«Որպես երգչուհի գործունեություն ծավալելու մասին երբեք չեմ մտածել». դերասանուհի Ադրիանա Գալստյանը զուգերգով է ներկայացել

15:05   27 ապրիլի, 2020

Օրերս դերասանուհի Ադրիանա Գալստյանը զարմացրեց իր հետեւորդներին՝ ցուցադրելով վոկալային կարողությունները: Ադրիանան իր էջում տեղադրեց իր եւ երգիչ Արգամի «Աղոթք» զուգերգը, որը նրա երկրպագուների դրական արձագանքներին արժանացավ:

Դերասանուհու մասնագիտական նոր դրսեւորումն անտարբեր չթողեց նաեւ NEWS.am STYLE-ին: Ադրիանայի հետ զրուցել ենք երաժշտական նախասիրության մասին եւ հետաքրքրվել՝ արդյոք մտադրություն ունի՞ դերասանությանը զուգահեռ զբաղվել նաեւ երգով:

Ադրիանան նախ պատմեց ներկայացված զուգերգի եւ Սանկտ Պետերբուրգում բնակվող երգիչ Արգամի հետ համագործակցության մասին.

«Առաջարկը եղել է հենց Արգամի կողմից: Նա վաղուց ուներ հեղինակած մի երգ եւ մտածում էր, թե ում հետ կարող է իրագործել այդ գաղափարը: Շատ պատահական իմացավ, որ ես կարողանում եմ երգել եւ առաջարկեց զուգերգով հանդես գալ միասին»:

Ադրիանան ու Արգամը երգը կատարում են հայերենով եւ ռուսերենով: Հայերեն տեքստի մի մասի հեղինակը հենց դերասանուհին է: Նա նշում է,- «Ոգեշնչումը ներքին հոգեւոր աշխարհից էր: Հատուկ բառեր չենք մտածել, ներկայացրել ենք այն, ինչ կար մեր ներսում, ինչի մասին ուզում էինք բարձրաձայնել; Իրականում երգը ներկայացնելու հետ կապված այլ գաղափարներ ունեինք, բայց ամեն ինչ որոշվեց, գրեթե, վերջին րոպեին: Մեզ օգնեցին նաեւ շատ հարազատ մարդիկ, եւ արդյունքում ունեցանք կենդանի տեսահոլովակ, որով փորձեցինք փոխել մարդկանց տրամադրությունն այս օրերին»:

Անդրադառնալով իր վոկալային կարողություններին՝ դերասանուհին նշեց.

«Քչերը գիտեին երգելուս կարողության մասին, արձագանքները սպասվածից ավելի դրական էին ու ոգեւորող: Հիմնականում գրում են, որ ավելի շուտ պետք է նման բան անեի: Փոքր տարիքում եմ հաճախել երգի դասընթացների, ունեցել եմ հեղինակային երգեր, նաեւ երգչախմբի անդամ եղել: Պարզապես տարիների ընթացքում այդ ուղղությամբ գործունեությունս ու ակտիվությունս դադարեցրի: Մտածում էի, որ դա նախասիրություն է, եւ այն պետք չէ շարունակել, բայց լսելով ընկերներիս ու հարազատներիս կարծիքը՝ որոշեցի քայլ անել»:

Դերասանուհին նշում է, որ երգչուհու կարիերայով զբաղվելու լուրջ մտադրություններ առայժմ չունի.

«Որպես երգչուհի գործունեություն ծավալելու մասին երբեք չեմ մտածել, հիմա էլ այդ ուղղությամբ մտքեր չունեմ, պարզապես ցանկանում եմ մարդկանց ցույց տալ հետաքրքիրը, հաճելին ու տարբերվողը: Եղել է ցանկություն մասնակցելու The Voice հաղորդման ֆորմատի նախագծերի, բայց քանի որ ինչպես նշեցի՝ երգին վերաբերվել եմ որպես նախասիրության, նման համարձակ քայլի չեմ դիմել, բայց դա ինձ չի խանգարել, որովհետեւ նման երազանք չեմ ունեցել, որ պետք է որեւէ մրցույթի մասնակցեմ ու հաղթեմ»:

Այնուամենայնիվ, Ադրիանան խոստացավ, որ մոտ ապագայում կշարունակի իր հետեւորդներին ներկայացնել իր վոկալային ունակությունները նաեւ այլ գործերում.

«Առաջիկայում միտք ունեմ ներկայանալու cover կատարումներով, հնարավոր է՝ ներկայացնեմ նաեւ հեղինակային երգեր, իսկ թե ինչ կլինի հետո, ժամանակն ու կյանքը ցույց կտան»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Ադրիանա Գալստյանի եւ Արգամի ինստագրամյան էջերից

 



© NEWS.am STYLE