Ինչո՞ւ էին ծաղրում դասարանցիները եւ ինչո՞ւ որոշեց մաքրել Մոնրոյի նկարով դաջվածքը. հետաքրքիր փաստեր օրվա հոբելյար Մեգան Ֆոքսի մասին

19:25   16 մայիսի, 2020

Այսօր՝ մայիսի 16-ին, ծնվել է ամերիկացի հայտնի դերասանուհի եւ մոդել Մեգան Ֆոքսը: Գեղեցկուհին նշում է ծննդյան 34-ամյակը: Ֆոքսը հայտնի է «Տրանսֆորմերները», «Նինջա կրիաները», «Ջեսիկայի մարմինը», «Մտածիր, ինչպես շունը» եւ այլ ֆիլմերից:

Մեգան Ֆոքսն ամուսնացած է դերասան Բրայան Օսթին Գրինի հետ: Զույգն ունի երեք որդի:

Դերասանուհու մասին ոչ այքան հայտնի ու հետաքրքիր մի քանի փաստ առաջարկում ենք ընթերցել ստորեւ.

Ի ծնե մոդել

Մեգան Ֆոքսը մոդելինգով սկսել է զբաղվել 13 տարեկանից: Նա մի շարք մրցանակների է արժանացել սկսած այդ վաղ տարիքից:

Առաջին աշխատանքն ու դասարանցիների ծաղրը

Դեռահասության շրջանում Ֆոքսը տարատեսակ աշխատանքներ է կատարել: Գեղեցկուհին ստիպված է եղել բանանի հագուստով գովազդել հյութերի ընկերություն, եւ հաճախ նրան այդ գործում տեսնում էին դասարանցիները, ինչի պատճառով նրան դպրոցում ծաղրում էին:

Անավարտ կրթություն

 Հենց այդ ծաղրանքների պատճառով էլ, հավանաբար, Ֆոքսը դպրոցը շատ վաղ է լքել: Նա 17 տարեկանում մեկնել է Լոս Անջելես՝ կարիերա սկսելու նպատակով:

Հնարամիտ միջոց՝ եթե չես սափրել ոտքերդ

Կարիերան սկսելու առաջին փուլում դերասանուհին չուներ բավարար գումար: Նա անգամ ի վիճակի չէր գնել որոշակի խնամքի պարագաներ եւ հաճախ չէր կարողանում սափրել ոտքերը: Իսկ լուծումը շատ պարզ էր՝ նա միշտ տաբատ էր կրում:

Ցածր ինքնագնահատական

Չնայած նա բազմիցս արժանացել է սեքս-խորհրդանիշ կոչմանը, եւ շատ կանայք ձգտում են ունենալ նրա արտաքինից՝ Ֆոքսը խոստովանել է, որ ինքը բավական ցածր ինքնագնահատական ունի եւ հաճախ ստիպված է պայքարել կպչուն մտքերի դեմ:

Մոնրոյի դաջվաքն ու բացասական էներգիան

Մեգան Ֆոքսը հայտնի է նաեւ իր բազմիմաստ դաջվածքներով: Ֆոսքը նշել է, որ իր առաջին դաջվածքն արել է 19 տարեկանում: Դերասանուհի-մոդելը նշել է, որ դաջվածքներն օգնում են իրեն դրսեւորել իր թաքնված կողմերը: Ի դեպ, ժամանակին Ֆոքսն իր ձեռքին դաջել էր նաեւ Մերլին Մոնրոյի դեմքը, սակայն ավելի ուշ մաքրել է այն՝ նշելով, որ Մոնրոն բացասական կենսագրություն ուներ, եւ ինքը չէր ցանկանում դառնալ այդ լիցքերի կրողը:

Բրիթնի Սփիրսն ու ավիաֆոբիան

Ֆոքսը վախենում է թռիչքներից. նա նշել է, որ իր ֆոբիայի դեմ պայքարում է ինքնաթիռում՝ Բրիթնի Սփիրսի ալբոմը լսելով: «Ես համոզված եմ, որ իմ ինքնաթիռը վթարի չի ենթարկվի, եթե ես Բրիթնիի երգերը լսեմ»,-ասել է նա:

Լուսանկարները՝ Մեգան Ֆոքսի ֆեյսբուքյան էջից, Michael Sohn/AP/REX/Shutterstock, Getty Images, Harper’s Bazaar



© NEWS.am STYLE