Սեպտեմբերին կանցկացվի «Միսս Հայաստան 2020» մրցույթը. կազմակերպիչները` մրցույթի անցկացման հնարավոր սցենարների եւ հայ գեղեցկուհու չափանիշների մասին

14:03   4 հունիսի, 2020

Հայաստանում սեպտեմբերին նախատեսվում է անցկացնել «Միսս Հայաստան 2020» գեղեցկության մրցույթը, որի հայտագրման փուլն այսօրվանից պաշտոնապես մեկնարկեց: Այսօր` հունիսի 4-ին, կայացած առցանց ասուլիսին «Միսս Հայաստան 2020» մրցույթի կազմկոմիտեի ղեկավար Մամիկոն Դանիելյանն ու կազմկոմիտեի անդամ, մոդել Աննա Դեմիրխանյանը ներկայացրին մրցույթի անցկացման կարգն ու այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանեն մասնակիցները.

««Միսս Հայաստան 2020»-ն ազգային գեղեցկության մրցույթ է, որը պետք է արդեն դառնա ամենամյա: Սա այն մրցույթն է, որի շրջանակում «Միսս Հայաստան» են դարձել մի շարք հայտնի գեղեցկուհիներ` Անգելինա Բաբաջանյանը, Իրինա Թովմասյանը, Լուսինե Թովմասյանը, Գոհար Հարությունյանը, նաեւ` Հայկուհի Մաթեւոսյանը»,- նշեց կազմկոմիտեի ղեկավարը` շեշտելով, որ այս տարի` չնայած համաճարակայն իրավիճակին, ավելի մեծ ակտիվություն է նկատում մրցույթի շուրջ:

«Արդեն սկսում ենք նախապատրաստական փուլը: Այսօրվանից սկսած աղջիկները կարող են հայտը լրացնել մրցույթի պաշտոնական կայքում: Ունենք պայմանավորվածություններ նաեւ մարզերի հետ: Սեպտեմբերին կանցկացվի մրցույթի եզրափակիչ փուլը, որի ժամանակ էլ կորոշվի հաղթողը»,-հավելեց նա` նշելով, որ առայժմ պարզ չէ, թե ինչպես կանցկացվի մրցույթը: Ամեն ինչ կախված կլինի Հայաստանում համաճարակային իրավիճակից.

«Միգուցե, մրցույթն անցկացնենք բացօթյա տարածքում, կամ միայն ուղիղ եթերով, որին ներկա կլինի միայն ժյուրին, ամենավատ սցենարի դեպքում` այն կլինի առցանց` աղջիկների լուսանկարների եւ տեսանյութերի միոջոցով: Մինչ եզրափակիչն աղջիկները 15-20 օր նախապատրաստական փուլ են ունենալու, որի ընթացքում անհրաժեշտության դեպքում` կթեստավորվեն»:

Մրցույթի ղեկավարի խոսքով` եթե ամեն ինչ ավելի լավ ընթացք ստանա, այս տարվա մրցույթն իր կազմակերպչական աշխատանքով կտարբերվի մյուս տարիների մրցույթներից:

«Միսս Հայաստան 2020» մրցույթին կարող են մասնակղել 17-27 տարեկան, 168-ից բարձր հասակ ունեցող ՀՀ քաղաքացիները: Ինչ վերաբերում է պլաստիկ միջամտություններին` ըստ կազմակերպիչների` փոքրիկ միջամտությունների դիմած աղջիկների մասնակցությունը չի խոչընդոտվի, այլ հարց են արտաքին ակնհայտ փոփոխությունները:

Գեղեցիկ, բարի, խելացի ու հայեցի` այսպիսին, ըստ մրցույթի կազմկոմիտեի անդամ Աննա Դեմիրխանյանի, պետք է լինի տիտղոսակիր գեղեցկուհին. «Առաջին հերթին ցանկանում ենք գտնել, ստեղծել, կերտել իրական հայուհու կերպար, որպեսզի մեր երիտասարդներն ի դեմս նրա ունենան էտալոն, որին կցանկանան նմանվել: Այսօր սոցցանցերում այնքան սխալ էտալոններ են ձեեւավորվել, որոնց ցանկանում են նմանվել, ինչը վատ է»,-ասում է մոդելն ու հավելում,-«Յուրաքանչյուր աղջիկ, որը կհաղթահարի այս մրցույթի նախընտրական փուլն, արդեն հաղթող կլինի, որովհետեւ մենք նրանց համար նաեւ հետաքրքիր կրթական ծրագրեր ենք մտածել: Նրանք կսովորեն ոչ միայն գեղեցիկ քայլել, այլեւ ճիշտ խոսել եւ ճիշտ ներկայանալ հանրությանը»:

Թե ովքեր են լինելու ժյուրիի կազմում, դեռ հստակ որոշված չէ. Մամիկոն Դանիելյանի խոսքով` պայմանավորվածություններ ունեցել են միջազգային մասնագետների հետ, սակայն նրանց` Հայաստան ժամանելը կախված կլինի միայն իրավիճակից: Այնուամնայնիվ, մրցույթի կազմակերպիչները ցանկացած պարագայում ունեն մտածված սցենար, եւ ինչպես նշում են` փորձելու են հաշվի առնել նաեւ հանրության կարծիքը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Մամիկոն Դանիելյանի ու Աննա Դեմիրխանյանի ֆեյսբուքյան էջերից



© NEWS.am STYLE