«Մինչեւ կինը չլինի ինքնաբավ, նա չի կարող երջանկացնել տղամարդուն». Գայանե Ավետիսյանի բնական տեսքը՝ նոր ֆոտոշարքում ու անկեղծ զրույցը

15:03   23 մայիսի, 2020

Դերասանուհի Գայանե Ավետիսյանը նոր ֆոտոշարք է իրականացրել լուսանկարչուհի Աննա Ալեքսանյանի հետ, որն առաջինը տրամադրել է NEWS.am STYLE-ին: Գայանեն լուսանկարներում ներկայացել է բնական տեսքով՝ ցուցադրելով նաեւ ներքին զգացողությունները: Դերասանուհին պատասխանել է մեր հարցերին՝ խոսելով առանց դիմահարդարման ներկայանալու, փոփոխություններով պայմանավորված հոգեվիճակի, կանացի երջանկության, իր հանդեպ նախանձի եւ այլ թեմաների շուրջ:

Գայանե, ո՞ւմ մտահաղացումն էր, որ հենց այդպիսի՝ բնական տեսքով պետք է ներկայանաս ֆոտոշարքում:

Վաղուց էի ցանկանում բնական կերպարով ներկայանալ, որտեղ ես այնպիսին եմ, ինչպիսին կամ՝ առանց շպարի, ու ցույց տալ ներքին հոգեվիճակս, թե ինչքան եմ ես բնությանը մոտ: Մտահաղացումն իմն է, բայց լուսանկարիչը՝ Աննան, շատ լավ կարողացել է դա պատկերել: Կարծում եմ՝ հետաքրքիր լուսանկարներ են ստացվել:

Շատերը հաճախ հաշտ չեն լինում իրենց արտաքինի հետ, հատկապես, երբ շպարված չեն: Երբեւէ եղե՞լ է, որ բարդույթներ ունենաս արտաքինի հետ կապված:

Ես երբեւէ չեմ ունեցել բարդույթներ: Իհարկե, բարդույթներ ունեն բոլորը, բայց արտաքինի հետ կապված բարդույթներ չունեմ, որովհետեւ մարդ գեղեցիկ է այնպես, ինչպես ստեղծված է բնությունից: Միշտ ինձ ավելի լավ եմ զգացել առանց շպարի:

Ե՞րբ ես քեզ ավելի գեղեցիկ եւ ներդաշնակ զգում:

Ես ինձ ներդաշնակ եւ գեղեցիկ եմ զգում, երբ արտաքինս եւ ներքինս համապատասխանում են իրար, երբ կա հոգու հետաքրքիր բալանս, երբ մտքերս խառնված չեն: Այդ ամեն ինչն արտացոլվում է արտաքինի վրա: Կարելի է ասել, որ ես ինձ լավ եմ զգում հենց այս ֆոտոշարքի կերպարում, որտեղ հենց ես եմ, չկա ոչ մի ավել բան, նույնիսկ ինչ-որ հատուկ կեցվածք չեմ ընդունել լուսանկարվելիս: Պարզապես, Աննան ֆիքսել է այն էմոցիաները, որոնք տվյալ պահին ունեցել եմ:

Ամենատպավորիչ հաճոյախոսությունը, որը երբեւէ ստացել ես, ո՞րն է եղել:

Ամենատպավորիչն այն հաճոյախոսությունն էր, երբ ինձ ասել են՝ ինչ սիրուն են պեպեններդ (ծիծաղում է):

Կոսմետիկայի ո՞ր պարագան ես պարտադիր օգտագործում:

Միշտ օգտագործում եմ շուրթերը փափկեցնող բալզամ:

Ե՞րբ ես, սովորաբար, դիմում ոճափոխությունների. դա պայմանավորված է ներքի՞ն, թե՞ արտաքին գործոններով:

Առհասարակ, մարդը դիմում է ոճափոխությունների, երբ ինչ-որ բան չի կիսում ինքն իր հետ: Ներքին պայքարի հետաքրքիր միջոց է նաեւ արտաքին փոփոխությունը: Եղել են  դեպքեր, երբ կտրուկ փոփոխել եմ արտաքինս՝ մազերս եւ այլն, բայց փառք Աստծո՝ հիմա չունեմ նմանատիպ ցանկություն, ինչը նշանակում է, որ շատ լավ հոգեվիճակում եմ:

Ո՞վ է բոլոր ժամանակների ամենագեղեցիկ կինն ըստ քեզ:

Ինձ համար բոլոր ժամանակների ամենագեղեցիկ կինը՝ որպես դերասանուհի, Ջուլիա Ռոբերթն է, իսկ, առհասարակ, չկա տգեղ կին, բոլոր կանայք են գեղեցիկ՝ լինի արտաքին, թե ներքին գեղեցկություն: Կանայք, կարծում եմ, Աստծո ստեղծած ամենագեղեցիկ էակներն են, եւ, իհարկե, ինձ համար ամենագեղեցիկ կինն իմ մայրիկն է:

Ավելի ճշմարիտ են տղամարդկա՞նց հաճոյախոսությունները, թե՞ կանանց:

