«Շատ կանայք ավելի բաց են հագնվում առօրյայում». Ելենա Բորիսենկոյի ճակատագրական կաթով սուրճն ու դրա արդյունքում ստեղծված համարձակ ֆոտոշարքը

15:25   29 մայիսի, 2020

Երբեմն սուրճը կարող է դառնալ հաճելի ծանոթությունների, շփումների եւ, նույնիսկ, ինքնաբացահայտման առիթ: Դերասանուհի Ելենա Բորիսենկոն եւ լուսանկարչուհի Լիդիա Վիրաբյանը հենց այս ըմպելիքին են պարտական իրենց նորաստեղծ ընկերության համար, որը նաեւ հետաքրքիր ֆոտոշարքի առիթ է հանդիսացել: Ինչպես Ելենան է խոստովանում՝ այն տարբերվում է իր՝ մինչ օրս ներկայացրած շարքերից:

Դերասանուհին եւ լուսանկարչուհին NEWS.am STYLE-ի հետ կիսվել են ոչ միայն ստացված արդյունքով, այլեւ խոսել իրենց ծանոթության, մտերմության եւ Ելենայի բնական ու համարձակ կերպարի մասին:

Ճակատագրական հանդիպում սուրճի խանութում

Ելենայի ու Լիդիայի հանդիպումը կայացել է սուրճի խանութում: Երկուսի պնդմամբ էլ՝ միանգամից համակրել են մեկը մյուսի կերպարները ու ծանոթությունը չի ուշացել.

Ելենա-Լիդիայի հետ ծանոթացանք իմ սիրելի սուրճի խանութում: Մենք միաժամանակ միմյանց նայեցինք ու ես բռնեցի հենց այն հայացքը, որով սովորաբար ռեժիսորներն են ինձ նայում, այսինքն` ոչ թե որպես Ելենա անձի, այլ` իրենց պատկերացրած կինոյի հերոսուհու:

Լիդիա-Ես այդ օրը շատ լավ եմ հիշում, երբ մտա սուրճի խանութ ու Ելենային տեսա այդ նոր կերպարով, միանգամից գրավեց ուշադրությունս, որովհետեւ երբ ես հետաքրքիր դեմքեր եմ տեսնում, անմիջապես նրանց հետ ֆոտոշարքեր եմ պատկերացնում:

Ելենա-Ինձ էլ շատ գեղեցիկ թվաց Լիդիան, բայց ասացի` «Ինչ գեղեցիկ վերարկու եք հագել», նա էլ անմիջապես ասաց` «Իսկ Ձեզ մազերի այս ոճը շատ է սազում»: Ես շարունակեցի` «Իսկ Դուք շատ գեղեցիկ մռութ ունեք», ինչին ինքը պատասխանեց` «Կգա՞ք Ձեզ նկարեմ»: Դե, այստեղ ես մտածեցի` ինչպե՞ս մերժել այս գեղեցիկ աղջկան: Ասացի, որ ինձ իր լուսանկարները ցույց տա, ու ես կմտածեմ: Դրանք տեսնելուց հետո արդեն օր ու ժամ էի պայմանավորվում (ծիծաղում է):

«Ինձ վաղուց արդեն չի հուզում, թե ինչպես են ինձ ընկալում» 

Լիդիան Ելենային տեսել է ավելի համարձակ կերպարում, ինչպիսին դերասանուհին դեռեւս չէր ներկայացել: Ելենան էլ խոստովանում է, որ հանրային կարծիքից չէր վախենում, քանի որ նախ՝ կարծում է՝ լուսանկարներն արված են ճաշակով, բացի այդ՝ ինչպես ինքն է նշում՝ տարիների ընթացքում նման արձագանքների հանդեպ իմունիտետ է ձեռք բերել:

Ելենա-Իհարկե, լուսանկարները հրապարակելուց առաջ մի պահ կասկած հայտնվեց, բայց կապված չէր նրա հետ, թե ինչպես ինձ կընկալեն: Ավելի շատ ընկերուհիներիս մոտ կար մտավախություն, որ չդառնամ որոշակի խավի թիրախ: Բայց քանի որ ես բացասական կարծիքների հանդեպ իմունիտետ ունեմ, որոշեցի անտեսել այն, ինչն ինձ համար գոյություն չունի: Ի վերջո, շատ կանայք ավելի բաց են հագնվում առօրյայում:

