«Ինձ հարմար չէ հարմարավետությունը». 8 ոգեշնչող մեջբերում Քանյե Ուեսթից, որն այսօր նշում է 43-ամյակը

18:07   8 հունիսի, 2020

«Հայ փեսա»՝ շատերը հումորով հենց այսպես են անվանում աշխարհահռչակ ռեփեր, «Գրեմմիի» դափնեկիր ու Քիմ Քարդաշյանի սիրելի ամուսին Քանյե Ուեսթին, որն այսօր՝ հունիսի 8-ին, նշում է ծննդյան 43-ամյակը:

Երաժշտական կարիերան Ուեսթը վաղ տարիքից է սկսել՝ 1990-ից մինչեւ 2000-ականները հանդես գալով՝ որպես երաժշտական պրոդյուսեր: Կարիերայի այդ փուլում նա մասնակցել է այնպիսի արտիստների հիթերի ստեղծման գործընթացին, ինչպիսիք են՝ Jay Z-ն, Ալիշա Քիզն ու այլք:

Քանյե Ուեսթը թողել է քոլեջը՝ երաժշտությամբ զբաղվելու համար: Որպես ռեփեր՝ իր առաջին ալբոմը նա թողարկել է 2004-ին՝ The College Dropout խորագրի ներքո: Դրան հաջորդել են նրա մյուս հանրահայտ ալբոմները՝ Late Registration, Graduation, 808s & Heartbreak, My Beautiful Dark Twisted Fantasy, Watch The Throne, Yeezus, The Life of Pablo, ye, Jesus is King:

Քանյե Ուեսթը հայտնի է նաեւ իր անկեղծ ելույթներով, որոնք հաճախ սկանդալի թեմա են դառնում լրատվամիջոցներում, սակայն այսօր ներկայացնում ենք ռեփերի 8 ոգեշնչող մեկնաբանությունները կյանքի տարբեր երեւույթների մասին:

«Ես զգում եմ, որ շատ օրհնված եմ: Բայց դրա հետ մեկտեղ մեծ պատասխանատվություն է ընկած իմ ուսերին»:

«Ես հրաժարվում եմ ընդունել ուրիշ մարդկանց խորհուրդներն իմ երջանկության վերաբերյալ: Հագուստի նույն չափսը բոլորի հագով չի լինում, չէ՞: Նույնն էլ երջանկությունն է»:

«Մարդիկ միշտ շեշտում են, որ դու չես կարող գոհացնել բոլորին: Կարծում եմ՝ սա, պարզապես, արդարացում է: Իսկ ինչո՞ւ չփորձել այդպես անել: Եթե ամեն մեկի հետ շփման ժամանակ մտածես տվյալ մարդու մասին, կկարողանաս գոհացնել նրան»:

«Եթե ես որոշեի դառնալ արվեստագետ, իմ նպատակը կլիներ կամ Պիկասո դառնալը, կամ նրան գերազանցելը: Մարդիկ միշտ ծիծաղելի են համարում այն, որ քեզ համեմատում ես անցյալից մեկի հետ, եւ կարծում, որ կյանքում չպետք է անգամ մտածես, որ կարող ես նրա չափ անել: Սա մի մենթալիտետ է, որը ճնշում է հասարակությանը»:

«Եթե ինչ-որ մեկն իրեն լավ է դրսեւորում մեկ ասպարեզում, պետք չէ խոչընդոտել նրա գործունեությունը մեկ այլ ասպարեզում»:

«Ինձ համար ստեղծագործ լինելը նման է սպորտի: Ես միշտ ծիծաղում եմ իմ նկարների վրա՝ «Հե՜յ, նայիր՝ ինչ նկար է»: Մեզանից յուրաքանճյուրը ծնվել է՝ որպես արտիստ»:

«Ինձ հարմար չէ հարմարավետությունը: Ես ինձ հարմարավետ եմ զգում միայն, երբ գտնվում եմ մի վայրում, որտեղ կարող եմ աճել եւ սովորել ավելին»:

«Եթե քեզ հնարավորություն է տրվել խաղալու «կյանք» կոչվող խաղը, պետք է սովորես գնահատել դրա ամեն մի պահը: Շատերը չեն հասցնում գնահատել պահը, մինչեւ որ այն անցնում է»:

Լուսանկարները՝ GQ/Patrick Demarchelier, MediaPunch/Shutterstock



© NEWS.am STYLE