20:32 15 օգոստոսի, 2013Աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, ելույթ ունենալով հուլիսի 25-ին Արամ Խաչատուրյանի անվան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգաշրջանի փակմանը, լեփ-լեցուն դահլիճ է հավաքել: Երգչուհին 1991թվականից ելույթ չի ունեցել ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ եւ մեծ պատիվ է համարում կրկին բեմ դուրս գալ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարած նվագախմբի հետ: Համերգը նվիրված էր համաշխարհային մեծություն հանդիսացող կոմպոզիտորների՝ Ջուզեփփե Վերդիի եւ Ռիխարդ Վագների 200-ամյա հոբելյաններին: Իր անկրկնելի կոլորատուրային սոպրանոյով երգչուհին գերել է տարբեր երկրների հանդիսատեսների՝ ելույթ ունենալով աշխարհի ամենահայտնի բեմերում: NEWS.am STYLE-ը զրուցեց տիկին Պապյանի հետ համերգից եւ Հայաստան իր այցից տպվորությունների մասին:
Ի՞նչ էր Ձեզ համար նշանակում մեծ ընդմիջումից հետո Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ բեմ վերադառնալը:
Համերգը շատ հուզիչ էր: Առաջին հերթին ինձ համար դա մեծ պատասխանատվություն էր իմ հանդիսատեսի առջեւ, ով արդեն 22տարի ինձ չէր լսել Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Ընդհամենը մեկ շաբաթվա ընթացքում մենք կազմել ենք հարուստ երաժշտական ծրագիր, եվ, չնայած իմ լարված ժամանակացույցին, ես հսկայական ուրախություն եւ դրական լիցքեր զգացի ելույթից:
Դուք հանդես եք եկել Լա Սկալա, Մետրոպոլիտեն Օպերա օպերային թատրոնների բեմերում, համագործակցել եք օպերային երաժշտության լեգենդների հետ, եւ այդ ամենն, անկասկած, Ձեզ թույլ է տվել ծանոթանալ արտերկրյա երաժիշտների կյանքին: Կարո՞ղ եք հայ եւ արտերկրյա երաժշտի միջեւ եղած կենսակերպի տարբերությունները թվարկել:
Եվրոպայում երաժիշտը չի մտածում կենցաղային մանրուքների մասին, նրանք հնարավորություն ունեն լիովին տարվել երաժշտությամբ: Նրանք միշտ կարող են գալ փորձերին՝ չմտածելով կենցաղային պրոբլեմների մասին: Մեկ այլ ոչ պակաս կարեւորագույն ասպեկտներից է հանդիսանում այն, որ եվրապոցիները հնարավորություն ունեն նվագել որակյալ երաժշտական գործիքների վրա: Ցավոք, այստեղ դա այդպես չէ: Գուցե, մեկ այլ տարբերություններից է հանդիսանում նաեւ համաշխարհային մակարդակի երաժիշտների հետ շփումը: Դա անգին փորձ է, որը փոխանցվում է միայն շփման միջոցով: Մեր երաժիշտները շատ ավելի շատ պրոբլեմներ ունեն: Սակայն տաղանդով եւ ունակություններով մեր երաժիշտները ոչինչով չեն զիջում իրենց եվրոպացի կոլլեգաներին: Այն հիացմունքը, որը ես զգացել եմ վերջին համերգի ժամանակ, կրկին ինձ համոզում է, որ հայ երաժիշտները եվրոպականների հետ նույն շարքում են կանգնած:
Օպերային ո՞ր մեներգիչների հետ Ձեզ հետաքրքիր է եղել աշխատել, եւ որ ելույթը Դուք կհիշեք ողջ կյանքում:
Ես համագործակցել եմ համաշխարհային մակարդակի շատ վոկալիստների հետ, այդ թվում նաեւ Պլասիդո Դոմինգոյի, Նիկոլայ Գյաուրովի, Գրեյս Բամբրիի, Րենատո Բրուզոնի եւ շատ ուրիշների հետ: Երգել եմ գրեթե բոլոր հանրահայտ տենորների հետ՝ Ռոբերտո Ալանյայի, Մարսելո Ալվարեսի, Խոսե Կուրայի եւ մյուսների: Սակայն ես երբեք չեմ մոռանա Մետրոպոլիտեն օպերայում կայացած իմ ելույթը, երբ ես կատարում էի Լեդի Մակբեթի պարտիան լեգենդար դիրիժոր Ջեյմս Լիվայնի ղեկավարությամբ, ով իմ ելույթի վերջում մոտեցավ ինձ եւ ասաց. «You are sensational!» (խմբ. Անգլ. բառացի “Դուք սենսացիոն եք”): Երեւի թե դա կհիշեմ իմ ողջ կյանքում:
Տիկին Պապյան, Դուք հաճախ եք Ձեր հանգիստը անցկացնում Երեւանում: Ինչպիսի՞ փոփոխություններ են կատարվել մեր քաղաքում: Ի՞նչն է Ձեզ ուրախացնում, իսկ ինչը՝ ոչ: Անկասակած, դեպի լավը փոփոխություններ կան:
Ինձ անչափ ոգեւորում եւ ուրախացնում է մեր հիանալի երիտասարդությունը: Օրինակ՝ ինձ ուրախացնում է այն, որ քաղաքն ավելի մաքուր է դարձել: Ծաղիկներով լի շատ պուրակներ են հայտնվել. դա ուրախացնում է: Կամ այն, որ մարդիկ սկսել են հաճույքով հետեւել երթեւեկության կանոններին եւ փողոցն անցնում են հետիոտնային անցումներով:Երեւանում ավելի եւ ավելի քիչ մարդ է մնում: Ես ինքս եմ նկատում, թե ինչպես են այլ երկրներ մեկնում իմ ընկերներն ու ծանոթները:
Եվ, վերջապես, խնդրում ենք, կիսվեք հաջողակ երաժիշտի գաղտնիքով:
Դա աշխատասիրությունն է եւ կրկին աշխատասիրությունը: Պակաս կարեւոր չեն նաեւ նպատակասլացությունն ու ինքնավստահությունը: Ես համարում եմ, որ երաժիշտը պետք է ցանկացած հնարավորություն օգտագործի երաժշտական Օլիմպոսի իր ճանապարհին: Չի կարելի բաց թողնել ոչ մի առաջարկ: Եվ երբեք չի կարելի հուսալքվել:
Զրուցեց Գրիգոր Ավետիսյանը