Դիզայներ Վիրջիլ Աբլոյին քննադատել են Ֆլոդյի ֆոնդին 50 դոլար նվիրաբերելու համար

12:07   3 հունիսի, 2020

Դիզայներ, Off-White-ի հիմնադիր եւ Louis Vuitton-ի տղամարդկանց հավաքածուների ստեղծագործական տնօրեն Վիրջիլ Աբլոն սկանդալի կենտրոնում է հայտնվել այն պատճառով, որ ընդամենը 50 դոլար է նվիրաբերել «Fempower» կազմակերպությանը ռասիզմի դեմ պայքարի համար։

«Մայամիի համայնք, ես չափազանց ոգեշնշված եմ…»,- գրել է Աբլոն՝ հրապարակելով Black Lives Matter ռասիզմի դեմ պայքարի նպատակներով նվիրաբերված գումարի անդորրագիրը։

«Վիրջիլը 50 դոլար է նվիրաբերել ու հավանություն է ցանկանում։ Նրա ապրանքանիշի ամենաէժան ապրանքը գուլպաներն են, որոնք վաճառվում են 115 դոլարով։ Սա ձախողում է»,- Twitter-ում գրում են դիզայների հետեւորդները։

Վիրջիլ Աբլոն արդեն իսկ պարզաբանել է, որ 50 դոլարը նվիրաբերել է ընկերական ակցիայի շրջանակներում, իսկ իրականում արդեն իսկ 20,500 դոլար է վճարել բողոքների ակցիաների ձերբակալված մասնակիցների համար գրավի եւ #BlackLivesMatter շարժման գործունեությանն աջակցելու այլ վճարումների տեսքով։ Մոդելյերը խոստովանել է, որ հետագայում եւս գումար կհատկացնի ռասիզմի դեմ պայքարին եւ ամեն կերպ կմասնակցի ԱՄՆ-ում աֆրոամերիկացիների կողմից իրենց իրավունքների պաշտպանությանը։

 

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE