Երկրպագուների երկար սպասված հաղթանակը. Էկրաններին կհայտնվի «Արդարադատության լիգայի» ռեժիսորական տարբերակը

20:22   30 մայիսի, 2020

Ֆիլմի հետ կապված շատ խնդիրներ կային. նկարահանումների ընթացքում ինքնասպան եղավ ռեժիսոր Զակ Սնայդերի հոգեդուստրը: Ռեժիսորը, բնականաբար, այլեւս չէր կարող զբաղվել նախագծով, եւ ստուդիան հրավիրեց ռեժիսոր Ջոս Ուիդոնին («Վրիժառուները»)՝ աշխատանքը շարունակելու համար:

Սա չի նշանակում, որ ֆիլմը ձախողվեց կինովարձույթում, սակայն իր 300 միլիոն դոլար բյուջեով այն ընդամենը 657 միլիոն դոլար հավաքեց ամբողջ աշխարհում: Ֆիլմի հեղինակները գրեթե զրոյի վրա կանգնեցին եւ հաստատ հույս ունեին, որ նվազագույնը մեկուկես միլիարդ դոլար կհավաքեն:

Ավելի ուշ սկսեցին լուրեր պտտվել, որ Սնայդերը պատրաստ էր վերադառնալ, սակայն ստուդիան այլեւս թույլ չի տվել նրան՝ հիմնավորելով, որ ռեժիսորի հայացքը մռայլ է եւ ավելի լավ է աշխատանքը Ուիդոնն ավարտի:

Երկու ռեժիսորների՝ նկարահանումների նկատմամբ մոտեցումների եւ ստեղծագործական մտածելակերպի արմատական տարբերությունների պատճառով ֆիլմը երկրպագուների կողմից ստացավ «Ֆրանկենշտեյնի հրեշ» անունը:

Եվ իսկապես, ֆիլմը դիտելիս հստակ տեսնում ես, թե ինչպես է մի դրվագում նուառային, սնայդեռովյան մռայլ ֆիլմը Ուիդոնի կատակային եւ թեթեւ ստեղծագործության վերածվում:

Կինովարձույթ դուրս գալուց հետո երկրպագուներն ամբողջ աշխարհում (հիմնականում՝ Ամերիկայում) «խաչակրաց արշավանք» սկսեցին ստուդիայի վրա՝ պահանջելով թողարկել ֆիլմի Սնայդերի տարբերակը. հայտնի էր, որ անավարտ տարբերակ կա, եւ ընդամենը հարկավոր է այն մի քիչ հղկել:

#releasethesnydercut հեշթեգը ժամանակին առաջատար տեղ էր զբաղեցոնւմ համացանցում: Երկրպագուներն ամեն օր մեկ այստեղ, մեկ այնտեղ կոչ էին անում թողարկել ֆիլմի Սնայդերի տարբերակը:

Դիմումներ՝ Change.org- ում, ցույցեր՝ DC-ի եւ Warner Bros-ի գրասենյակների շենքերի առջեւ, պաստառներ՝ ավտոճանապարհներին եւ տարբեր քաղաքների կենտրոններում եւ այլն:

Եվ ահա գրեթե երեք տարի անց ստուդիան հանձնվեց, եւ երկրպագուները հաղթանակ տարան:

«Արդարության լիգայի» ռեժիսորական տարբերակը կթողարկվի HBO Max ստրիմինգային սերվիսով 2021 թվականին: Այս մասին ֆիլմի ռեժիսոր Զակ Սնայդերը հայտարարել է «Պողպատե մարդը» ֆիլմի առցանց քննարկման ժամանակ:

The Wrap կայքի  հեղինակ Ումբերտո Գոնսալեսը հայտարարել էր, որ Warner Studios-ը եւ HBO Max ստրիմինգային սերվիսը չեն հաստատել «Զակ Սնայդերի Արդարության լիգայի» նախանկարահանումները: Ռեժիսորական տարբերակի արտադրության համար նախատեսվում է 20-30 միլիոն դոլար հատկացնել, սակայն գումարը կուղղվի առկա նյութը վերջնական տեսքի բերելուն:

«Զակ Սնայդերի Արդարության լիգայի» մասին լուրն իսկական խանդավառություն էր առաջացրել ռեժիսորի երկրպագուների շրջանում: Նրանք շնորհավորում էին միմյանց տարած հաղթանակի կապակցությամբ եւ ուրախանում էին, որ Warner ստուդիան հաշվի է առել իրենց կարծիքը: Սնայդերի որոշ երկրպագուներ ավելի հեռու գնացին եւ տեսախցիկի առջեւ ոչնչացրեցին սովորական «Արդարադատության լիգայի» իրենց օրինակները:

Մենք ի սրտե շնորհավորում ենք երկրպագուներին այս հաղթանակի կապակցությամբ եւ հուսով ենք, որ հոլիվուդյան ստուդիաներն ավելի ուշադիր կլինեն իրենց հեռուստադիտողների նկատմամբ:

Նորայր Նազարյան

Աղբյուրները՝ TheWrap-Up, THR, Kinopoisk.



© NEWS.am STYLE