Mezzo TV-ն կհեռարձակի Արամ Խաչատրյանի Երկրորդ եւ Ավետ Տերտերյանի Երրորդ սիմֆոնիաները

15:51   28 ապրիլի, 2020

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ Mezzo TV-ի բանակցությունների արդյունքում Mezzo հեռուստաընկերության եթերում կհեռարձակվեն մեր մեծ կոմպոզիտորների՝ Արամ Խաչատրյանի Երկրորդ եւ Ավետ Տերտերյանի Երրորդ սիմֆոնիաները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։

Սիմֆոնիաների կատարումները կհեռարձակվեն հունիս եւ հուլիս ամիսներին։ Յուրաքանչյուր ստեղծագործությունը կներկայացվի 10 անգամ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատում է‚ որ Mezzo TV-ի հետ նման համաձայնության հասել են ամիսների բանակցությունների արդյունքում‚ եւ այս նախաձեռնությունը հայկական երաժշտությունը միջազգային հարթակներում հանրայնացնելու իրենց առաքելության շրջանակում է։ Ըստ նրա՝ նվագախումբը կարեւորում է համաշխարհային ճանաչում ունեցող հարթակների հետ գործակցությունը‚ քանի որ այդպիսով աշխարհին ներկայացվում են հայ կոմպոզիտորական եւ կատարողական արվեստները՝ մեր մշակույթը հասանելի դարձնելով ինչպես դասական երաժշտության սիրահարների լայն շրջանակի, այնպես էլ մասնագետներին, երաժշտական մենեջերներին։

Նշենք‚ որ Mezzo-ն դասական երաժշտության ամենահայտնի հարթակներից է։ Ֆրանսիական Mezzo-ն հիմնադրվել է երաժշտասերների համար, ովքեր գնահատում են գեղեցիկը, հետաքրքրվում են երաժշտության պատմությամբ։ Այստեղ եթեր են հեռարձակվում հանրահայտ երաժիշտների կատարումներ, բացառիկ համերգների ձայնագրություններ, միջազգային փառատոներ, երաժշտական նորություններ։



© NEWS.am STYLE