«Ինձ համար շատ դժվար է այս շրջանը». Անի Լուպեի նոր ֆոտոշարքը, կարանտինային օրերն ու կարոտը

15:05   26 մայիսի, 2020

Դերասանուհի Անի Լուպեն օրերս ջերմ ու բնական ֆոտոշարք է  ներկայացրել, որն իրականացրել է լուսանկարիչ Հակոբ Քալաշյանի հետ: Նոր լուսանկարները նոր զրույցի առիթ հանդիսացան, որի ընթացքում Անին NEWS.am STYLE-ին պատմել է կարանտինային շրջանի, իր կարոտի, ջերմության պակասի, ինչպես նաեւ՝ ազատության ու սիրո մասին իր պատկերացումների մասին:

Անի, շատերն ասում են, որ կարանտինից հետո են հասկացել, թե որքան կապված են իրականում բնության հետ. քո եւ բնության կապն ինչպիսի՞ն էր առաջ, ինչպիսի՞ն է հիմա:

Ինձ կարանտին հարկավոր չէր ինչ-որ բան հասկանալու համար, ես միշտ եմ կապված եղել բնությանը, միշտ էլ գնահատել եմ օրս, աշխատանքս եւ, առհասարակ, միշտ եմ շնորհակալ եղել իմ ապրած ամեն օրվա համար: Դա հասկանալու  համար ինձ այսքան պարապ օրեր հարկավոր չէին:

Ինքդ խաղում ես թատրոնում, նկարահանվում հեռուստատեսությամբ, երգում միջոցառումներին... Պասիվ առօրյան, կարծես, քեզ համար չէ: Ինչպե՞ս էիր անցկացնում ժամանակդ տանը:

Սարսափելի… Ակտիվ կյանքից միանգամից այս կտրուկ պասիվությանն անցնելը խելագարեցնող էր ինձ համար: Ես զարմանում եմ, որ դիմացել եմ (ծիծաղում է): 

Շատ ակտիվ մարդիկ խոստովանում են, որ սկզբում նեղվել էին տանը մնալու մտքից, բայց հետո հասկացել, որ դա անհրաժեշտություն էր, ու այժմ ավելի են կապվել տան, ընտանիքի հետ. քո կյանքում ինչ նոր աշխարհընկալումներ եղան այս շրջանում:

Դա բնավորության հետ է կապված. ինձ համար երկու ամիս տանը մնալն ընտանիքիս հետ կապվելու անհրաժեշտություն չէր: Անկեղծ եմ ասում՝ ինձ ոչինչ այս շրջանը չտվեց, բացի ձանձրույթից: Ես իմ ընտանիքի հետ միշտ եմ կապված եղել, ինձ դրա համար ժամանակ պետք չէր: Ես կարողանում եմ գնահատել իմ օրը շնորհակալ լինել Աստծուն ամեն օրվա համար, ընկերներիս, ընտանիքիս, աշխատանքիս համար…

Ի՞նչ է քեզ համար ազատությունն, առհասարակ:

Անկեղծ լինելն է…

Շատ կանայք խուսափում են հարաբերություններից՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է սահմանափակել իրենց ազատությունը: Համաձա՞յն ես այս կարիքին:

Չգիտեմ՝ շատերն ինչու են այդպես մտածում, բայց ես համաձայն չեմ: Սիրել, նվիրվել, ապրել ուրիշի համար, մտածել ուրիշի մասին… այդ ամենը հրաշալի է: Դա էլ, կարծում եմ, բնավորության եւ էության հետ է կապված: Ինձ դա չի խանգարել, հակառակը՝ միշտ մոտիվացրել է ու կրկնապատկել ազատությունս:

Անի, «Ազիզյանները» սիթքոմի քո կերպարը՝ Ռուզանը, բավական մակերեսային եւ կյանքին շատ թեթեւ նայող կին է. Ռուզանի ո՞ր հատկանիշը կցանկանայիր ունենալ իրական կյանքում:

Ինձ համար Ռուզանը շատ ծիծաղելի կին է, ես սիրել եմ նրան… Իսկ հատկանիշներից երեւի՝ ցանկցած դեպքում մնալ ընտանիքին հավատարիմ (ժպտում է):


Հեռուստադիտողին դու հայտնի ես քո բնական գանգուրներով, որոնք իմիջիդ անբաժան մասն են դարձել. հետաքրքիր է՝ հաճախ ուղիղ մազերով աղջիկները ցանկանում են ունենալ ալիքներ, իսկ գանգրահերները՝ հակառակը: Դու ինքդ, երբեւէ «նեղվե՞լ ես» գանգուրներիցդ:

Ես սիրում եմ իմ մազերը (ծիծաղում է): Ոչ, երբեք չեմ նեղվել այդ պատճառով:

Իսկ որպես դերասանուհի՝ պատրա՞ստ ես երբեւէ դիմել կտրուկ ոճափոխության:

Եթե դերը, կերպարը դա պահանջում է, այո, պատրաստ եմ…


Ստեղծագործական ո՞ր հարթակն ես ամենից շատ կարոտել այս շրջանում:

Անխտիր բոլորն էլ կարոտել եմ շատ:

Երբ ավելի անվտանգ լինի համբույրով միմյանց բարեւելը, ո՞վ կլինի այն մարդը, ում առաջինը ամուր կգրկես ու կհամբուրես:

Ջերմության պակասը, այս զգուշությունը սպանում են… Ես շատ տաք մարդ եմ, ու ինձ համար շատ դժվար է այս շրջանը: Համբուրելը չգիտեմ, բայց ընկերներիս շատ պինդ կգրկեմ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE