Մինիմալիզմ, արծաթ եւ անտիկ մոտիվներ. հայկական ոսկերչական ապրանքանիշի եւ վրացի դիզայների նոր համատեղ աշխատանքը

16:18   14 մայիսի, 2020

Հայկական «4tysevenjewelry» ոսկերչական ապրանքանիշը, որը մասնագիտացած է արծաթե ու մարգարտյա արտադրանքի վրա, զարդերի նոր հավաքածու է ստեղծել վրացական «Individi» ապրանքանիշի դիզայներ Թամար Դավիթնիձեի հետ համատեղ։

«Յուրաքանչյուր արտադրանք առանձնանում է մինիմալիզմի ու գեդոնիզմի նրբաճաշակ պարզությամբ։ Գովազդային արշավի գլխավոր կոնցեպտն է «քիչ նշանակում է շատ, իսկ պարզը՝ բարդ»։ Զարդերը պատրաստված են մարգարտից, արծաթից ու ոսկուց, հիշեցնում են օրգանական ուրվագծեր,  երկրաչափական ձեւեր եւ գծեր»,- նշել է «4tysevenjewelry» ապրանքանիշի դիզայներ Իռեն Իսահակյանը։

Նրա խոսքով՝ գովազդային նոր արշավը ոգեշնչված է բնությամբ, պարզ գծերի ու ալիքների հակիրճությամբ։ Հայ-վրացական համագործակցության արդյունքում ստեղծվել են եզակի ականջօղեր, չոկերներ եւ վզնոցներ։

Վրացական «Individi» ապրանքանիշը ստեղծվել է 2018թ.-ին վրացի դիզայներ Թամար Դավիթնիձեի կողմից։ Ապրանքանիշը հպարտանում է իր՝ ժամանակի իշխանությանը չենթարկվող Էլեգանտությամբ՝ յուրահատուկ ուշադրություն հատկացնելով բնական գործվածքներին ու բարձրորակ վարպետությանը։



© NEWS.am STYLE