Դիզայներից մինչեւ անասնաբույժ ու դերասանուհի. «Միսս Տիեզերք Արմենիա» Դայանա Դավթյանը՝ համալսարանն ավարտելու եւ ուսումը շարունակելու մասին

15:05   5 հունիսի, 2020

«Միսս Տիեզերք Արմենիա 2019» տիտղոսակիր Դայանա Դավթյանը համալրել է այս տարվա «արտակարգ» շրջանավարտների շարքը: Մոդելն ավարտել է ուսումը Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, որտեղ մասնագիտանում էր՝ որպես դիզայներ, բայց ինչպես այս տարվա մյուս շրջանավարտները՝ չի կարողացել ավարտական օրը նշել հատուկ խնջույքով: NEWS.am STYLE-ի հետ զրույցում, սակայն, Դայանան նշեց, որ ավարտելու կապակցությամբ անակնկալների պակաս չի ունեցել:

«Անկեղծ ասած՝ շատ էի սպասում դիպլոմային պաշտպանության օրվան: Առհասարակ, սիրում եմ կարեւոր միջոցառումներ, եւ երբ ինձ շնորհավորում են: Սակայն միեւնույն է՝ իմ հարազատներն ինձ համար տոն դարձրին այդ օրը: Նվերներն ու շնորհավորանքներն անպակաս են»,-ասում է մոդելը՝ հավելելով, որ, միգուցե, ավարտական միջոցառումը փոքր-ինչ ուշացումով նշեն.

«Ճիշտն ասած՝ մեր կուրսում շատ տարբեր բնույթի մարդիկ էին սովորում եւ, երեւի, այդ պատճառով միասնական կուրս չենք եղել: Բայց կարծում եմ՝ դիպլոմը ստանալուց հետո կկազմակերպվի ինչ-որ մի բան»:

Հիշելով անցած 4 տարիները՝ Դայանան խոստովանում է.

«Չեմ կարող ասել, որ միշտ գերազանցիկ եմ եղել, ստացել եմ շատ տարբեր գնահատականներ: Սակայն երկրորդ կուրսում բարձր գնահատականներով մոտ 130 հոգուց ստացա 8 անվճար տեղերից մեկը»:

Գեղեցկության մրցույթի տիտղոսակիրը նշում է, որ ուսումը կշարունակի իր մասնագիտությամբ, թեեւ խոստովանում, որ այս շրջանում շատ ուրիշ հետաքրքրություններ էլ ունի.

«Հոգուս խորքում մինչ այսօր էլ երազում եմ մի քանի մասնագիտություն ունենալ` սկսած դիզայներից մինչեւ հոգեբույժ, անասնաբույժ, կամ դերասանուհի: Ինքս էլ եմ գիտակցում, թե որքան տարբեր են այդ ոլորտները, բայց ինչ արած՝ երազանքը երազանք է: Հաճախ եմ ափսոսում, որ մեկ մարդու համար դժվար է միաժամանակ լիարժեք մի քանի մասանգիտություն ունենալ: Այնուամենայնիվ, հասկանում եմ, որ գերադասելի է ունենալ մեկ մասնագիտություն եւ լինել այդ ոլորտում առաջիններից: Ըստ այդմ՝ կշարունակեմ մագիստրոսի ուսումս նույն մասնագիտությամբ, սակայն թե որ բուհում, դեռ չեմ որոշել»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Դայանա Դավթյանի ֆեյսբուքյան էջից, Gosh Sargsyan Photography



© NEWS.am STYLE