Հայտնի բլոգերն իր ծննդյան օրը մահացել է վթարի արդյունքում

18:26   12 մայիսի, 2020

Ամերիկացի հայտնի բլոգեր Քորի Լա Բերին իր ծննդյան 25-րդ տարեդարձին մահացել է ավտովթարի հետեւանքով։ Այս մասին հայտնում է TMZ-ն։

Լա Բերին գտնվել է «McLaren» սպորտային մեքենայի ուղեւորի նստատեղին, որը վարել է «Դաջվածքների վարպետ» շոուի աստղ Դենիել Սիլվան։ Վարորդը կորցրել է ղեկավարումն ու բախվել նշանին ու ծառին։ Ամենածանր հարվածն այն հատվածում է եղել, ուր նստած է եղել բլոգերը։

Ավելի ուշ հայտնի է դարձել վթարի մեղավորի ձերբակալության մասին։ Ըստ որոշ տվյալների՝ նա ղեկին է եղել ալկոհոլային հարբածության վիճակում։ Մեքենան ճանապարհով ընթացել է բարձր արագությամբ։

Քորի Լա Բերին վարում էր YouTube-յան ալիքը, որը 384 հազար հետեւորդ ուներ։ Նա վերջին հրապարակումն արել է վթարի օրը՝ այն մակագրելով. «Կջնջեմ 24 ժամ անց»։ Հիմա արդեն երկրպագուները մեկնաբանություններում ցավակցում են նրա մտերիմներին։



© NEWS.am STYLE