Միլիարդատեր Սերգեյ Սարկիսովը դարձել է ռուս առաջին պրոդյուսերը, որն առաջադրվել է «Էմմի» ցերեկային մրցանակի

18:48   27 մայիսի, 2020

«Ատելությունը մեր շրջապատում» վավերագրական ժապավենը, որի պրոդյուսերը միլիարդատեր Սերգեյ Սարկիսովն է, Emmy Award հեռուստատեսային հեղինակավոր մրցույթի միանգամից երկու մրցանակի է հավակնում։  Associated Television International-ի տվյալներով՝ Սարկիսովը ռուս առաջին պրոդյուսերն է, որն առաջադրված է այդ մրցանակին։

«Ատելությունը մեր շրջապատում» ֆիլմը պատմում է ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ժամանակակից հասարակության շրջանում հակասեմիտիզմի նոր ալիքի մասին։ Ժապավենը ցույց է տալիս մարդկանց պատմություններ, որոնք մեր օրերում բախվել են հակասեմիտիզմի ագրեսիվ դրսեւորումների, որոնց ճակատագրերը նմանվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Հոլոքոստ վերարածների պատմություններին։ Ժապավենի ռեժիսորը Դեւիդ Մաքենզին է, Սերգեյ Սարկիսովի հետ որպես պրոդյուսեր հանդես են եկել Դեւիդ Մաքենզին, Դին Քեյնը, Լաուրա Մաքենզին եւ Մոնթել Ուիլյամսը։ Նախկինում Սարկիսովը, Մաքենզին, Ուիլյամսն ու Քեյնը միասին աշխատել են «Ժխտման ճարտարապետները» վավերագրական նախագծի վրա, որը նվիրված է ԱՄՆ-ում հայոց ցեղասպանության ժխտման խնդրին, հայտնում է Regnum-ը՝ վկայակոչելով «Блиц фильм» ընկերության մամուլի ծառայությանը։

«Աշխատելով «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի վրա, որը նվիրված է հայոց ցեղասպանությանը, ես գիտի, որ դրա ու Հոլոքոստի միջեւ խորը կապ կա, եւ ինձ համար սարսափելի է տեսնել այդ վախեցնող նմանություններն ու միտումները, որոնք կարող են սարսափելի հետեւանքների հանգեցնել։ Հույս ունեմ, որ այս անվանակարգի եւ մեր ֆիլմի նկատմամբ ուշադրութան շնորհիվ ավելի շատ երիտասարդ մարդիկ կկարողանան իմանալ այդ խնդիր մասին եւ հասկանալ դրա մասշտաբն ու կարեւորությունը։ Ցանկանում եմ Ակադեմիային շնորհակալություն հայտնել մեր աշխատանքի կարեւորությունն ընդունելու համար»,- նշել է Սերգեյ Սարկիսովը։

 



© NEWS.am STYLE