Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» աշխարհահռչակ հոլիվուդյան նկարչուհու սիրված ֆիլմն է

13:20   17 օգոստոսի, 2013

Սերբական ծագումով աշխարհահռչակ  ժամանակակից նկարչուհի Մարինա Աբրամովիչը հրապարակել է իր տաս սիրված ֆիլմերից կազմված ցուցակը:

Ինչպես գրում է IndieWire-ը, 65-ամյա հոլիվուդյան փոփ-նկարչուհու ամենասիրելի ժապավենն է հանդիսանում Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը»:

Սեփական ինստիտուտի շինարարության համար գումար հավաքելու կամպանիայի ժամանակ Աբրամովիչը հայտարարել է, որ պատրաստ է կինոթատրոն գնալ՝ իր սիրված ֆիլմերից յուրաքանչյուրը դիտելու նրանց հետ, ովքեր հինգ հազար դոլլար կհատկացնեն շենքը կառուցելու նպատակով: Միեւնույն ժամանակ նա ճշտել է, որ մարդկանց քանակը այս խմբում չպետք է գերազանցի տաս հոգու:

Նկարչուհին աջակիցների հետ իր հանդիպումը որոշել է կազմակերպել տնայի կինոթատրոնի գիշերային սեանսի տեսքով: Համաձայն նրա առաջարկի, միջոցառման բոլոր մասնակիցները պետք է հավաքվեն եւ իրենք որոշեն, թե այս ցուցակից որ ֆիլմն են ցանկանում դիտել:  Բացի Փարաջանովի ֆիլմից նկարչուհու ցուցակում են հայտնվել Ալեն Րենեյի «Անցյալ ամռանը Մարիենբադում», Էմիր Կուստուրիցայի «Անդերգրաունդը», Պյեր Պաոլո Պազոլինիի «Թեորեմը» եւ «Սալո կամ Սոդոմի 120 օրը», Միքելանջելո Անտոնիոնիի «Արկածը», Ֆեդերիկո Ֆելլինիի «Ութ ու կեսը», Լարս ֆոն Թրիերի «Մելանխոլիան», Ինգմար Բերգմանի «Լռությունը» եւ Դեւիդ Լինչի «Կապույտ թավիշը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  գումար հավաքելու գործում իր ներդրումն է կատարել Լեդի Գագան՝ մերկ նկարահանվելով Աբրամովիչի պրոմո-հոլովակում:Սերբական ծագում ունեցող նկարչուհի Մարինա Աբրամովիչը հանդիսանում է ժամանակակից արվեստի ամենազդեցիկ գործիչներից մեկը:

Հիմնականում նա զբաղվում է փերֆորմանս արվեստի տեսակով: Նախատեսված է, որ իր անվան ինստիտուտը զբաղվելու է հենց այս արվեստով: Այս նպատակով նկարչուհին արդեն շենք է գնել, որի վերանորոգմամբ է զբաղվել  ճարտարապետ Րեմ Քոլհասը:



© NEWS.am STYLE