Բրիտանիայում աճուրդի կհանեն Մաքքարթնիի ու Սթարի չհրապարակված երգը  

09:11   4 մայիսի, 2020

Omega Auctions-ի տվյալների համաձայն՝ մայիսի 19-ին կայանալիք աճուրդի լոտերից մեկը կդառնա Մաքքարթնիի եւ Սթարի հեղինակած «Angel in Disguise» կոմպոզիցիայի չհրապարակված դեմոձայնագրության սկավառակը։

Ի սկզբանե ծրագրվում էր կոմպոզիցիան ներառել Ռինգո Սթարի «Time Takes Time» սկավառակում, սակայն արդյունքում այս ծրագրերից հրաժարվել են։ Սկավառակը պարունակում է երգի երկու տարբերակ։  Առաջինը երգի lo-fi (ցածր որակ) տարբերակն է, որը դաշնամուրի ուղեկցությամբ կատարում է Փոլ Մաքքարթնին։ Երկրորդն «ամբողջական» ստուդիական տարբերակն է Ռինգո Սթարի կատարմամբ, բեք վոկալով եւ գործիքների ուժեղացված հնչյուններով։ Սկավառակում ներառված է նաեւ Սթարի կատարմամբ «Everyone Wins» երգի դեմո տարբերակի ձայնագրությունը։

Ըստ աճուրդի տան գնահատականների՝ սկավառակի արժեքը կարող է հասնել մինչեւ 20 հազար ֆունտ (24,8 հազար դոլար)։ Կոմպոզիցիաները երկար ժամանակ պահպանվել են դիջեյ, Radio Luxembourg ռադիոընկերության նախկին ծրագրային տնօրեն Թոնի Փիրսի հավաքածուում։ Նշվում է, որ հենց Radio Luxembourg-ն է առաջին անգամ եթեր հեռարձակել «լիվերպուլյան քառյակի» երաժշտությունը։

Աղբյուրը՝ «ՌԻԱ Նովոստի»

 



© NEWS.am STYLE