«Եղել են դեպքեր, որ ինձ մերժել են, սակայն երբեք չեմ կոտրվել». «Փափուկ խաղալիք» սիթքոմից հայտնի Իլոնա Մկրտչյանի նոր ֆոտոշարքն ու խոստովանությունները

15:05   21 մայիսի, 2020

Երիտասարդ դերաանուհի Իլոնա Մկրտչյանին շատերը բացահայտեցին «Փափուկ խաղալիք» սիթքոմի շնորհիվ, որտեղ նա մարմնավորում է Մանեին՝ Մկրտիչ Արզումանյանի կերպարի դստերը: 17-ամյա դերասանուհու հերոսուհին կամակոր է, ըմբոստ եւ միշտ պատրաստ է հակառակվել ծնողներին: NEWS.am STYLE-ը զրուցել է Իլոնայի հետ՝ փորձելով բացահայտել, թե ինչպիսին է երիտասարդ աղջիկն իրական կյանքում:

Ի դեպ, դերասանուհին մեզ է տրամադրել նաեւ իր նոր ֆոտոշարքը, որն իրականացրել է լուսանկարիչ Վահագ Ավանեսյանի հետ:

Իլոնա, եթե չեմ սխալվում, Ճարտարաետության եւ շինարարության քոլեջում ես սովորում: Ի՞նչ մասնագիտություն ես ստանում, ու ինչպե՞ս ստացվեց սիթքոմում հայտնվելդ:

Այո, սովորում եմ Ճարտարապետության եւ շինարարության քոլեջում՝ Հագուստի մոդելավորում եւ դիզայն բաժնում: Սիթքոմում հայտնվել եմ քասթինգի միջոցով: Դեռ 2015-ից ոչ մի քասթինգ բաց չեմ թողել, միշտ մասնակցել եմ, ու ինչպես տեսնում եք, արդյունքում հաջողվեց, եւ ես հատնվեցի հեռուստաեթերում, ինչի մասին վաղուց էի երազում:

Երբ իմացար, որ Մկրտիչ Արզումանյանի հետ ես նկարահանվելու, ի՞նչ զգացիր:

Միանշանակ, շատ ոգեւորվեցի, հպարտացա, քանի որ նման արտիստ ունենալը մեծ պարծանք է մեր երկրի համար: Իհարկե, այն բոլոր խաղընկերներս, որոնք պրոֆեսիոնալ դերասաններ են, միշտ ինձ աջակցում են ռեժիսորի գլխավորությամբ, ճիշտ խորհուրդներով ինձ ուղղորդում են: Շատ բան եմ սովորում նաեւ իմ մայրիկի դերում հանդես եկող Անուշիկ Առաքելյանից: Բոլորն էլ իրենց ներդրումն ունեն իմ խաղի մեջ... Ինքս էլ ինքնաքննադատ եմ ու փորձում եմ ուղղել այն, ինչն ինձ դուր չի գալիս: Ամեն սերիայի հետ ինքս ինձ  վրա աշխատում եմ ու փորձում շտկել թերություններս: Թե որքանով է ստացվում, դա արդեն պետք է հեռուստադիտողը գնահատի (ժպտում է):

Հերոսուհիդ բավական բարդ հարաբերությունների մեջ է հոր հետ, դու ինքդ ի՞նչ հարաբերություններ ունես հայրիկիդ, ընտանիքիդ հետ:

Այո, հերոսուիս բարդ հարաբերություններ ունի իր ընտանիքի անդամների հետ, բայց ես նման բարդություններ չունեմ: Ընտանիքս միշտ ինձ աջակցում է, եւ ես շատ շնորհակալ եմ նրանց, որ կողքիս են:

Ի՞նչ հետաքրքրություններ ունես առհասարակ:

Հետաքրքրություններս շատ են: Սիրում եմ նաեւ երգարվեստը, ու տանը ազատ ժամանակ երգում եմ: Հետագայում նպատակ ունեմ հայտնվել նաեւ թատրոնում: Բեմը, արվեստը, միանշանակ, ինձ իրենց հետ «տանում են»:

Եթե ճիշտ եմ նկատել, նաեւ մոդելինգով ես զբաղվում: Այդ ասպարեզում  ինչպե՞ս հայտնվեցիր:

Այս ասպաեզում, ինչպես եւ հեռուստատեսությունում, հայտնվեցի քասթինգների միջոցով: Եղել են դեպքեր, որ հասակս չի համապատասխանել, ինձ մերժել են, սակայն երբեք չեմ կոտրվել եւ միշտ փորձել ու փորձում եմ չկոտրվել, չհանձնվել ու հաղթահարել այն բոլոր դժվարությունները, որոնք կյանքը տալիս է ինձ:

Ի՞նչ մասնագիտության մեջ ես քեզ պատկերացնում հետագայում:

Կարծում եմ՝ այս հարցին դեռ չեմ կարող պատասխանել: Դեռ փորձում եմ կողմնորոշվել: Հետագայում արդեն կտեսնեմ՝ որն  ավելի հոգեհարազատ կլինի ինձ եւ ավելի լավ կստացվի ինձ մոտ:

«Փափուկ խաղալիքից» հետո այլ նախագծերում նկարահանվելու պայմանավորվածություններ կա՞ն:

Ոչ, առայժմ որեւ հստակ պայմանավորվածություն չունեմ, բայց շատ շուտով արդեն համագործակցությունս eLSi բրենդի հետ կշարունակվի: Կներկայացնենք նոր ֆոտոշարք:

Տարիներ առաջ այս ամենի մասին անգամ չէի կարող մտածել: Նույնիսկ, ամիսներ առաջ հեռուստաեթերում հայտնվելն ինձ համար երազանք էր, սակայն չեմ սահմանափակվել այս ամենով եւ կարծում եմ՝ յուրաքանչյուրս պետք է միշտ սովորենք ու ձգտենք հասնել ավելիին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE