«Փորձում եմ դրական տրամադրություն պահել». Աստղիկ Սաֆարյանի նոր տեսահոլովակի բեքսթեյջն ու Բարսելոնայում կարատինն անցկացնելու մանրամասները

14:21   29 ապրիլի, 2020

Ինչո՞ւ՝ սա թերեւս ամենահաճախ տրվող հարցն է բոլոր ոլորտներում: Այս հարցին իր նոր տեսահոլովակում անդրադարձել է նաեւ երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, որը NEWS.am STYLE-ին տրամադրել է նոր աշխատանքի բեքսթեյջի լուսանկարներն ու պատմել երգի ստեղծման, տեսահոլովակի նկարահանման եւ կարատինը Բարսելոնայում անցկացնելու մասին:

Երգչուհին նշում է, որ տեսահոլովակը նկարահանել են 2019 թ-ի ամռանը, սակայն քանի որ եթերում արդեն հեռարձակվում էր իր «Suerte» երգի տեսահոլովակը, «Ինչու»-ի պրեմիերան հետաձգվել էր բավական երկար ժամանակով:

«Երգը նոր ստեղծագործություն է, երաժշտության հեղինակն ինքս եմ, իսկ բառերը գրել եմ երիտասարդ բանաստեղծուհի Լաուրա Հովհաննիսյանի բանաստեղծության հիման վրա: Ի սկզբանե, երբ նա գրել է այդ ստեղծագործությունը, ցանկացել է, որ այն երգ դառնա: Թեման ինձ հոգեհարազատ թվաց, քանի որ ինձ հետ նման իրավիճակներ պատահել էին, եւ, գուցե, հենց դրա շնորհվ էր, որ կարողացա բանաստեղծությունը վերածել երգի խոսքերի եւ դրա հիման վրա երաժշտություն գրել: Գործիքավորումն արել է Aram Rian-ը, իսկ ռեժիսորը Վարուժան Գալթակյանն է, օպերատոր՝ Հովհաննես Պողոսյան: Նրանց հետ աշխատել ենք նաեւ իմ «Օ, քամի, քամի» տեսահոլովակի շուրջ: Կերպարներիս ոճով ու դիզայնով ինքս եմ զբաղվել՝ համագործակցելով դիմահարդար Լիդիա Ավետիսյանի եւ վարսահարդար Հռիփսիմե Մանավազյանի հետ»:

«Ինչու» երգի տեսահոլովակը նկարահանվել է Բյուրականում: Երգչուհին հիշեց նաեւ գործընթացի հետաքրքիր մանրամասները.

«Քանի որ տեսահոլովակն ունի սյուժե, շատ վաղ առավոտից մենք ամբողջ թիմով արդեն Բյուրականում էինք լինում, որպեսզի կարողանայինք իրականացնել սյուժեին համապատասխան նկարահանումները: Այնուհետեւ վերադարձել ենք Երեւան ու այստեղ շարունակել նկարահանումները տեսահոլովակի հերոսի հետ, որի դերում հանդես է եկել տաղանդավոր լուսանկարիչ Մանչ Վարդանյանը: Այդ տեսարանները ներկայացված են, իբրեւ իմ հուշերից հատվածներ»:

Աստղիկն իր կարանտինն անցկացնում է Բարսելոնայում: Ասում է՝ շատ էր ցանկանում տեսահոլովակը ներկայացնելու ժամանակ լինել Երեւանում, սակայն ստեղծված իրավիճակի պատճառով չստացվեց: Այնուամենայնիվ, երգչուհին որոշեց իր վառ տեսահոլովակով բարձրացնել իր երկրպագուների տրամադրությունն այս օրերին:

«Կարանտինի առաջին օրից փորձում եմ դրական տրամադրություն պահել, զբաղվում եմ ինքնակրթմամբ՝ գրքեր եմ կարդում, ֆիլմեր դիտում, փորձում տան պայմաններում զբաղվել սպորտով, ավելի շատ եմ խորհում: Փորձում եմ այնպես անել, որ ստեղծված իրավիճակն ի օգուտ ինձ ծառայեցնեմ: Դեռ ստացվում է (ժպտում է)»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE