«Ես մեկ օրում որոշեցի կյանքս փոխել...». Լիլիթ Հարոյանը՝ յոգայով զբաղվելու, տագնապը հաղթահարելու եւ այժմ Բալիում գտնվելու մասին

15:05   25 մայիսի, 2020

Դերասանուհի, հաղորդավարուհի Լիլիթ Հարոյանն այս շրջանում Բալիում է, որտեղ կմնա այնքան ժամանակ, մինչեւ հնարավոր կլինի վերադառնալ հայրենիք: Լիլիթն ասում է՝ այնտեղ թեեւ կարանտին հայտարարված չէ, մարդիկ շարունակում են օրվա մեծ մասն անցկացնել տանն ու զգուշանալ իրենց եւ իրենց հարազատների առողջության համար:

Շատերին արդեն հայտնի է, որ Լիլիթը բացի եթերային գործունեությունից՝ այլ հետաքրքիր ու առողջարար զբաղմունք էլ ունի: Նա արդեն երկար տարիներ է՝ ակտիվորեն զբաղվում է յոգայով եւ իր գիտելիքներով կիսվում նաեւ ցանկացողների հետ: Գաղտնիք չէ, որ յոգան օգնում է ավելի հեշտ հաղթահարել սթրեսները, վախերն ու դեպրեսիաները, որոնք վերջին շրջանում շատերի կյանքի անբաժան մասն են դարձել՝ կորոնավիրուսային համաճարակի մասին լուրերով եւ կարանտինային իրավիճակներով պայմանավորված: Սակայն տագնապը ցանկացած իրավիճակում ամենասխալ որոշումն է, իսկ այն կարելի է հաղթահարել ճիշտ շնչառության եւ մտածողության միջոցով:

Լիլիթը NEWS.am STYLE-ին պատմել է Բալիում իր առօրյայի, իր կյանքում յոգայի կարեւորության մասին, ինչպես նաեւ՝ կիսվել մի քանի օգտակար խորհուրդներով:

«Երբ հայտարարվեց կարանտինը, ես Բալիում էի գտնվում ու գիտակցում էի, որ վերադարձս հետաձգվելու է: Սկզբում սրտնեղեցի անորոշության պատճառով, հետո հասկացա, որ ամեն ինչ կյանքում իր պատճառն ունի, ոչինչ պատահական չի լինում»,-ասում է նա ու անդրադառնում նաեւ տանը մնալու դրական կողմերին-«Մարդիկ, որոնք ունեցան այս հիանալի հնարավորությունը տանը մնալու, օգտվեցին մի շարք առավելություններից: Այս խնդիրն ունեցավ նաեւ իր դրական կողմերը: Նշեմ դրանցից ամենակարեւորը. մենք հնարավորություն ունեցանք առավել խորությամբ ճանաչելու ինքներս մեզ, ինչն, ի դեպ, իր մեջ ներառում է կյանքի ամբողջական իմաստը: Մյուս կարեւոր դրական կողմն այն է, որ մենք կարողացանք ավելի շատ շփվել ընտանիքի անդամների հետ, քանի որ մինչ այդ ընտանիքը «բաժանված» վիճակում էր, ամեն մարդ իր գործով էր զբաղվում, տարբեր ժամերի էին ճաշում, սա հնարավորություն էր միավորվելու եւ վայելելու միասին լինելու քաղցրությունը»:

Ինչ վերաբերում է այս շրջանում հոգեկան առողջությունը չխեղաթյուրելուն՝ Լիլիթը խորհուդ է տալիս.

«Տանը կարող ենք ստեղծել հնարավորություն՝ զբաղվելու, գրեթե, ինչով ցանկանում ենք, ինչպես ասում են՝ մարդու մտքին լինի: Այնպես որ, փռեք գորգիկները եւ զբաղվեք մարմնամարզությամբ: Մեր դարն ունի նվեր, որը երբեմն չենք էլ գնահատում՝ համացանց՝ ինտերնետ, «վայր», որտեղ գտնվում են անթիվ գրքեր, ֆիլմեր, աճելուն եւ զարգանանալուն նպաստող ինֆորմացիա: Շտապելու կարիք չկա, սնվեք ավելի դանդաղ, գիտակից: Ուսումնասիրեք առողջ սնունդը:

Ավարտեք անավարտ մնացած գործերը, ասեք չասված բառերը, ավարտին հասցրեք բոլոր՝ թելից կախված հարաբերությունները, որոնք ձեզ ոչնչով չեն ծառայում այլեւս:

Գրեք՝ ինչ ապագա եք ուզում, ինչ զգացումներ եք ուզում ունենալ գալիք կյանքում, կենտրոնացեք դրա վրա օրը 7 րոպե»:

Լիլիթը խոստովանում է՝ ժամանակին ինքն էլ է ունեցել չհարմարվելու խնդիր, սակայն նման դեպքերում իր այսօվա եւ նախկին որոշումները հիմնովին տարբերվում են միմյանցից.

