14:30 5 մայիսի, 2020Տեւական ժամանակ Լոս Անջելեսում բնակվող երգչուհի Լիլուն եւ նրա ամուսինը՝ Արկադի Վարդանյանը, բալիկի են սպասում: Ուրախ լուրով երգչուհին օրերս է կիսվել երկրպագուների եւ հետեւորդների հետ՝ հայտնելով, որ երկրորդ անգամ է պատրաստվում մայրանալ:
NEWS.am STYLE-ը եւս շտապել է շնորհավորել Լիլուին ուրախալի լուրի առթիվ ու մանրամասներ պարզել նրա ինքնազգացողության, ամուսնու եւ 4 ամյա որդու՝ Ռոբերտի արձագանքի եւ իրենց կարանտինային առօրյայի մասին:
Հղիության լուրը Լիլուն իմացել է մարտ ամսին: Երգչուհին խոստովանում է՝ սկզբում հակասական զգացողություններ է ունեցել, քանի որ կարծել է՝ դեռ շուտ է երկրորդ երեխայի մասին մտածելը, բայց ժամանակի ընթացքում հարմարվել է այդ մտքին ու աժմ իրեն շատ երջանիկ է զգում:

«Այս լուրին ավելի շատ սպասում էր ամուսինս: Ես՝ ինքս, սկզբում շփոթմունքի մեջ էի, դեռ պատրաստ չէի երկրորդ անգամ մայրանալուն, քանի որ մտածում էի՝ դեռ միայն Ռոբերտի խնամքով պետք է զբաղվեմ, իսկ հետո հասկացա, որ ավելի հետաքրքիր կլինի, որ երկու երեխաներիս միաժամանակ մեծացնեմ: Կամաց-կամաց սկսեցի հարմարվել այդ մտքին: Այժմ հաճելի զգացողություններ ունեմ: Շատ հուզվեցի, հատկապես, ամուսնուս էմոցիաներից, երբ իմացավ, որ բալիկի ենք սպասում: Նրա արձագանքը շատ էմոցիոնալ էր»:
Երգչուհին խոստովանում է, որ որդին՝ Ռոբերտը, դեռ չի հարմարվում այն մտքին, որ տանը նոր բալիկ պետք է լինի:
«Ռոբերտը դեռ փոքր է ու շատ լավ չի ընկալում, որ բալիկի ենք սպասում, բայց շատ երեխաների նման ինքն էլ դեռ չի հարմարվում այն մտքին, որ պետք է նոր բալիկ ունենանք: Ասում է՝ չեմ ուզում, թող չգա: Մտածում է՝ կգա ու իր խաղալիքները կտանի, բայց ինքն, առհասարակ, հարմարվող երեխա է, ու կարծում եմ՝ ժամանակի ընթացքում ամեն ինչ կփոխվի, երբ բալիկն արդեն ծնվի ու տանը լինի»:
Լիլուն եւ ամուսինը դեռ չեն պարզել իրենց փոքրիկի սեռը: Ամուսինները որոշել են, որ դա պետք է իմանան հատուկ խնջույքի ժամանակ.

«Այստեղ մի ավանդույթ կա. շատ զույգերի համար ընկերներից մեկը, որն իմանում է երեխայի սեռը, խնջույք է կազմակերպում, որի ժամանակ էլ պաշտոնապես հայտարարվում է դա: Մեր ընկերներից Թագուիհի Օհանյանն առաջարկեց ստանձնել այդ խնջույքի կազմակերպումը, ու մենք բոլորս հենց այդ օրը կիմանանք այդ լուրը»:
Ինչ վերաբերում է երեխայի անվան ընտրությանը՝ երգչուհին նշեց, որ թե´ տղայի, թե´ աղջկա համար նախընտրելի տարբերակներ կան, բայց դեռեւս չցանկացավ բարձրաձայնել դրանք. երբ երեխան ծնվի, այդ ժամանակ կորոշեն նրա անունը:

Արդեն 4 տարի ԱՄՆ-ում բնակվող երգչուհին չի կարողացել այս ընթացքում լինել Հայաստանում: Հայրենիքի կարոտը նրա համար ծանր թեմաներից է: Հաճախ Հայաստանի մասին խոսելիս արտասվում է եւ հույս հայտնում, որ շատ շուտով սպասված այցը կստացվի: Երգչուհին նաեւ հնարավոր ամեն ինչ անում է, որ որդին երբեք չկտրվի իր երկրից, լեզվից ու մշակույթից:
«Ցավոտ է հատկապես լեզվի պահպանման խնդիրը: Այստեղ տարբեր միջավայրում հիմնականում շփվում են օտար լեզվով, բայց մենք տանը միայն հայերեն ենք խոսում, Հայաստանից ունենք պատվիրված քարտեզ, Այբբենարան, որը հայերենով ենք սովորեցնում: Երբ Ռոբերտը տեսնում է Հայաստանի դրոշը, ուրախությամբ բացականչում է՝ «Մամ, Հայաստա՜նն ա»: Նա շատ լավ գիտի, որ իր երկիրը Հայաստանն է, ու ես ամեն ինչ անում եմ, որ ինքը խոսի հայերեն: Ճիշտ է՝ շատ դժվար է, բայց նա պետք է խոսի հայերեն ու անպայման ճանաչի մեր մշակույթը»,-նշեց երգչուհին:

Լիլուի հետ զրուցեցինք նաեւ կարանտինային առօրյայից: Երգչուհին տեղեկացրեց, որ ինքն էլ շատերի պես օրվա մեծ մասը տանն է անցկացնում.
«Տան գործերն ենք անում, ֆիլմ դիտում, խաղեր խաղում: Փորձում ենք մեզ համար հետաքրքրություններ գտնել:
Ինձ համար ամենից դժվարը դիմակ կրելն է, որովհետեւ շնչելու հետ հապված դժվարություններ է առաջացնում, բայց մնացած սահմանափակումներին հարմարվում եմ, որովհետեւ տարիներ շարունակ անընդհատ աշխատելուց հետո կարոտել էի տանը երկար մնալուն: Հիմա բալիկիս ու ամուսնուս հետ վայելում ենք մեր առօրյան»:

Երգչուհին արդեն որոշել է, թե ում է առաջինը տեսակցելու, երբ երկրում կարանտինն ավարտվի:
«Առաջինն անպայման հյուր ենք գնալու ամունուս տատիկին՝ մեր Ջուլիա տատիկին, որը ողջ կարանտինի ընթացքում ոչ ոքի չի տեսել, իսկապես, շատ կարոտել ենք նրան: Մնացածին, ժամանակ առ ժամանակ, տեսել ենք, իհարկե, չենք գրկախառնվել, չենք համբուրվել, բայց հեռավորության վրա փորձել ենք այդ կարոտն առնել»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Լիլուի ֆեյսբուքյան էջից