«Կյանքն իմաստ է ստանում միայն պայքարի ժամանակ». Սթիվի Ուանդերն այսօր դարձավ 70 տարեկան

21:25   13 մայիսի, 2020

Այսօր՝ մայիսի 13-ին, ծննդյան 70-ամյակն է նշում ամերիկացի հայտնի երգիչ, կոմպոզիտոր ու պրոդյուսեր Սթիվի Ուանդերը: Ծննդյան օրվանից ի վեր տեսողությունից ամբողջությամբ զրկված տղան աշխարհը սկսեց ընկալել շփումների ու զգայարանների շնորհիվ, որոնցից ամենաակնհայտը դարձավ երաժշտությունը: Ավելին, երաժիշտը դարձավ 20-րդ դարի երաժշտության ամենաազդեցիկ կերպարներից մեկը: Սթիվին արժանացել է ավելի, քան 25 «Գրեմմի» մրցանակի, ինչը ռեկորդային թիվ է երաժշտության պատմության մեջ:

Իր առաջին պայմանագիրը Սթիվի Ուանդերը կնքել է 11 տարեկանում՝ Motown Records-ի հետ: Նա մինչ օրս շարունակում է համագործակցությունն ընկերության հետ:

Սթիվի Ուանդերի ամենահայտնի հիթերի շարքում են՝ I Just Called To Say I Love You, Isn't She Lovely, I Wish, Sir Duke, All In Love Is Fair, Skeletons, Living For The City, Superstition, Pastime Paradise, For Ones In My Life, My Cherie Amour, So What The Fuss եւ այլն:

Ներկայացնում ենք լեգենդար երաժիշտի հայտնի մտքերից մի քանիսը:

«Չես կարող քո կյանքն ապրել՝ հենվելով մյուսների սպասումների վրա»:

«Երբ գնում ես դեպի դրականը, միշտ հասնում ես ամենապայծառ աստղին»:

«Երաժշտությունն աշխարհ է աշխարհի ներսում. դրա լեզուն բոլորի համար էլ հասկանալի է»:

«Երբ հավատում ես մի բանի, ինչը չես հասկանում, այդ ժամանակ ես սկսում տառապել»:

«Երաժշտությունն արթնացնում է հուշեր, եւ որքան երկար է տվյալ երգը հնչում մեր կյանքում, այնքան ավելի շատ հուշեր ենք գտնում դրա հետ կապված»:

«Կյանքն իմաստ է ստանում միայն պայքարի ժամանակ: Հաղթանակներն ու պարտությունները միայն Աստծո ձեռքում են, պետք է յուրաքանչյուր պայքար տոն համարել»:

«Ունակություններդ կարող են քեզ բարձրացնել, բայց պետք է կայուն բնավորություն ունենաս՝ դիրքերդ պահպանելու համար»:

«Ինձ մտահոգում է այն, որ այսօր զենքը հասանելի է դարձել»:

«Եթե չես խնդրում, ապա չես էլ կարող ստանալ»:

«Եթե մարդը զուրկ է տեսողությունից, դա դեռ չի նշանակում՝ նա պատկերացում չունի»:

Լուսանկարները՝ Սթիվի Ուանդերի ֆեյսբուքյան էջից

 



© NEWS.am STYLE