«Այսօր երազանք է դարձել ընկերներին գրկելը… Բայց ես վստահ եմ, որ այս ամենը շուտ կավարտվի». Ջուլիա Եղշատյանի 26-ամյակն ու երազանքները (ֆոտո)

14:25   16 մայիսի, 2020

Սերիալային դերասանուհի Ջուլիա Եղշատյանը երեկ՝ մայիսի 15-ին, նշում էր ծննդյան 26-ամյակը: Թեեւ Ջուլիան մտադրություն չուներ որեւէ կերպ նշել ծննդյան օրը, քույրերը որոշել են հետաքրքիր անակնկալ կազմակերպել նրա համար: Թե ինչպես է անցել իր օրը, դերասանուհին պատմել է NEWS.am STYLE-ին:

«Անսահման դրական էներգիայով եմ արթնացել ծննդյանս օրը: Այդ օրը ես ինձ միշտ լիարժեք սիրված եմ զգում՝ եւ հարազատներիս, եւ ընկերներիս, եւ որ ամենակարեւորն է՝ ինձ համար բոլորովին անծանոթ մարդկանց կողմից: Ամեն տարի սրտատրոփ սպասել եմ ծննդյանս օրվան, առհասարակ, շատ եմ սիրում մայիս ամիսը, ու ուրախ եմ, որ հենց այս ամսին եմ ծնվել: Զգացողություններս, իհարկե, առաջվանը չեն, չէ՞ որ, տարեց տարի մենք ավելի ենք հասունանում, ավելի գիտակից եւ պատրաստ ենք դառնում: Կյանքում ամենակարեւորը տարեց տարի առաջ գնալն է»,-ասում է Ջուլիան՝ խոստովանելով, որ նախկինում 26-ն իր համար չափազանց մեծ տարիք էր թվում, բայց ժամանակի ընթացքում փոխել է կարծիքը.

«Իրոք, աննկարագրելի արագությամբ են թռչում տարիները: Ասես՝ երեկ լիներ, երբ դպրոցական էի կամ ուսանողուհի, իսկ հիմա 26-ամյա հասուն աղջիկ եմ: Երբ 20 տարեկան էի, ինձ համար 26-ն այնքան մեծ էր թվում, իսկ հիմա հասկանում եմ, որ երբ մարդն ինքն իրեն չի ծանրացնում, տարիքը բացասական ազդեցություն չի ունենում նրա վրա: Ժպիտով ու սիրով դիմավորում եմ Աստծո կողմից ինձ տրված ամեն մի օրը»:

Ջուլիան նշում է, որ մտադիր չէր հատուկ արարողությամբ նշել ծննդյան օրը, սակայն քույրերի անակնկալի արդյունքում հրաշալի օր է ունեցել.

«Այնպես չէ, որ կարանտինի մեջ չլինեինք, մեծ ծնունդ էի անելու. ցանկանում էի, ուղղակի, քաղաքից դուրս գնայինք: Մինչեւ ծննդյանս նախորդ օրը հստակ որոշել էի ոչինչ չանել, բայց քույրերս ծրագրեցին ինձ տնից դուրս հանել ու տանել այգի, որտեղ նրանց, մայրիկիս եւ ամենամտերիմ ընկերուհիներիցս մի քանիսի հետ փոքրիկ պիկնիկ կազմակերպեցինք՝ իհարկե պահելով բոլոր կանոնները. մեզ հետ վերցրել էինք ալկոգել, սպիրտ… մաքուր օդն էլ նպաատեց, որ ամեն ինչ ուրախ անցնի: Ճիշտ է՝ ընկերներիս մեծամասնությունը կողքիս չէին, բայց մենք որոշեցինք, որ պետք է անպայման պահել ընդունված սահմանափակումները»:

Ջուլիայի այս տարվա ծննդյան երազանքը տարբերվում է մյուս տարիների երազանքներից.

«Երազում եմ, որ ամբողջ աշխարհը դուրս գա այս դժվարին իրավիճակից: Ծննդյանս տորթի մոմերը փչելիս հենց այդ երազանքն եմ պահել… Այսօր երազանք է դարձել ընկերներին գրկելը, կամ պարզապս մեր սիրելի քաղաքում երկար քայլելը: Բայց ես վստահ եմ, որ այս ամենը շուտ կավարտվի եւ մեր ազգը հնարավորինս անվնաս կմնա: Այս դրությունից դուրս գալուց հետո մենք բոլորս ավելի ենք արժեւորելու կյանքն ու նրանում գտնվող մարդկանց»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարնրը տրամադրել է Ջուլիա Եղշատյանը



© NEWS.am STYLE