Jazz Parking նախագծի ղեկավար Անժելիկա Ալֆերովա-Հարությունյանը՝ Հայաստանում արկածների մասին

22:28   19 օգոստոսի, 2013

Հայաստանի հանդեպ պրոդյուսեր եւ երգչուհի Անժելիկա Ալֆերովա-Հարությունյանի անսահման սիրո մասին հայտնի է ոչ միայն նրա հարազատներին եւ մտերիմներին: Մեր երկիրն ընկալել այնպես, ինչպես նա, ոչ բոլորն են կարող: «Հայաստանն իմն է: Չեմ կարող ոչինչ առանձնացնել: Ինձ նյարդայնացնում է, երբ մարդիկ, ովքեր խառն ազգություն ունեն, ինձ ասում են. «Դու նստիր Ռուսաստանում, դու հայուհի չես»: Իսկ ես նույնիսկ վիրավորվում եմ, երբ ինձ ասում են, որ ռուս եմ»,- NEWS.am STYLE-ի թղթակցի հետ նախորդ զրույցի ընթացքում պատմել էր Անժելիկան:

 

Պարզվում է՝ Հայաստանի հետ բաժանումը նույնպես երգչուհին երկար տանել չի կարողացել եւ մի քանի ամիս անց վերադարձել է: Բայց եթե նախորդ այցելության ընթացքում ժամանակը քիչ էր, ապա այս անգամ այն բավարար էր՝ հիշարժան վայրերում շրջելու եւ Ստեփանավանում պապենական տունը գտնելու համար: Բայց ամեն ինչի մասին՝ հերթականությամբ:

Անժելիկա, Դուք բոլորովին վերջերս էիք Երեւանում: Ի՞նչ է փոխվել այս ընթացքում:

Այս անգամ ամուսնուս՝ Եւգենիի հետ եմ եկել: Եւ նա նույնպես անչափ հավանել է քաղաքը: Իսկ Երեւանը նույնքան հիասքանչ է: Եվ յուրաքանչյուր անգամ ժամանելիս այն ինձ ավելի հարազատ ու սիրելի է դառնում:

Ինչպես եւ Հայաստա՞նը:

Այո, ինձ համար այն նման է անընդհատ բացվող քաջվարդի կոկոնի, որը հիասքանչ նուրբ գույն եւ կախարդական բույր է արձակում: Հայաստանն ինձ համար իմ ժառանգական ազատության խորհրդանիշն է, երկիր, որտեղ ես ինձ զգում եմ՝ ինչպես ձուկը ջրում: Այն իմ տարերքն է:

 

Դուք եղել եք Ստեփանավանում, գտել Ձեր ընտանիքի տունը: Կմանրամասնե՞ք:

Ես ծնվել եւ մեծացել եմ Ռուսաստանում, իսկ Ստեփանավանի տանը ծնվել են իմ հայրն ու եղբայրը: Այդ տուն է, որտեղ իմ ծնողները 5 տարի ապրել են, տուն, որտեղ ամբողջ կյանքում ապրել են իմ տատն ու պապը: Ես միայն հասցեն ունեի: Փողոցը, փառք Աստծո, չեն անվանափոխել, եւ ես մեր տունը գտա Չայկովսկու փողոցում: Այն չէր փոփվել այն ժամանակներից, երբ վերջին անգամ եղել էի այնտեղ՝ 32 տարի առաջ:

 

Իմ հարեւանուհին, ով դայակություն էր անում ինձ, անունով կանչեց: Ինչպե՞ս կարող էր ինձ ճանաչել: Ես բացականչեցի՝ Ժենյա մորաքույր, եւ մենք գրկախառնվեցինք: Նա բարձրահասակ, գեղեցիկ կին է՝ երկնագույն աչքերով, եւ մնացել էր նույնքան վառ կին, որքան 30 տարի առաջ: Ես նրա մեջ անմիջապես ճանաչեցի ե՛ւ իմ հարեւանուհուն, ե՛ւ իմ դայակին: Նույն դարպասը, նույն սանդուղքն ու մեր խնձորենին, որն արդեն շատ ծեր է, բայց ամուր արմատներ ունի:

 

Ես երջանիկ եմ, եւ հիմա շատ եմ ցանկանում վերադարձնել մեր տունը: Կսպասեմ հարմար պահի:

Իսկ ուրիշ որտե՞ղ եք հասցրել լինել:

Սեւանում, Սուրբ Գայանե եկեղեցում, Գոռ եւ Վարսա Սուջյանների հիասքանչ հարսանիքին, եւ իմ սիրելի Կասկադում: Մորաքրոջս, քեռուս եւ եղբորս տանը:

 

Ինչպե՞ս են ընթանում հայերենի դասերը:

Առայժմ դանդաղ, քանի որ գրեթե ամբողջ ժամանակս դստերս եմ նվիրում: Բայց փորձում եմ:

Ի՞նչ չեք հասցրել Հայաստանում անել, որն անպայման կցանկանայիք:

Վերադարձնել պապենական տունս: Եվ շարունակել Jazz Parking Yerevan-ը, քանի որ Հայաստանում մեծ թվով հրաշալի երաժիշտներ ու երգիչներ կան: Մենք պատրաստ ենք, հիմա հերթը Հայաստանինն է:

Իսկ Jazz-Parking-ը մոտ ապագայում ի՞նչ ծրագրեր ունի:

Նապոլեոնական:

Սեպտեմբերին Երեւանում ելույթ են ունենալու Մերաբովները: Համերգին մասնակցելու եք՝ Jazz-Parking-ի անդամներին աջակցելու նպատակով:

Կարծում եմ՝ այո: Ծրագրում եմ:

Ժողովրդին ասելու բան ունե՞ք:

Մի' հեռացեք Հայաստանից: Պահպանեք եւ սեր ստեղծեք ձեր Հայրենիքի հանդեպ: Այստեղ կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ կա:

Զրուցեց Մարինա Ադուլյանը



© NEWS.am STYLE