Պրիգոժինը բողոքել է կորոնավիրուսի հետեւանքով արտիստների «սարսափելի» վիճակից

22:03   23 մայիսի, 2020

Պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը բողոքել է, որ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով շատ արտիստներ սարսափելի վիճակում են հայտնվել։ Այդ մասին նա հայտնել է «Вечерняя Москва»-ին տված հարցազրույցում։

«Նույնիսկ ամենահայտնի ու պահանջված աստղերի առաջին տասնյակն է գործնականորեն կարիքի մեջ, քանի որ նրանք զրկվել են գումար վաստակելու հնարավորությունից»,- նշել է Պրիգոժինը՝ հավելելով, որ հիմա արտիստները ստիպված են «ուտել այն, ինչ հաջողվել է խնայել ժամանակին»։

Նրա խոսքով՝ այս իրավիճակում են գտնվում ե՛ւ երաժիշտները, ե՛ւ պարողները, ե՛ւ դերասանները, ե՛ւ կրկեսի արտիստները։ Ընդ որում, պրոդյուսերը կարծում է, որ իրավիճակը կես տարուց շուտ չի լավանա։ Պրիգոժինը հավելել է, որ մասսայական միջոցառումների անցկացման սահմանափակումները հանելուց հետո, ամենայն հավանականությամբ, հանդիսատեսն անմիջապես չի գնա համերգի համար տոմսեր գնելու։

Պրոդյուսերն ընդգծել է, որ արտիստները, ինչպես եւ մյուս քաղաքացիները, հարկեր են վճարում, եւ պետությունը պետք է նրանց վերադարձնի գումարը, եթե նրանք բարդ իրավիճակում են հայտնվել եւ աջակցության կարիք ունեն։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE