«Անցյալի համար պետք է կարողանալ պատասխան տալ». Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, գրառում է արել ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

10:38   24 ապրիլի, 2020

Շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, Instagram-ում հրապարակում է արել, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին։ «Այսօր նշվում է օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Միայն պաշտոնական տվյալներով՝ ցեղասպանությունը խլել է մեկուկես մլն հայի կյանք։ Կարծում եմ՝ այդ իրադարձությունների ականատեսի պատմությունը մեզ հնարավորություն կտա ավելի խորը հասկանալ ազգի վիշտը, որն արդեն երկար տարիներ հետամուտ է լինում Թուրքիայի եւ ամբողջ աշխարհի կողմից ցեղասպանության ճանաչմանը»,- գրել է նա՝ իր հրապարակումն ուղեկցելով երգով, որը ռուսական եւ հայկական շոու-բիզնեսի,աստղերը, մշակույթի ներկայացուցիչները ձայնագրել են ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով։

«Հայրս գրկեց ինձ ու կարգադրեց տուն գնալ։ Պատուհանից տեսնում էի՝ ինչպես են թուրք ժանդարմները մեր գյուղի տղամարդկանց փողոց վռնդում եւ տանում։ Շուտով հայտնի դարձավ, որ նրանց անապատ են տարել եւ այնտեղ տանջամահ արել… Առավոտյան թուրք ժանդարմները գյուղ մտան եւ սկսեցին ձերբակալել բոլորին առանց բացվառության՝ առանց հաշվի առնելու սեռը, տարիքը եւ առողջական վիճակը։ Մեզ հավաքեին գյուղի կենտրոնում, շրջապատեցին։

ժանդարմները զինված էին  հրազենով, դաշույններով եւ մտրակներով։ Բոլորին անապատ տարան։ Նրանց, ովքեր ծարավի ու սովի պատճառով չկարողացան շարունակել ճանապարհը, դահիճները մորթում էին դաշույններով, կացնահարում… ժանդարմները սպանում էին նրանց, ովքեր ցանկանում էին հագեցնել ծարավը։ Դաշույններով եւ սվիններով պատռում էին հղի կանանց որովայնը, հանում նորածիններին, երգում էին ու պարում թմբուկների ուղեկցությամբ։

Ամբոխով բռնաբարում էին աղջիկների ու երիտասարդ կանանց, ապա հարվածում դաշույնով եւ կացնահարում։ Երեխաներին ստիպում էին իրենց համար գերեզմաններ փորել, հետո կենդանի վիճակում թաղում։ Հաջողվել է փրկել եզակիներին… Մեզ փրկել են հայ ֆիդայիները, նրանք մեզ տարել են ծովի մոտ, ուր մեզ սպասում էին փրկարարական նավակները։ Դրանով մենք հասել ենք մինչեւ Աբխազիա եւ գնացել Սուխումի»։

«Անցյալի համար պետք է կարողանալ պատասխան տալ, հարկավոր է կարողանալ խոստովանել անցյալը։ Առանց անցյալի սխալները գիտակցելու երբեք հանգիստ ու լուսավոր ապագա չի լինի»,- իր հրապարակման մեջ նշել է Ժաննա Լեւինան։

 



© NEWS.am STYLE