Մերի-Քեյթ Օլսենն ու Օլիվյե Սարկոզին ամուսնալուծվում են․ եւ բաժանությունը, հաստատ, սկանդալային է լինելու

14:36   14 մայիսի, 2020

Հայտնի դերասանուհի քույրերից մեկը՝ Մերի-Քեյթ Օլսենը, բաժանվել է ֆրանսիացի մուլտմիլիոնատեր Օլիվյե Սարկոզիից։ Դիզայները փորձել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում ամուսնալուծության գործընթաց սկսել, սակայն դա նրան չի հաջողվել։ Զույգն ամուսնացած է 5 տարի։

TMZ-ի հաղորդմամբ՝ նա ամուսնալուծության մասին հայտարարությունը ներկայացրել է դեռ ապրիլի 17-ին, սակայն կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումների պատճառով դատարաններն առայժմ նրանց չեն ամուսնալուծում. բացառությամբ այն դեպքերի, որոնք կարող են շտապ ճանաչվել։

Օլսենի փաստաբանները վստահ են, որ 50-ամյա Սարկոզին առանց կնոջ համաձայնության խզել է բնակարանի վարձակալության պայմանագիրը, ուր ապրում էր աստղային զույգը։ Ապագա նախկին ամուսինը Մերի-Քեյթին հայտարարել է, որ նա բնակարանից իր իրերը պետք է հավաքի մայիսի 18-ից ոչ ուշ։

 



© NEWS.am STYLE