«Ես անթերի չեմ, բայց ինձ սիրում եմ. չեմ ուզում, օրինակ, վիրահատել քիթս, որն իդեալին մոտ չէ, բայց ինձ դուր է գալիս». Օլյա Հակոբյան

15:05   13 մայիսի, 2020

Օլյա Հակոբյանն արդեն երկար ժամանակ իր առօրյայի անբաժան մասն է դարձրել մարմնամարզումները. սպորտը դերասանուհուն կոփել է ոչ միայն արտաքուստ, այլեւ ներքուստ:

NEWS.am STYLE-ի «Գեղեցկության գաղտնիքներ» խորագրի շրջանակում Օլյան կիսվել է ինքնավստահության ու հմայքի իր մոտեցումներով:

Սովորաբար, մեր այս կամ այն որոշումը պայմանավորված է լինում կյանքի որոշակի գործոնով, սակայն Օլյան նշում է` կտրուկ սպորտային ապրելակերպին անցնելն իր դեպքում որեւէ արտաքին ազդակի հետ կապված չէ:

«Այնպես չէ, որ ինչ-որ բան եղավ, որից հետո որոշեցի մարզվել, միշտ էլ սիրել եմ սպորտը: Պարզապես, հիմա երեխաներս ավելի մեծ են ու կարող եմ ժամանակ տրամադրել դրան»,-անկեղծանում է դերասանուհին` հավելելով, որ մարզվել սկսել է ոչ թե կիլոգրամներ կորցնելու, այլ մարմնի ու հոգու ամրության համար:

«Իրականում քաշիս մեջ մեծ տարբերություն տեղի չի ունեցել. սովորաբար, երբ նոր ես սկսում մարզվել ու ծանր քաշեր ես բարձրացնում, հակառակն է տեղի ունենում` քաշդ ավելանում է, որովհետեւ մկաններ ես զարգացնում, հետո սկսվում է ճարպն այրելու պրոցեսը, ու գալիս ես ինչ-որ մի չափսի»:

Միշտ ինքնավստահ եւ հմայիչ տեսք ունեցող դերասանուհին փաստում է, որ իր կյանքում էլ ոչ միշտ է ամեն ինչ այնքան հարթ լինում, որքան թվում է առաջին հայացքից.

«Շատ ուրախ եմ, որ ստեղծում եմ ինքնավստահ կնոջ տպավորություն: Իհարկե, իմ կյանքում էլ եղել են ոչ այնքան հաջող շրջաններ, բայց եթե ասեմ, թե դրանցից դրդված շատ գլոբալ փոփոխություններ եմ արել արտաքինումս, ճիշտ չի լինի: Միգուցե, այդ օրն ավելի սիրուն կամ էպոտաժային հագնված լինեմ, որ ինձ լավ զգամ, բայց բնավորությունս այնպիսին է, որ ինձ մոտ սթրեսն ու դեպրեսիան երկար չեն տեւում, ես շատ շուտ հետ եմ գալիս, որովհետեւ սիրում եմ կյանքը, ինձ, ու շնորհակալ եմ, որ ապրում եմ հենց այս պայմաններում»:

Դերասանուհու խոսքով` սպորտը նաեւ օգնում է հաղթահարել բարդույթները.

«Բարդույթներ ունի յուրաքանչյուր մարդ: Դրանցից որոշները շտկվել ու շարունակում են շտկվել սպորտի միջոցով, որովհետեւ այն ուղղում, գեղեցկացնում է ոչ միայն արտաքին, այլեւ ներքին աշխարհդ»:

Անդրադառնալով իր արտաքին առավելություններին` Օլյան նշում է.

«Եթե արտաքին ամենասիրելի գծի մասին է խոսքը` միանշանակ, սիրում եմ իմ աչքերը: Իսկ ընդհանրապես ես անթերի չեմ, բայց ես ինձ սիրում եմ: Չեմ ուզում, օրինակ, վիրահատել իմ քիթը, որն իդեալին մոտ չէ, բայց ինձ դուր է գալիս»:

Խոսելով մարզումների մյուս առավելությունների մասին` դերասանուհին հավելեց.

«Դարձել եմ տեսակով ավելի կարգապահ: Իհարկե, չհաշված այս կարանտինային օրերը, ես ամեն առավոտ պետք է գնամ մարզասրահ: Դա ոչ միայն իմ մարմնի համար է. ես դրանով իմ օրն եմ սկսում, որը հետո շարունակվում է ավելի երջանիկ ու ուրախ»:

Իսկ սննդի հարցում Օլյան իրեն չի սահմանափակում.

«Եթե ասեմ, թե միայն առողջ սնունդ եմ օգտագործում, սուտ կլինի: Ես ինձ թույլ եմ տալիս ուտել շատ տարբեր բաներ, որովհետեւ կարծում եմ, որ այս կյանքում համեղ սնվելը շատ մեծ կարեւորություն ունի. դա էլ է մարդու ներսում երջանկության հորմոններ արտադրում: Ես ինձ երջանիկ չեմ զգա, եթե ինձ իսպառ զրկեմ ամեն ինչից»,-ասում է նա:

Հարցին` արդյոք արտաքի՞նն է ազդում ներքինի վրա, թե՞ հակառակն է, դերասանուհին պատասխանց.

«Ես կասեի` ամեն ինչ փոխկապակցված է: Եթե դու տխուր ես, կարծում եմ` ամենալավ արտաքինն անգամ քեզ չի օգնի, բայց գեղեցիկ լինելն, իհարկե, բարձրացնում է տրամադրությունը»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Պարգեւ Այդինյանի եւ Օլյա Հակոբյանի անձնական արխիվից



© NEWS.am STYLE