«Ես պարզապես կորցրի խոսելու ունակությունը». Բրայան Մեյը ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն ռոք կիթառահար

10:11   10 հունիսի, 2020

«Queen» խմբից Բրայան Մեյը «Total Guitar» պարբերականի վարկածով լավագույն դասական ռոք կիթառահարների հնգյակում առաջ է անցել Ջիմի Հենդրիքսից, հայտնում է Classic Rock-ը։

Պարբերականն ընթերցողներին խնդրել է ընտրություն կատարել տարբեր ժանրերում 170 երաժիշտների շրջանում՝ դասական ռոք, բլյուզ, հեւի մեթալ, շրեդ, ինդի, ինչպես նաեւ «լավագույնն այժմ» կատեգորիայում։

Հարցումը կատարվել է օնլայն, եւ Մեյն առաջին հորիզոնականում է հայտնվել «դասական ռոք»-ում։ Երկրորդ տեղում Ջիմի Հենդրիքսն է, նրան հաջորդում են Ջիմի Փեյջը, Էդդի վան Հալենը եւ Էրիկ Կլեպտոնը։

«Ես պարզապես կորցրի խոսելու ունակությունը։ Ինձ համար սա լիովին անսպասելի է։ Եվ ես, իհարկե, շատ զգացված եմ, որ մարդիկ ինձ այդպես են վերաբերվում։ Ես պատրանքներ չունեմ, թե կարող էի հայտնվել այդ ցանկում տեխնիկայի տեսանկյունից։ Կարծում եմ՝ այս դեպքում խոսքն այն մասին է, թե ինչպես է այն, ինչ ես արել եմ, ազդել մարդկանց վրա, եւ ինձ համար դա շատ կարեւոր է։ Ես երբեք վիրտուոզ կիթահառարի կոչման չեմ հավակնել։ Կարծում եմ՝ ամեն ինչ պայմանավորված է նրանով, որ ես փորձում եմ անկեղծ սրտով նվագել»,- տեղեկությունն այսպես է մեկնաբանել երաժիշտը։

Մեյն առաջինն է համարում Ջիմի Հենդրիքսին. «Ես երբեք չեմ դադարում սովորել նրանից։ Ինձ համար նա ինչ-որ սուպերմեն է։ Նա կարծես այլ մոլորակից լինի, կարծում եմ՝ երբեք չեմ հասկանա, թե ինչպես էր նրան հաջողվում այդպես նվագել»։

 

Աղբյուրը՝ Classic Rock

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE