1929 թ-ի մայիսի 4-ին լույս աշխարհ է եկել ոճի ու գեղեցկության խորհրդանիշ, տաղանդաշատ ու նրբագեղ Օդրի Հեփբըրնը, որին մինչ օրս համարում են ամենագեղեցիկ ու ոգեշնչող կանանցից: Բրիտանացի դերասանուհին ծնվել է Բրյուսելում, սակայն մանկությունն անց է կացրել Նիդերլանդներում՝ Առնեմ քաղաքում, Օդրին այդ տարիներով պայմանավորված՝ ունեցել է ծանր մանկություն, ստիպված է եղել պայքարել սովից չմահանալու համար:
Էկրաններից այն կողմ միշտ շքեղ ու գեղեցիկ դերասանուհուն նայելիս հեռուստադիտողը չէր էլ կասկածում նրա դժվարի ճանապարհի ու պայքարի մասին: Օդրի Հեփբըրնը մահացել է 1993 թ-ին՝ 63 տարեկան հասակում: Մահվան պատճառ է դարձել հաստ աղիքի քաղցկեղը:
Ձեր ուշադրույանն ենք ներկայացնում Օդրիի մասին 9 փաստ, որոնք քչերին են հայտնի:
Նա սարսափում էր ջրից
«Երկուսը ճանապարհին» ֆիլմում կա մի տեսարան, որտեղ Օդրիին նետում են ջրի մեջ: Դերասանուհին սարսափում էր ջուրը նետվելու մտքից, այդ պատճառով տեսախցիկից այն կողմ անձնակազմի կեսն այդ պահին նետվել էր լողավազանի մեջ, որպեսզի անհրաժեշտության դեպքում նրան օգնություն ցուցաբերեին: Օդրին միայն այդ դեպքում էր համաձայնվել նկարահանվել այդ տեսարանում: Այն վախը, որ երեւում է նրա դեմքին էկրանից, ավելի քան բնական է:
Նա իսկական ինտրովերտ էր
Ի տարբերություն շատ հայտնիների՝ Օդրին չէր սիրում լինել ուշադրության կենտրոնում, շրջապատված լինել երկրպագուներով կամ շատ մարդկանցով: Նա մի անգամ խոստովանել է՝ «Ես շատ հաճախ մենակ մնալու կարիք եմ ունենում: Ես շատ երջանիկ ինձ կզգամ, եթե կարողանամ ինձ թույլ տալ շաբաթ երեկոյից մինչեւ երկուշաբթի առավոտ մենակ մնալ իմ տանը: Այդպես եմ ես վերականգնվում»:
Նա ստիպված է եղել դիմակայել սովին, ինչը անհետեւանք չի մնացել
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Օդրիի քաղաքը բռնագրավել էին գերմանացի զինվորները: Մարդիկ չէին կարողանում ազատ տեղաշարժվել, ուտելիքն էլ բավարար չէր: Դերասանուհու ընտանիքն այդ շրջանում ստիպված էր մի կերպ ուտելիք հայթայթել: Նրանք հիմնականում կարողանում էին միայն սխտոր եւ խոտ ուտել հացի հետ: Դրա հետեւանքով Օդրին հաճախ քաղցած էր մնում, ինչը հետագայում էլ անհետեւանք չի մնացել նրա մարմնի եւ առողջության վրա:
Նա հոլանդական դիմադրության շարժման գաղտնի գործակալ է եղել
Օդրին գաղտնի հաղորդագրություններ էր տանում հոլանդական դիմադրութան շարժման ներկայացուցիչներին՝ դրանք թաքցնեով բալետի կոշիկների մեջ: Մի անգամ նա, նույնիսկ, հազիվ է փախչել, երբ իրեն բացահայտել են: Օդրին այդ շրջանում ռիսկի էր ենթարկում իր կյանքը, քանի որ եթե նրան բռնեին, կարող էին սպանել:
Մինչ դերասանուհի դառնալը եղել է ատամնաբույժի օգնական
Օդրին փորձաշրջան է անցել ատամնաբուժարանում, մինչեւ նրան մի օր նկատել է տաղանդներ փնտրող մի գործակալ ու առաջարկել խաղալ «Ջիջի»/Gigi ներկայացման մեջ:
Դերասանուհին 5 անգամ վիժել է
Օդրին համոզված էր՝ ինքն անպայման պետք է մայրանա: Անգամ այն փաստը, որ նա անընդհատ վիժում էր, չէր հուսահատեցնում դերասանուհուն: Նա այնքան վճռական էր տրամադրված, որ պետք է կյանք պարգեւի, որ, նույնիսկ, ժամանակավորապես հրաժարվել է սիրելի աշխատանքից, որպեսզի իր մարմինը պատրաստի ծննդաբերելու համար: Օդրիի երազանքը ժամանակի ընթացքում կատարվել է: Նա լույս աշխարհ է բերել իր երկու զավակներին՝ Շոն Հեփբըրն Ֆեռերին եւ Լուկա Դոթիին:
Զարմանում էր, երբ իրեն գեղեցիկ էին համարում
Նրանով հիանում էին կենդանության օրոք, նրան նմանակում են նաեւ այսօր ու շարունակում համարել գեղեցկության խորհրդանիշ, սակայն դերասանուհու որդին՝ Լուկա Դոթին Vanity Fair-ին տված հարցազրույցում բացահատել է, որ մայրը զարմանում էր, երբ մարդիկ իրեն գեղեցիկ էին համարում: «Նա կարծում էր, թե իր քիթը շատ մեծ է, ոտքերն էլ՝ խոշոր, որ ինքը շատ նիհար է, իսկ կրծքերը շատ փոքր են: Միշտ նայում էր հայելու մեջ ու ասում՝ տեսնես մարդիկ ինչո՞ւ են կարծում, թե ես գեղեցիկ եմ»:
Նա էլ է Ջոն Քեննեդիի համար երգել Happy Birthday
Շատերը լավ են հիշում այս երգը մեկ այլ գեղեցկուհու՝ Մերլին Մոնրոյի կատարմամբ, որը դերասանուհին Ջոն Քեննեդիի համար երգել է 1962 թ-ին: Մեկ տարի անց նախագահին նույն երգով շնորհավորել է նաեւ Օդրի Հեփբըրնը, բայց ի տարբերություն առաջին դեպքի՝ միջոցառումն անցկացվել է խիստ փակ պայմաններում, այդ է պատճառը, որ Օդրիի կատարումը չի տեսագրվել եւ չի հայտնվել համացանցում:
«Դիսնեյ»-ի քնած գեղեցկուհու՝ Ավրորայի կերպարը ոգեշնչված է Օդրի Հեփբըրնից
Ավրորայի օրիգինալ կերպարի հեղինակը Թոմ Օրեբն է, որն իր արքայադստերը ստեղծել է Օդրիի չափանիշներով:
Աղբյուրը՝ www.everythingaudrey.com
Լուսանկարները՝ Getty Images/Hulton Archive, Pinterest, Willy Rizzo, Glamour.com. iAnimate.net