«Մինչեւ վերջին վայրկյանը չէի հավատում...». Արմինե Մանուկյանը` ԱՄՆ-ից վերադառնալու ու Ռաֆայել Երանոսյանի հետ հարաբերությունների մասին

14:25   3 հունիսի, 2020

Բալետի պարուհի Արմինե Մանուկյանը, որը հեռուստադիտողների շրջանում հայտնի է նաեւ «Կայարան» հեռուստասերիալում իր կերպարով ու «Միսս Արմենիա 2017» մրցույթին մասնակցությամբ, օրեր առաջ կարողացել է ԱՄՆ-ից վերադառնալ Հայաստան: Պարուհու մեկամսյա շրջագայությունը համաճարակային անսպասելի շրջադարձի պատճառով ձգվել է եւս երկու ամսով: Նա այժմ հայրենիքում է եւ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, իսկ Միացյալ Նահանգներում իր արկածների մասին պատմել է NEWS.am STYLE-ին: Պարուհու հետ զրուցել ենք նաեւ վերջին շրջանի ամենաքննարկվող լուրերից մեկի` իր եւ Ռաֆայել Երանոսյանի հնարավոր սիրավեպի մասին:

«Միացյալ Նահանգներ մեկնել էի փետրվարի 15-ին` 1 ամսով շրջագայելու նպատակով: Մեկնել էի Նյու Յորք, սակայն մի քանի քաղաքներում եղա` Վաշինգթոն, Ֆիլադելֆիա, Բալթիմոր... Նախապես վերցրել էի հետադարձ տոմսը, որը նախատեսված էր մարտի 17-ի համար, սակայն երբ թռիչքիս օրը գնացի Նյու Յորքի օդանավակայան, այնտեղ ասացին, որ չեմ կարող մեկնել, քանի որ սահմանները փակվել են: Ես պետք է Կիեւով վերադառնայի, սակայն այդ օրվանից սկսած այնտեղ միայն Ուկրաինայի քաղաքացիներին էին տեղափոխում: Եթե թռիչքս լիներ մինչեւ կեսգիշեր, ես կկարողանայի վերադառնալ, սակայն այն 01:00-ին էր, եւ մեկ ժամվա տարբերության պատճառով ես 3 ու կես ամիս մնացի Միացյալ Նահանգներում»,-պատմում է Արմինեն` խոստովանելով, որ սկզբում շատ է սրտնեղել այդ փաստից.

«Երբ օդանավակայանում անձնագիրս վերադարձրին ու ասացին, որ չեմ կարող մեկնել, հասկացա, որ ամեն ինչ ավելի լուրջ էր, քան ես պատկերացնում էի: Դե, ինչպես ցանկացած մարդ, որը ճամպրուկը ձեռքին մնում է օդանավակայանում, ես էլ ինձ շփոթված ու հուսահատված զգացի. չեմ կարող բառերով դա նկարագրել, որովհետեւ շատ էի կարոտել ընտանիքս ու հնարավորինս շուտ ուզում էի վերադառնալ հայրենիք ու տուն հասնել»:

Այնուամենայնիվ, դերասանուհի-պարուհին փորձել է չկենտրոնանալ բացասականի վրա ու իր ամերիկյան առօրյան դարձնել հիշարժան.

«Այնտեղ առօրյաս շատ հագեցած էր անցնում: Առաջին մեկ ամսվա ընթացքում հասցրել էի բավական լավ ժամանակ անցկացնել, հետաքրքիր վայրերում լինել, քանի որ գիտեի` այնտեղ օրերս հաշված են ու ուզում էի ամեն ինչ հասցնել, բայց մյուս ամիսները եւս շատ բուռն ու հագեցած անցան: Երկրում արտակարգ դրությունը չէր խանգարում, որպեսզի լինեի այն վայրերում, որտեղ նախկինում չէի հասցրել լինել: Բավական լավ հանգստացա... Առհասարակ, ցանկացած իրավիճակում փորձում եմ գտնել լավ կողմեր: Ես առիթը բաց չթողեցի եւ փորձեցի վայելել ամեն վայրկյանը»:

Իսկ երբ արդեն վերադարձի օրը մոտ էր, անհանգստությունը շարունակել է ուղեկցել նրան.

