Քիմ Քարդաշյանը կվճարի ռետինե գնդակով ճակատից վիրավորված աղջկա հիվանդանոցային ծախսերը

23:16   2 հունիսի, 2020

Լուիսվիլ քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ, որն անցկացվել է Ջորջ Ֆլոյդի սպանության, ոստիկանության կամայականության եւ համակարգային ռասիզմի պատճառով, տուժել է մի աղջիկ, որի լուսանկարները տարածվել են Twitter-ում: Լուսանկարներում երեւում է ռետինե գնդակից աղջկա ստացած վերքը, որը դիպել է նրա դեմքին, այտուցված աչքերն ու կապտուկները։ Ընդ որում, ակցիայի ժամանակ աղջիկն ագրեսիա չի ցուցաբերել, այլ միայն կանգնել է փողոցում եւ տեղի ունեցող իրադարձությունները նկարահանել հեռախոսով:

«Այսօր ես մասնակցել եմ բողոքի ակցիային։ Ես նկարահանում էի, երբ ինձ դիպավ ռետինե գնդակը։ Սա է արդյունքը», - պատմել է աղջիկը։

Քիմ Քարդաշյանը, որը սոցցանցերում տեսել է այդ լուսանկարները, այնքան է ազդվել, որ տուժածին առաջարկել է իր օգնությունը։

«Դա սրտաճմլիկ ու սարսափելի է։ Ինչ-որ մեկը գիտե, թե ինչպե՞ս կարող եմ կապվել նրա հետ։ Ես կցանկանայի օգնել նրան բժշկական ծառայությունների հարցում, եթե նրան դա անհրաժեշտ է»,-գրել է Քարդաշյանը։

Մարդիկ անմիջապես օգնել են գտնել աղջկան, որպեսզի Քիմը կարողանա աջակցել նրան։ Ավելի վաղ Քարդաշյանն իր դիրքորոշումն էր հայտնել երկրում չընդհատվող բողոքի ակցիաների վերաբերյալ:

«Տարիներ շարունակ անմեղ տղամարդու, կնոջ կամ երեխայի սպանության հետ կապված ես փորձում էի բառեր գտնել ցավակցություն հայտնելու համար։ Բայց իմ մաշկի գույնի պատճառով ինձ տրված արտոնությունը ստիպեց ինձ մտածել, որ այս ճակատամարտը ես չեմ կարող համարել անձնական: Այսօր, այլեւս այդպես չէ։ Ինչպես դուք բոլորդ, ես զայրանում եմ։ Չնայած ես երբեք լիովին չեմ հասկանում նրանց ցավն ու տառապանքը, ես կարող եմ օգտագործել իմ սեփական ձայնը, որպեսզի նրանք լսելի լինեն»։



© NEWS.am STYLE