«Հիմա եմ հասկանում, թե ինչու են ասում, որ երեխան ամենամեծ հրաշքն է». Մարինա Մնացականյանն ու Սեյրան Մովսիսյանը սպասում են իրենց առաջնեկին

11:21   20 մայիսի, 2020

Դերասանական հայտնի զույգ Սեյրան Մովսիսյանն ու Մարինա Մնացականյանը սպասում են իրենց առաջնեկին: Երիտասարդ ամուսինները որդի են ունենալու, որը լույս աշխարհ կգա ձմռանը:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մարինան նշեց, որ աննկարագրելի զգացողություններ ունի եւ իրեն շատ լավ է զգում նոր կարգավիճակում: «Հղիությանս մասին իմացել եմ շատ պատահական: Երբ իմացա, սկզբի պահին ոչինչ չէի զգում, չէի գիտակցում. միգուցե, շատերն ինձ կհասկանան: Երբ ամեն ինչ հաստատվեց, նոր միայն Սեյրանին հայտնեցի: Ի դեպ, անակնկալ կերպով եմ դա արել, բայց չեմ ցանկանում բարձրաձայնել, թե ինչպես»,- ասաց դերասանուհին` շարունակելով,- «Երբ դեռ նոր էինք ամուսնացել, մեր ընտանիքում չկար երեխայի մասին խոսակցություն, ու երբ իմացանք, որ նման հեքիաթային հրաշք է մեզ սպասվում, մեր երջանկությունը կրկնապատկվեց, ու հիմա եմ հասկանում, թե ինչու են ասում, որ երեխան ամենամեծ հրաշքն է: Սա այն զգացողությունն է, որը բառերով չես կարող նկարագրել»:

Մարինան նշեց, որ ինքն ու Սեյրանը շատ ուրախ են, որ որդի են ունենալու, բայց իրենց համար երեխայի սեռը միեւնույն է եղել. «Մեզ համար երեխայի սեռը կարեւոր չէր, միշտ էլ նշել ենք, որ ամենակարեւորը` երեխան լինի առողջ: Ես` ինքս, չեմ պատկերացրել, որ որդի եմ ունենալու, որովհետեւ քույրեր ունեմ, միշտ աղջիկներով եմ շրջապատված եղել, բայց շատ էի ոգեւորվել այս լուրից, Սեյրանն էլ, բնականաբար, շատ է ուրախացել»:

Թե ինչ են անվանելու փոքրիկին, զույգը դեռ չի կողմնորոշվել, բայց արդեն ակտիվորեն մտածում են այդ հարցի շուրջ. «Ունենք անվան մի քանի տարբերակ, բայց դեռ չենք կողմնորոշվում... Երեւի` երբ ծնվի, նրան կտեսնենք ու կհասկանանք` ինչ անունով կնքել»,- ասաց Մարինան:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Մարինա Մնացականյանը



© NEWS.am STYLE