«Ես տարօրինակ չեմ, ես պարզապես նորմալ չեմ». այսօր ծնվել է Սալվադոր Դալին

18:04   11 մայիսի, 2020

1904 թ-ի մայիսի 11-ին լույս աշխարհ է եկել աշխարհահռչակ իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ Սալվադոր Դալին: Նա սյուրռեալիզմի հիմնադիրներից էր:

Դալին նկարել սկսել է  10 տարեկանից: Նա մասնագիտացել է Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, սակայն այնտեղ ընդունվել նրան առաջին փորձից չի հաջողվել: Բանն այն է, որ քննության համար ներկայացրած նրա նկարը շատ փոքր է եղել չափսերով, եւ նրան խնդրել են գնալ եւ հաջորդ անգամ ուժերը փորձել այլ նկարով: Սակայն Դալին նկարի չափսերը մեծացնելու փոխարեն ավելի փոքր չափսի աշխատանք է ներկայացնում. ի վերջո, նրան ընդունում են՝ բացառության կարգով:

Սկզբնական փուլում գեղանկարիչը ծովանկարներ էր ներկայացնում: 1925 թ-ին տեղի է ունեցել նրա առաջին ցուցահանդեսը, սակայն 1926 թ-ին նրան հեռացնում են ակադեմիայից՝ պառճառաբանելով վատ վարքագիծը: Նա մեկնում է Փարիզ ու ծանոթանում մեկ այլ լեգենդար արվեստագետի՝ Պաբլո Պիկասոյի հետ: Չնայած տարիքային տարբերությանը՝ հանճարեղ իսպանացիները հեշտությամբ ընդհանուր լեզու են գտնում ու ընկերանում: Ավելին, Պիկասոն մեծ ազդեցություն է ունենում Դալիի ստեղծագործական կյանքի վրա:

Ի դեպ, Դալին նկարահանել է սյուրռեալիստական ֆիլմեր, տպագրել է նկարազարդված գրքեր, նաեւ բեմական հագուստներ է պատրաստել:

Նա տարբեր հարցերի շուրջ հետաքրքիր մոտեցում է ունեցել. ներկայացնում ենք նրա հայտնի մտքերից մի քանիսը:

«Մի վախեցեք կատարելությունից, միեւնույն է՝ երբեք դրան չեք հասնելու»:

«Ես թմրանյութեր չեմ օգտագործում. ես՝ ինքս, թմրանյութ եմ»:

«Իրական արտիստը նա չէ, ով ոգեշնչվում է, նա է, ով ոգեշնչում է մարդկանց»:

«Կարեւոր է շփոթմունք տարածելը, ոչ թե այն կրճատելը»:

«Սյուրռեալիզմը ոչնչացնող բան է, բայց ոչնչացնում է միայն այն, ինչը կապանք է համարում մեր պատկերացումների համար»:

«Ես տարօրինակ չեմ, ես պարզապես նորմալ չեմ»:

«Առաջին տղամարդը, որը երբեւէ համեմատել է կնոջ այտերը վարդի հետ, պոետ է, առաջինը, ով կրկնել է նրա միտքը, հավանաբար՝ հիմար»:

«Մի օր պաշտոնապես կընդունվի այն փաստը, որ այն, ինչ մենք կնքել ենք՝ որպես իրականություն, ավելի մեծ խաբկանք է, քան երազանքների աշխարհը»:

«Կեղծ եւ իրական հիշողությունների միջեւ տարբերությունը կարելի է համեմատել նույն զարդերի տարբերության հետ. կեղծ զարդերը միշտ ավելի ռեալ եւ փայլուն են թվում»:

«Մարդիկ սիրում են առեղծվածներ, ահա, թե ինչու են հավանում իմ կտավները»:

Լուսանկարները՝ barcelona.de, Redbubble, NEWS.am STYLE

 



© NEWS.am STYLE