Միանշանակ, ավելի ճշմարիտ են տղամարդկանց հաճոյախոսությունները: Որքան էլ՝ մենք չնկատենք, կանայք չեն սիրում անել հաճոյախոսություններ: Հաճոյախոսություն կարելի է լսել այն կանանցից, որոնք վստահ են իրենց ուժերի վրա, հաջողակ են եւ գնահատում են իրենց արժեքը: Այդ դեպքում նրանք կարողանում են տեսնել գեղեցիկն ու բարձրաձայնել այն:

Երբեւէ զգացե՞լ ես նախանձ քո հանդեպ:

Որքան էլ հիմա տարօրինակ թվա ասածս, իսկապես, զգում եմ նախանձ իմ հանդեպ, եւ այն զգում եմ անգամ կիլոմետրերից: Նախանձող մարդկանց վատ էնեգիան միանգամից գալիս է ինձ մոտ, իհարկե, շատ մոտ չեմ թողնում, բայց շատ շուտ կարողանում եմ զգալ նախանձն ու, ուղղակի, պատ եմ շարում, որ այն ինձ չհասնի: Չգիտեմ՝ ինչու է այդպես, բայց աշխարհում նախանձը շատացել է:

Ինքդ մարդկանց ո՞ր հատկանիշներին կամ ձեռքբերումներին կարող ես նախանձել:

Առհասարակ, ես ոչ ոքի չեմ նախանձում եւ չեմ էլ սիրում դրա մասին խոսել, բարձրաձայնել, որովհետեւ ինձ համար այդ հատկությունը հիվանդություն է, եւ փառք Աստծո, որ ես դրանով հիվանդ չեմ: Ես, պարզապես, կարող եմ տեսնել, նպատակասլաց, շատ կամեցող, բարի ու չհանձնվող մարդկանց, որոնցից կարող եմ օրինակ վերցնել, որոնց քայլերը կարող եմ հասկանալ… Դա նախանձ չեմ համարում, դա համարում եմ լավ օրինակ: Մարդ միշտ էլ կարող է տեսնել դիմացինի լավ հատկանիշները եւ փորձել դրանցից գտնել իր մեջ, կամ ձեռք բերել:

Կանացի երջանկությունը պարտադի՞ր է, որ կապված լինի տղամարդու ներկայության հետ:

Ինձ համար պարտադիր չէ, որ կանայք երջանիկ լինեն միայն այն ժամանակ, երբ իրենց կողքին կա տղամարդ: Կինը պետք է ինքն իրենով, իր կյանքով, իր առօրյայով, իր ներքինով, իր գեղեցկությամբ, հոգեւոր արժեքներով, իր առավելություններով կարողանա լինել երջանիկ: Մինչեւ կինը չլինի ինքնաբավ, նա չի կարող երջանկացնել տղամարդուն: Իհարկե, տղամարդը լրացնում է կնոջ երջանկությունը:

«Երկուսով» սերիալի քո կերպարի ո՞ր գծերը կցանկանայիր ունենալ նաեւ իրական կյանքում:

«Երկուսով» սերիալի կերպարի հատկությունները, որոնք ես կուզեի ունենալ, չեմ պատկերացնում իրական կյանքում, որովհետեւ այնտեղ ես խաղում եմ հոգատար մոր կերպար, ինչն ավելի շատ փորձել եմ վերցնել կողքից՝ նայելով այլ մարդկանց հատկանիշները: Քանի որ իրական կյանքում ես դեռ չունեմ մայր լինելու այդ փորձը, դեռ չգիտեմ՝ ինչ կսպասվի ինձ, կուզենա՞մ ունենալ այդպիսի բնավորություն, թե՞ ոչ… Չնայած՝ ցանկացած կերապար դերասանն անցկացնում է իր միջով, ու այս կերպարի մեջ կան գծեր, որոնք իմ կողմից եմ դրել՝ հոգատարությունը, չափից դուրս անհանգստանալու, շատ սիրելու բնավորությունը եւ այլն:

Եթե լինեիր նկարչուհի, ինչպիսի՞ն ու ի՞նչ գույների մեջ քեզ կնկարեիր:

Քանի որ իմ մեջ հոսում է պապիկիս՝ Արամ Ավետիսյանի արյունը, որը հրաշալի, տաղանդավոր, նկարիչ է, կարծում եմ՝ հետաքրքիր կլիներ, եթե ես էլ նկարեի, չնայած՝ կարծում եմ, որ մարդ պետք է զբաղվի նրանով, ինչը նրա մոտ լավ է ստացվում: Շատ տարիներ առաջ ես փորձել եմ, եւ որքան էլ տարօրինակ է, վերջերս էլ ցանկություն առաջացավ նկարելու: Իսկ եթե ինձ նկարեի, կնկարեի անտառի կանաչի, երկնքի սպիտակի ու երկնագույնի, բաց վարդագույնի ու ոսկեգույնի մեջ: Չգիտեմ՝ ինչու, բայց այդ գույները մտքիս եկան այս պահին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE