվտանգության եւ գովազդային ցուցանակների ծախսերը։

Պարբերականի տվյալներով՝ այս տարի ծրագրվող երաժշտական մրցույթի համար Ռոտերդամն արդեն իսկ ծախսել էր մոտ 15 մլն եվրո։

«Եվրատեսիլ»-ի չեղարկման մասին հայտնի է դարձել մարտի 18-ին։ Մրցույթը պետք է անցկացվեր Ռոտերդանում մայիսի կեսերին, սակայն Եվրոպական հեռարձակողների միությունը հայտնել է, որ ամբողջ Եվրոպայում COVID-19-ի տարածումն ու սահմանափակումները, որոնք համավարակի պատճառով մտցվել են երկրների իշխանությունների կողմից, չեն կարող թույլ տալ անցկացնել երաժշտական մրցույթը։

Այս տարի Հայաստանը երգի մրցույթում պետք է ներկայացրեր Հունաստանից երգչուհին Աթենա Մանուկյանը «Chains on you» երգով։



© NEWS.am STYLE