Էդ Շիրանն ու Դենիելի Ռեդկլիֆը՝ Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երիտասարդ բնակիչների տասնյակում

11:11   18 մայիսի, 2020

Երաժիշտ Էդ Շիրանն ու դերասան Դենիել Ռեդկլիֆը, The Sunday Times-ի վարկածով, հայտնվել են Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երիտասարդ բնակիչների տասնյակում։

Երաժիշտ Էդ Շիրանը, որն ավելի վաղ, Official Charts-ի վարկածով, դարձել է Մեծ Բրիտանիայում տասնամյակի արտիստ, ցանկում զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը։ Նրա ունեցվածքը վերջին տարում 40 մլն-ով ավելանալուց հետո գնահատվում է 200 մլն ֆունտ ստերլինգ։

Հայտնի դերասան Դենիել Ռեդկլիֆը, որը Հարի Փոթերի մասին ֆիլմերում խաղացել է գլխավոր դերը, The Sunday Times-ի ցանկում իններորդ հորիզոնականում է։ Պարբերականը նրա ունեցվածքը գնահատել է 94 մլն ֆունտ ստերլինգ։ Նրա գործընկերը՝ Էմմա Ուոթսոնը, 52 մլն ֆունտ կարողությամբ զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։

Այս տարի ցանկի առաջատար է դարձել Վեսթմիսթերի դուքս Հյու Գրոսվենորը։ Դեւքսի ունեցվածքը գնահատվում է 10,295 միլիարդ ֆունտ ստերլինգ։ Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց ցանկում նա զբաղեցրել է իններորդ հորիզոնականը։

Բրիտանիայի ամենահարուստ բնակիչների տասնյակում հայտնվել են նաեւ Վելինգթոնի դուքսի դուստր Շառլոտա Ուելսլին, սպորտային ապրանքանիշի ստեղծող Բեն Ֆրանցիսը, Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը եւ երաժիշտ Հարի Սթայլզը։



© NEWS.am STYLE