«Շատ կարոտած էի. երբ վերջին անգամ գնացի օդանավակայան, մեջս վախ կար: Մտածում էի` միգուցե նույն պատմությունը կրկնվի... շատ անհանգիստ էի, մինչեւ վերջին վայրկյանը չէի հավատում, որ վերադառնում եմ: Երբ ինքնաթիռ նստեցի, միայն այդ ժամանակ հասկացա, որ ամեն բան լավ է»:

Այժմ դերասանուհին 14-օրյա մեկուսացման մեջ է, եւ պատրաստվում է ամենայն լրջությամբ կիրառել բոլոր ցուցումները.

«Ես շատ լրջորեն եմ մոտենում այս հարցին, որովհետեւ ներկայում մեր երկրի վիճակը շատ վատ է համաճարակի պատճառով: Լինելով գիտակից ու պատասխանատու մարդ` 14 օր ինքնամեկուսանալու եմ տանը, նույնիսկ ծնողներիցս եմ հեռավորություն պահում, քանի որ ռիսկային գոտուց եմ եկել եւ կարծում եմ` զգուշությունը չի խանգարի: Երկու օր է, ինչ այստեղ եմ, ու դեռ փոձում եմ հարմարվել ժամային գոտուն: Կփորձեմ օրս արդյունավետ ու հետաքրքիր անցկացնել: Շատ եմ սիրում ֆիլմեր դիտել, կարծում եմ` դրա համար ճիշտ ժամանակն է: Տնից դուրս չեմ գալու ու հյուրեր չեմ ընդունելու: Շատ լուրջ եմ տրամադրված»,-ասում է նա:

Վերջին օրերին համացանցում տարածվեց Ռաֆայել Երանոսյանի ուղիղ եթերի այն հատվածը, որտեղ նրան տեսազանգով միացել էր նաեւ Արմինեն: Դերասանն ուղիղ եթերում չթաքցրեց իր համակրանքը Արմինեի հանդեպ` նշելով, որ վաղուց էր ցանկանում հանդիպել պարուհուն: Ռաֆոն խոստացավ գտնել Արմինեին, իսկ նրա հետեւորդները մեկնաբանություններում նշում էին, որ դերասանն ու պարուհին շատ գեղեցիկ զույգ կլինեին ու հորդորում` բաց չթողնել Արմինեի հետ շփվելու հնարավորությունը: Զրույցի ընթացքում անդրադարձանք նաեւ Ռաֆայել Երանոսյանի հետ եթերից հետո ձեւավորված հարաբերություններին, ինչի վերաբերյալ Արմինեն նշեց.

«Տեղյակ եմ ուղիղ եթերի արձագանքներից. մի բան կարող եմ ասել ու եզրափակել բոլորի հետաքրքրությունն այս հարցի շուրջ` ես ու Ռաֆայել Երանոսյանը, պարզապես, լավ ընկերներ ենք»:

Ինչ վերաբերում է էկրանային նորությններին` Արմինեն նշեց.

«Նոր առաջարկներ դեռ չկան, քանի որ նոր եմ վերադարձել, բայց հետաքրքիր նախագծերի դեպքում կմտածեմ` գուցե կրկին վերադառնամ եթեր: Որոշ առաջարկներ ինչ-ինչ պատճառներով մերժել եմ, բայց ինքնամեկուսացումից հետո կվերադառնամ աշխատանքի թատրոնում: Հուսով եմ` այս ամենը շուտով կավարտվի եւ մենք կվերադառնանք բնականոն կյանքին: Բոլորին մաղթում եմ առողջություն ու զգուշավորություն»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Արմինե Մանուկյանը



© NEWS.am STYLE