«Նկարահանման ժամանակ օտարերկրացի դերասանները շատ բաներ սովորեցին Հայոց ցեղասպանության մասին». «Խոստումը» ֆիլմից Ռոման Միտիչյանի հուշերը

16:04   24 ապրիլի, 2020

2016 թ-ին էկրաններ բարձրացած «Խոստումը» ֆիլմը աշխարհում շատ հեռուստադիտողների ուշադրության կենտրոնում հայտնվեց ոչ միայն իրական պատմական փաստերի, այլեւ հոլիվուդյան աստղեր Օսկար Այզեքի, Քրիստիան Բեյլի եւ Շարլոտ Լե Բոնի մասնակցության շնորհիվ: Ռեժիսոր Թերի Ջորջի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող այս ֆիլմը 4 տարի անց էլ շարունակում է ավելի լայն լսարանների հասցնել Հայոց պատմության ամենածանր էջի մանրամասները: Այս մասին փաստում է նաեւ ԱՄՆ-ում բնակվող դերասան Ռոման Միտիչյանը, որը ֆիլմասերներին ծանոթ է հոլիվուդյան մի շարք նախագծերում իր դերակատարումներով («Ֆորսաժ 7», «Կարիճը», «Փախուստի ծրագիր», «Ջոն Ուիք» եւ այլն), որոնցից մեկը «Խոստում»-ն է: Ռոմանը ֆիլմում մարմնավորում է Վանին՝ ազատամարտիկ, որը պայքարի հետ զուգընթաց օգնում է մարդկանց փախչել եւ պատսպարվել Օսմանյան կայսրության ոճրագործություններից:

NEWS.am STYLE-ը դերասանի հետ բազմիցս զրուցել է իր մասնակցությամբ հոլիվուդյան ֆիլմերի եւ աստղային համագործակցությունների մասին: Այսօր՝ Ապրիլի 24-ին, վերհիշել ենք «Խոստումը» ֆիլմի նկարահանման հրապարակը, դերասանների հետ նրա զրույցներն ու պարզել՝ ինչպես են ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները ոգեկոչում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հայրենիքից հեռու…

Ռոմանը խոստոնավում է՝ երբ լսել է, որ Հոլիվուդում նման ֆիլմ է նկարահանվելու, աննկարագրելի էմոցիաներ է ունեցել.

«Երբ ստացա ֆիլմի սցենարը, ինձ այն այնքան հուզեց, որ մոտ 6 անգամ կարդացել եմ... Սովորաբար մյուս սցենարները կարդում եմ 3-4 անգամ: Ես հայ եմ, եւ մեր ժողովրդի պատմության մի մասնիկը լինելը շատ հատուկ բան է ինձ համար. նկարահանման հրապարակում անցկացրած ամեն օրն ու ամեն ժամն ինձ համար շատ հուզիչ էր` մարտի տեսարանից, մինչեւ սարեր բարձրանալը... Ամեն ինչ այնքան իրական էր թվում: Եղել են օրեր, երբ ինձ կորցրել եմ, դրա մասին չեմ ուզում հիմա խոսել, բայց, միգուցե, մի օր կիսվեմ այդ պատմությամբ եւս»:

Ռոմանը վերհիշեց նաեւ ֆիլմի դերասանական կազմի հետ իր նկարահանումներն ու զրույցները.

«Ես մարմնավորել եմ Վանին, որն ազատամարտիկ էր, որն օգնում էր մարդկանց ու պայքարում: Մի քանի դրվագ ունենք Օսկար Այզեքի եւ Ռեյդ Շերբեդջիայի հետ, որոնք միշտ կհիշեմ: Ֆիլմում ներառված օտարերկրացի դերասաններից շատերը, ցավոք, անգամ չէին իմանում Հայոց ցեղասպանության մասին, բայց նկարահանման ժամանակ շատ բաներ սովորեցին, ինքս էլ շատերի հետ զրուցել եմ ու պատմել: Փաստերով ներկայացրել եմ մեր պատմությունը, որպեսզի նրանք ավելի արժեւորեն իրենց ներկայությունն այս ֆիլմում եւ չընկալեն դա, որպես, ուղղակի, բարձր բյուջե ունեցող հերթական ֆիլմ, որտեղ կան հոլիվուդյան աստղեր: Իհարկե, զրույցներ ունեցել եմ նաեւ ֆիլմի աստղերի հետ: Նրանք 100%-ով հարգում են մեր պատմությունը: Թե´ Քրիստիան Բեյլը, թե´ Օսկար Այզեքը, թե´ Ժան Ռենոն, թե´ Ռեյդ Շերբաջիան` բոլորը ֆանտաստիկ աշխատանք են կատարել, եւ ես միշտ շնորհակալ կլինեմ նրանց»:

Դերասանն անդրադարձավ նաեւ աշխարհում Հայոց ցեղասպանության մասին իրազեկելու հարցում ֆիլմի հաջողությանը.

«Այո, ֆիլմը շատ բաներ է փոխել. շատ մարդիկ չգիտեին Հայոց ցեղասպանության մասին մինչ այս ֆիլմը: Պետք է միշտ մեծարենք Քըրք Քըրքորյանին, որը իրականություն դարձրեց այս գաղափարը, իմ լավ ընկերներ Էրիկ Էսրաելյանին, Սերժ Թանկյանին ու շատերին. սա մի ամբողջ պատմություն էր, իսկապես կրթող ֆիլմ»:

Ինչպես Հայաստանում՝ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենայիցներն էլ այսօր հատուկ մոմավառությամբ հիշատակում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ռոմանն ասում է՝ այնտեղ էլ պատուհանագոգերին վառված մոմեր են տեղադրվում.

«Այստեղ էլ մարդիկ մոմեր են վառում պատուհանների մոտ, կարծում եմ` բոլոր հայերը այսօր պետք է այդպիսով հիշեն ու հարգեն 1915 թ-ի Մեծ Եղեռնի զոհերին»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Ռոման Միտիչյանի արխիվից



© NEWS.am STYLE