«Չհարմարվելու խնդիր ունեցել եմ, այդ պահերին մեջս փախուստի տագնապ էր առաջանում, անցյալում հենց այդ ուղին էլ ընտրում էի. փախչում էի իրավիճակից, վայրից, որտեղ անհարմար զգացողություն էի ունենում, տհաճ խոսակցությունից: Հիմա ավելի գիտակից եմ, նման իրավիճակում հարցնում եմ ինձ՝ ի՞նչն է քեզ անհանգստացնում: Այնուհետեւ հասկանում եմ ինձ ու ավելի ըմբռնող լինում իմ ներքին պրոցեսներին: Հետո փորձում եմ «շտկել» զգացողությունս, չէ ՞որ, եթե չես կարող փոխել իրավիճակը, պետք է փոխես վերաբերմունքդ դրա նկատմամբ: Եթե այնուամենայնիվ չի ստացվում բալանսի գալ, գտնում եմ այլ լուծումներ»:

Նա կիսվեց նաեւ շնչառական տեխնիկայով, որը կարող է օգնել հաղթահարել տագնապային իրավիճակը.

«Յոգայի մեջ հանգստացնող դիրքերը շատ են, շնչառության վրա կենտրոնացում՝ 4 հաշիվ շունչ, 2 հաշիվ պահում, 4 հաշիվ արտաշունչ, 2 հաշիվ պահում: Վարժությունը կօգնի հանգստանալ նաեւ քնելուց առաջ: Յոգա կարելի է անել ամենուր: Նախ եւ առաջ պարզենք՝ յոգա ասելով ինչ ենք հասկանում: Եթե ֆիզիկական մասի վերաբերյալ ենք խոսում, ապա ամեն անկյունում էլ կարելի է կատարել դիրքերը: Շատ հաճախ ինքներս մեզ խաբում ենք, իբր տնեցիները կամ ինչ-որ բան խանգարում է մեզ, բայց կրկնեմ ու ասեմ, որ եթե իրոք սրտանց ցանկանում եք զբաղվել, ապա տան մեջ հաստատ մի անկյուն կգտնեք: Պատճառներ շատ կան՝ արդարացնելու մեր ալարկոտությունը: Անկեղծ հարցնենք ինքներս մեզ՝ ինչ ենք իրականում մենք ուզում: Եթե ֆիզիկական մասի վերաբերյալ ենք խոսում, օրը 40 րոպեն կարող է լրիվ բավարար լինել: Ավելի կարեւոր է, որ 15 րոպե ամբողջությամբ, հարյուր տոկոսով մեզ նվիրենք յոգային, քան ժամերով, բայց կիսատ-պռատ վարժություններ անենք»:

Լիլիթի խոսքով՝ կարեւոր է առերեսվել մեր խնդիրներին, որպեսզի կարողանանք լուծել դրանք.

«Ես սկսել եմ հոգեբանությունից, որը ուսումնասիրում է նաեւ մտածողությունը: Ամեն ինչ կարելի է փոխել ու ծրագրավորել: Յոգայի միայն ֆիզիկական մասը կարող է տալ դրական զգացողություն, որը, ցավոք, կարող է կարճ տեւել: Մինչեւ մեր խնդիրներին առերես չնայենք, դրանք չեն վերանա: Սա լուրջ, խորը եւ երկար տարիների աշխատանք է: Յոգան, այո՛, իմ կյանքը փոխել է:

Ես մեկ օրում որոշեցի կյանքս փոխել, վերացնել բացասական սովորություններս, կամ գոնե փոխել դրականով, հասկանալ՝ ինչ եմ իրականում ես ուզում, այլ ոչ թե ընկնել սոցիումի ազդեցության տակ: Վաղ արթնանալ, բնության մեջ որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել, ալկոհոլից հրաժարվել եւ այլն: Հիմա ինձ մշտապես հիանալի եմ զգում: Մեկ օրում որոշում կայացրի, իմ նոր ուղին ընտրեցի և սկսեցի քայլել այդ ուղով: Ճանապարհին եմ դեռեւս, մշտապես աճելու տեղ կա, դրա համար երբեք չեմ հոգնում»:

Դերասանուհին նշում է՝«Ամեն օր շնորհակալ եմ Աստծուն, որ ապրում եմ, շնչում եմ ինքնազարգացման իմ ուղու վրա: Անցկացնում եմ օնլայն հոգեբանական խորհրդատվություն: Կառուցում ենք կայքս: Ժամանակն է գործելու՝ երազելու փոխարեն»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Լիլիթ Հարոյանի ինստագրամյան էջից



© NEWS.am STYLE