Իմ պատմությունը. «Ես 30 տարեկան եմ, բայց խաբվեցի անփորձ աղջնակի պես»

22:15   20 օգոստոսի, 2013

NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:

Կայքի խմբագրությունը հիշեցնում է, որ այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը [email protected] հասցեով (կարելի է նաեւ լուսանկարներով), իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում՝ ցանկության դեպքում պահպանելով անանունությունը: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:

«Մեկ տարի առաջ էր, երբ սոցիալական ցանցերից մեկում զրույցի բռնվեցի մի համակրելի անձնավորության հետ: Բայց քանի որ լուրջ չէի վերաբերվում նման ծանոթություններին, աշխատեցի սահմանափակվել միայն զրույցով: Երիտասարդը հասկանալով, որ հանդիպման հույս չի կարող ունենալ, ներողություն խնդրեց եւ դադարեց գրել:

Չգիտեմ, ճակատագրի հեգնա՞նք էր, թե՞ պատահականություն, բայց մեկ ամիս անց պատահաբար հանդիպեցինք փողոցում: Երկուսս էլ զարմացած էինք, քանի որ միմյանց չէինք ասել, թե որտեղ ենք ապրում: Բայց պարզվեց, որ իրար շատ մոտ ենք ապրել ու երբեք չենք հանդիպել:

Սկսեցինք խոսել, հանդիպել… Ես ամուսնալուծված էի: Նա ասաց, որ նույնպես ամուսնալուծված է, երեխա ունի եւ ցանկանում է մնացած կյանքն իմ կողքին լինել, որ խենթի պես սիրում է ինձ: Ես զգում էի այդ, քանի որ գրեթե ամբողջ օրը մեր բակում էր անցկացնում, որպեսզի գոնե հեռվից տեսնի ինձ, թեկուզ պատուհանից:  

Երջանկությունս, սակայն, շատ կարճ տեւեց: Ճիշտ է, մենք մի քաղաքում էինք ապրում, բայց ես չէի փորձել անգամ պարզել նրա բաժանման պատճառը, քանի որ կուրորեն հավատում էի: Իսկ մի օր կեսգիշերին նա ինձ հետ խոսելուց հետո մոռացել էր անջատել հեռախոսը, եւ ես ձայներ լսեցի ու հասկացա, որ նա մենակ չէ. կողքին կին կար: Ի զարմանս ինձ՝ այդ նրա կինն էր, իսկ ես 5 ամիս շարունակ չէի կասկածում նրա գոյության մասին: Նա ամուսնացած էր եւ ուներ ոչ թե մեկ, այլ 3 երեխա:

Հետո պատճառաբանեց, որ ստել է, քանի որ ցանկանում էր, որ իր կողքին լինեմ. գիտեր, որ սիրուհու կարգավիճակում չեմ կարող լինել: Նաեւ ասաց, որ կնոջ հետ ապրում է հանուն երեխաների, որ ամուսիններ չեն այլեւս: Բայց… Ես նրանից հրաժարվեցի, բայց գիտեմ, որ սիրում ենք իրար: Իմ երազանքները փշրվեցին մեկ րոպեի ընթացքում, նրա ստի հետ միասին:

Ես խնդրեցի չհրապարակել անունս: Շնորհակալություն: Պարզապես կցանկանայի լսել կարծիքներ, արդյո՞ք ճիշտ եմ վարվում՝ կորցնելով իրական սերս: Բայց ես չեմ ցանկանում սիրուհի լինել, իսկ նա չի կարող թողնել իր ընտանիքը»:



© NEWS.am STYLE