Արձագանքն ինձ համար ոգեւորող էր, քանի որ արձագանքեցին հիմնականում գեղեցիկն ընկալող եւ գնահատող մարդիկ` նրանք, ում համար գլամուրը դժվարամարս է, ովքեր գիտեն` ինչ է արվեստը: Նախ եւ առաջ, նրանք գնահատեցին Լիդիային:

Լիդիա- Ես զգացի, որ Լենան գտել է իրեն, իր կերպարը ու իր նոր ոճում շատ հանգիստ է: Շատ ուրախ եմ, որ մեր հանդիպումը հենց սուրճի խանութում սկսվեց ու այսքան հետաքրքիր ընթացք ստացավ:

Ինձ մարդը կարող է ոգեշնչել, որ ես ցանկանամ լուսանկարել իրեն: Լենայի հետ աշխատելն ինձ համար շատ հեշտ է, քանի որ նա իմ կադրերում հենց Լենան է մնում, ինչն ինձ շատ է դուր գալիս: Նա շատ բնական է, ինչը թույլ է տալիս, որ տեսնեմ իր ներաշխարհը, ու դա երեւում է նաեւ լուսանկարներում:

Ելենա- Լիդիայի հետ ես կարողանում եմ ազատ եւ անկեղծ լինել: Մենք ընկերացել ենք, ու ես վստահ եմ` այդ ընկերությունը դեռ շատ անկեղծ լուսանկարներ կստեղծի:

«Կաթն ու սուրճը՝ իմ կողմից»

Չնայած երկար ժամանակ չի անցել ծանոթությունից՝ Ելենան ու Լիդիան արդեն համատեղ երկու շարք ունեն, որոնք, նույնիսկ, չէին պլանավորել:

Լիդիա-Առհասարակ, ֆոտոշարքերից առաջ ծրագրեր չեմ գծում: Իմ հաջողության գաղտնիքը համարում եմ այն, որ ինձ համար ամեն ինչ պահի մեջ է: Այն պահին, երբ ես ու մոդելը զգում ենք միմյանց, կարելի է ասել` հրաշք է կատարվում, ու լուսանկարները ստացվում են: Այդպես էլ եղավ մեր ֆոտոշարքը: Իսկ երկրորդ շարքը ստացվեց այն ժամանակ, երբ զանգահարեցի Լենային ու հրավիրեցի սրճելու: Ասաց` «Կաթն ու սուրճն՝ իմ կողմից»: Նորից մտանք խանութ, միասին գնումներն արեցինք ու բարձրացանք տուն: Հետո զգացի, որ հետաքրքիր դիրքում պառկած է, տեսախցիկս բերեցի ու ստացանք այս լուսանկարները: Նկարահանումը տեւեց 15 րոպե, բայց կարծում եմ` հետաքրքիր շարք ստացվեց: Հետագայում միտք կա Լենային իր շան հետ նկարելու, տեսնենք` ինչ կստացվի:

Ելենա-Ես դերասանուհի եմ եւ որպես մոդել` շատ հում եմ: Ինձ միշտ պետք է պատմություն հորինել, որ խաղամ ու դերասանական խաղով թաքցնեմ իմ` վատ մոդել լինելը: Բայց Լիդիայի հետ մեր պլանավորած ֆոտոշարքերը երբեք չեն ստացվում. մեր հանդիպումներն ավարտվում են էքսպրոմտ շարքերով, որտեղ ես խաղալու կարիք չունեմ` ես եմ` իմ մտքերով ու տեսակով, ինչը Լիդիայի աչքը կարողանում է զգալ ու պրոֆեսիոնալ, գեղեցիկ մատուցել լուսանկարի տեսքով:

Նոր կերպար, նոր դերե՞ր

Ելենա-Երբ ռեժիսորը քեզ չի ճանաչում` որպես դերասանուհի, նա իր կարծիքը կազմում է, նախ եւ առաջ, լուսանկարներով, որտեղ երեւում է ինչ-որ կերպար, եւ, բնականաբար, քեզ ընկալում է տվյալ կերպարով: Իհարկե, սա առիթ կհանդիսանա ռեժիսորների համար՝ այլ կերպ ընկալելու իմ կերպարը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE