«Ես չեմ հավատում ամբողջությամբ բնական կանանց գոյությանը». Դոնաթելա Վերսաչեն այսօր դարձավ 65 տարեկան (ֆոտո)

17:25   2 մայիսի, 2020

Versace նորաձեւության տան գլխավոր դիզայներ Դոնաթելա Վերսաչեն այսօր՝ մայիսի 2-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Հայտնի իտալուհին, որը նորաձեւության աշխարհի ամենաճանաչված ու ազդեցիկ դեմքերից է, դարձավ 65 տարեկան:

Դոնաթելան աշխարհահռչակ դիզայներ, Versace տան հիմնադիր Ջիաննի Վերսաչեի կրտսեր քույրն է: Երբ եղբայրը հինադրել է նորաձեւության տունը, Դոնաթելան այնտեղ սկսել է աշխատել՝ որպես PR մենեջեր: Ասում են՝ Վերսաչեն տարբեր հաստիքներում ղեկավարներ էր նշանակում միայն իր հարազատներին. նա չէր վստահում օտար մարդկանց:

Եղբոր սպանությունից երեք ամիս անց (Ջիաննի Վերսաչեն սպանվել է 1997  թ-ին) Դոնաթելան թողարկել է Versace ապրանքանիշի ներքո իր առաջին հավաքածուն: Դիզայները խոստովանել է, որ չի կարողանա գերազանցել եղբորը, բայց փորձել է Versace-ի հավաքածուն դարձնել ավելի կանացի եւ սեքսուալ՝ խուսափելով ագրեսիվ երանգներից՝ միեւնույն ժամանակ հավատարիմ մնալով բրենդի որդեգրած շքեղ եւ փոքր-ինչ էրոտիկ շեշտադրմանը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Դոնաթելա Վերսաչեի հայտնի մեջբերումներից մի քանիսը:

«Չպետք է կրկնօրինակել այն, ինչ տեսնում ենք: Պետք է փորձենք գտնել ոճի զգացողությունն ինքներս մեր մեջ, որպեսզի հավատանք մեր սեփական ուժերին»:

«Նորաձեւությունը զենք է, որը կարող ես գործածել, երբ ունես դրա կարիքը»:

«Լավ չէ, երբ կուլ ես գնում ուրիշների կարծիքին: Պետք է հավատաս ինքդ քեզ»:

«Ստեղծարարությունը ծնվում է մտքերի կոնֆլիկտից»:

«Իմ ոճի մեջ ոչ մի բարդ բան չկա՝ բարձրակրունկներ, կիպ շալվար եւ ադամանդներ»:

«Հարմարավետ լինելը չի մտնում նորաձեւության պատկերացումների մեջ: Եթե ուզում ես հարմարավետ զգալ, մնա տանը քո գիշերազգեստի մեջ»:

«Մեր օրերում կոստյումը վաղուց չի բնորոշում գործարարին, կամ էլ լայն շապիկը՝ ռոքերին: Նույն մարդը կարող է եւ առաջինը կրել, եւ երկրորդը»:

«Բրենդի համար շատ կարեւոր է տարիներ շարունակ ինքնությունը պահպանելը, սակայն կարեւոր է նաեւ զարգանալը. ժամանակը շատ արագ է փոխվում»:

«Ես միշտ եմ մտածում գլամուրի մասին: Առավոտյան արթնանում եմ արդեն գլամուրային մտքերով»:

«Բնակա՞ն… Ի՞նչ է բնականը: Ես չեմ հավատում ամբողջությամբ բնական կանանց գոյությանը: Ինձ համար բնական է միայն բանջարեղենը»:

«Նորաձեւության երեք ամենամեծ սխալներն են՝ էժանագին կոստյումը, կոշիկներն ու շապիկները: Ձեր գումարը որակով բաների վրա ծախսեք»:

«Ինձ ոգեշնչում է գեղեցկությունը, իսկ ես, կարելի է ասել, ամեն տեսակի գեղեցկություն սիրում եմ. կարծում եմ՝ այն, իսկապես, գալիս է մարդու ներսից»:

Լուսանկարները՝  Դոնաթելա Վերսաչեի ինստագրամյան էջից



© NEWS.am STYLE