«Միշտ ձգտում եմ աշխատել, ինչն այնքան էլ բնորոշ չէ իմ տարիքի երիտասարդներից շատերին». Գեւորգ Մկրտչյանը՝ ծննդյան 22-ամյակի ու ընկերների անակնկալի մասին

15:05   18 մայիսի, 2020

Երգիչ, դերասան Գեւորգ Մկրտչյանը մայիսի 16-ին նշում էր ծննդյան 22-ամյակը: «Անհասցե ծնվածները» սերիալում նկարահանվող դերասանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց, որ չէր պլանավորում ինչ-որ կերպ նշել տարեդարձը, բայց մտերիմ ընկերներն անակնկալ էին կազմակերպել իր համար:

Գեւորգի ծննդյան օրվա մյուս մանրամասները եւս կգտնեք մեր նյութում:

Երգիչ-դերասանը նշում է,-«22 տարեկան դարձա, բայց կարծում եմ՝ տարիքիս համեմատ ավելի հասուն եմ, որովետեւ միշտ ձգտում եմ աշխատել, ինչն այնքան էլ բնորոշ չէ իմ տարիքի երիտասարդներից շատերին: Շատերն այս տարիքում փորձում են կյանքը վայելել, մտածում են՝ աշխատել դեռ կհասցնեն, իսկ ես միշտ մտածում եմ աշխատելու, իմը ստեղծելու, էլ ավելի կայանալու մասին»:

Այս տարվա ծննդյան օրվա հետ կապված Գեւորգն այլ ծրագրեր ուներ, սակայն կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով՝ չկարողացավ դրանք իրագործել.

«Սովորաբար, որքան ծննդյանս օրը մոտենում է, այնքան ավելի շատ եմ նյարդայնանում (ծիծաղում է): Անցած տարի, երեւի, մոտ երկու ամիս պատրաստվել էի այդ օրվան, այս տարի միայն վերջին մի քանի օրերին նկատեցի, որ ծննդյանս օրը մոտենում է: 6 ամիս առաջ ծրագրում էի ծնունդս նշել կամ Բալիում, կամ Թաիլանդում, բայց կարանտինը ստիպեց, որ մտածեմ՝ Սեւանն էլ վատ Բալի չէ»,-կատակում է ու հավելում,-«Պետք է ունենայի սովորականի պես օր, բայց ընկերներս չթողեցին, որ ձանձրանամ, որոշեցին մի բան կազմակերպել: Այնքան արագ կազմակերպեցին, որ օրվա մեծ մասը կորցրինք (ծիծաղում է), Սեւանի մի ափից մյուսն էինք գնում, չէինք կողմներոշվում՝ որտեղ նշել»:

Գեւորգի երկրպագուները հետաքրքրված են ոչ միայն նրա երաժշտական նորություններով եւ սերիալային դերերով, այլեւ անձնական կյանքով: Գաղտնիք չէ, որ երգիչն ընկերություն է անում դերասանուհի Իրինա Այվազյանի հետ, որը եւս մասնակցել է նրա ծննդյան տոնակատարությանը, սակայն Իրինայի անակնկալի մասին Գեւորգը նախընտրեց լռել:

Ինչպես շատերը՝ Գեւորգը եւս կարանտինի ընթացքում փորձել է հնարավորինս շատ նոր բաներ ուսումնասիրել, սովորել եւ կյանքի կոչել մտքերից մի քանիսը.

«Կարանտինի ընթացքում շատ նոր մտքեր առաջացան: Բնույթով այնպիսին եմ, որ չեմ ուզում նույն տեղում մնալ, միշտ մտածում եմ նոր բաների մասին, որոնք առաջինը հենց ես կներկայացնեմ: Տանը մնալու շատ ժամանակ կար, ու այն պետք էր ճիշտ օգտագործել: Ինձ նոր կողմերից բացահայտեցի. երբեք չէի մտածի, որ ինձ մոտ կստացվի երաժշտություն գրել, բայց դա էլ արեցի, նոր սցենարներ մտածեցի տեսահոլովակներիս համար, նաեւ սերիալային նախագծի նոր մտահաղացումներ առաջացան, որոնք, եթե կյանքի կոչեմ, վստահ եմ՝ մեծ արձագանքներ կունենան»:

Իսկ նպատակների մասին Գեւորգն առայժմ լռում է,-«Եթե մինչեւ մյուս ծննդյանս օրն իրագործեմ մտքումս պահած նպատակս, անպայման կբարձրաձայնեմ այն»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարներները՝ Գեւորգ Մկրտչյանի ինստագրամյան էջից



© NEWS.am STYLE