Ուիլյամն ու Քեյթը ցուցադրել են արքայազն Ջորջի առաջին պաշտոնական լուսանկարը

11:27   20 օգոստոսի, 2013

Աշխարհի ամենասպասված փոքրիկը դեռեւս մեկ ամսեկան է, սակայն արդեն հասցրել է նվաճել մոլորակի բազմաթիվ բնակիչների սրտերը: Վերջապես բոլորը տեսան արքայազն Ջորջին: Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը մասնակցել են նոր ֆոտոսեսիայի: Թագավորական ընտանիքի երկրպագուները, իհարկե, հիասթափված են. նրանք ընդամենը երկու լուսանկար են ստացել: Դրանցից մեկում Ջորջը մոր գրկում է, իսկ արքայազն Ուիլյամը կանգնած է նրանց կողքին, իսկ երկրորդ լուսանկարում նրանց է միացել նաեւ Լուպո շունը:

 

«Առաջին երեք շաբաթները ես գիշերներն անցկացնում էի երեխայի հետ, որպեսզի Քեյթը հանգստանա: Հիմա որդուս քունը կարգավորվել է: Նախկինում ինձ թվում էր, որ մարդկանց փնտրելու եւ փրկելու գործողությունը բարդ աշխատանք է, բայց երեք շաբաթ նորածին երեխայի հետ անցկացնելուց հետո արդեն կասկածում եմ…»,- ավելի վաղ պատմել էր Ուիլյամը:

Հիշեցնենք, որ Քեյթ Միդլթոնը պաշտոնապես դեկրետից կվերադառնա սեպտեմբերի 12-ին:

Լուսանկարը՝ REUTERS-ի



© NEWS.am STYLE